Գավառի քաղաքապետն արհամարհո՞ւմ է հացառատցիներին

Գավառի քաղաքապետն արհամարհո՞ւմ է հացառատցիներին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հինգշաբթի օրը կարժանանա «հյուրեր» ընդունելու բարձր պատվին: Այս անգամ կառավարության շենքի դիմաց կհավաքվեն Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները: Նրանք գալու են պահանջելու Հացառատ թաղամասի առանձնացումը Գավառ քաղաքից, քանի որ պնդում են, թե Գավառի քաղաքապետն անբարյացակամ եւ արհամարհական վերաբերմունք ունի իրենց նկատմամբ: Հացառատ թաղամասում, որը Գավառ քաղաքին միացել է 1961 թվականին, բնակվում է 12-13 հազար մարդ:



 



«Հացառատի ջուրը հասնում է մինչեւ Սեւանի գյուղերը, բայց հացառատցին ջուր չունի: Գավառ գետից այս կողմ գտնվում է Հացառատը, եւ այնտեղի ժողովրդին համարում են գյուղացի, հենց այդպես էլ ասում են՝ «գեղացի»: Հին քաղաքապետի օրոք նման վերաբերմունք չկար»,- բողոքում են բնակիչները: Հացառատցիները համոզված են, որ իրենց թաղամասի համար ոչինչ չի արվում, չնայած միայն իրենց թաղամասի տարեկան բյուջեն կազմում է 140-150 մլն դրամ: Վերջիններս նամակով դիմել են նախագահին՝ պահանջելով առանձնացնել իրենց թաղամասը եւ դարձնել առանձին համայնք. «1703 բնակչով նամակ ենք ուղարկել նախագահին փետրվար ամսին: Դրանից հետո նամակն ուղարկել են տարածքային կառավարման նախարարություն, այնտեղից էլ ասել են, որ Գեղարքունիքի մարզպետարանը կպատասխանի: Մարզպետարանի պատասխան նամակում գրված էր՝ Հացառատ թաղամասի վրա ծախսել են 326 մլն դրամ, որից 73 մլն դրամն իբր նպատակային է, իսկ մնացած 250 մլն դրամից բացարձակ ոչինչ չկա, բոլորը լռում են: Ի՞նչ են արել այդ գումարներով»:



 



Բնակիչները տեղեկացրին նաեւ, որ Հացառատում ժամանակին գործում էին երկու մանկապարտեզ, որոնցից մեկը փակել են եւ այժմ կողոպտում քանդում են. «Հիմա դիմացի մուտքը վաճառել են ավտոսերվիսի համար: Իսկ մյուս մանկապարտեզը գտնվում է հակահիգիենիկ եւ հակասանիտարական վիճակում՝ ոչ ջուր ունի, ոչ կոյուղի: Մանկապարտեզի շինությունը խոնավության մեջ է, եւ երեխաները հաճախ են հիվանդանում: Երեխաների համար շշերով են ջուր բերում, մինչդեռ կոյուղին եւ ջուրը մանկապարտեզից 10 մետր հեռավորության վրա են գտնվում»:



 



Մարդիկ նույնիսկ սրտնեղում են, որ քաղաքապետարանում աշխատելն իրենց համար անհասանելի է, միայն այն պատճառով, որ Հացառատից են. «Նույնիսկ «Հացառատ» բառն են շրջանառությունից դուրս հանել, հիմա տարբեր փողոցի անուններ են: Առաջ ակումբ ունեինք, որը սեփականաշնորհեցին, ապա վաճառեցին»:



 



Հինգշաբթի օրը հացառատցիները հավաքվելու են կառավարության շենքի դիմաց: Նրանք նույնիսկ արդեն որոշել են, թե որ համայնքին են ցանկանում միանալ: Ապագայի լավ կանխատեսումներով՝ բնակիչների ընտրությունը կանգնել է Ծաղկաշատ կամ Գանձակ գյուղերի վրա: Նրանց հավաստմամբ, գյուղապետերն այնտեղ ավելի լավ են աշխատում, եւ ոչ ոք նրանցից չի բողոքում: Հիշեցնենք, որ Գավառի ներկայիս քաղաքապետը Գուրգեն Մարտիրոսյանն է, որը վերընտրվել է նույն պաշտոնում 3 անգամ եւ մտերիմ է մարզպետի հետ:



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ