Ոչ միայն պատգամավոր, այլեւ բանաստեղծ

Ոչ միայն  պատգամավոր,  այլեւ բանաստեղծ

Երեկ Կամերային երաժշտության տանը կայացավ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված է բանաստեղծի 25-ամյա ստեղծագործության ողջ արգասիքը: Գիրքը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրքի խմբագիրն ու առաջնորդողի հեղինակը մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսն է, ձեւավորողը՝ Սամվել Փարթամյանը: Շնորհանդեսը Կամերայինի դահլիճում էր հավաքել երկրի քաղաքական, մշակութային ողջ էլիտային՝ տարբեր հայացքների ու կողմնորոշման տեր մոտ 300 մարդու:



 



Մասնակցում էին ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ երկու փոխնախագահները, մեծ թվով ներկա եւ նախկին նախարարներ, ներկա եւ նախկին քաղաքական գործիչներ: Այստեղ էին ոչ միայն ՀՅԴ մեծ թվով ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, այլեւ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՀՇ կուսակցությունների ներկայացուցիչները: Հակոբ Մովսեսը, Ավագ Եփրեմյանը, Հրաչյա Սարուխանը, Արմեն Դավթյանը, Վիոլետ Գրիգորյանը, Տիգրան Պասկեւիչյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացրին հեղինակի պոեզիան, հորդորեցին նրան ստեղծագործել նաեւ հետագայում: Ապա գրեթե յուրաքանչյուր բանախոս մեկական բանաստեղծություն կարդաց «Ելք երկրից» գրքից:



Խոսք ասաց, գրքի տպագրման գործում ներդրում ունեցողներին շնորհակալություն հայտնեց, ապա իր բանաստեղծություններից մեկը կարդաց նաեւ հեղինակը: Իսկ թե ինչու տպագրվեց այս գիրքը, ասաց. «Այս գրքի դժվար տպագրությունն արեցի, որ բանաստեղծությամբ մի անգամ էլ առնչվեմ իմ Տերյանին, Մեծարենցին,  Թումանյանին, Չարենցին:     Ու նաեւ՝ Աշոտ Ավդալյան, Վազգեն Սարգսյան, Վրեժ Իսրայելյան, Հրաչյա Բեյլերյան, Լեւոն Խեչոյան՝ այլեւս երկրից ելած իմ գրչակից եղբայրներին»: