«ԱյլԱրտ». հանդիպում բանաստեղծ Գեւորգ Թումանյանի հետ

«ԱյլԱրտ». հանդիպում բանաստեղծ Գեւորգ Թումանյանի հետ

Մթնել էր



թարմանալու համար



տնից դուրս պիտի գայի.



մայրս ասաց զգույշ



շուն են խփում…



 



 



Բանաստեղծ Գևորգ Թումանյանի ստեղծագործություններից է, որ նրա հետ կազմակերպված հանդիպման ընթացքում կարդացին հեղինակն ու ևս չորս հոգի:



 «ԱյլԱրտ» գրական ակումբի նախաձեռնությամբ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ հանդիպում գյումրեցի բանաստեղծ Գևորգ Թումանյանի հետ: Գևորգ Թումանյանը Գյումրիից է,  հեղինակել է  «Անընդհատ անառակ որդի» /2002/, «Ճախրող Սարդ» /2008/ և «Աստվածային ժամանցներից զատ» /2012/ ժողովածուները:



Գ. Թումանյանի ստեղծագործություններից շատերում Գյումրի քաղաքն է, քաղաքի իրականությունը: Ծանր ու դժվար օրեր, հիշողություններ, որ հանգիստ չեն տալիս ապրողին - դառնալով պոեզիա: Հեղինակի ստեղծագործություններին հատուկ է հեգնանքը, ներքին հզոր դինամիկան, անսպասելիությունն ու նուրբ հումորը:



Գևորգի պոեզիայի կրակոցներից չի վրիպել անգամ «հավերժական» քաղաքապետի հավերժական կերպարը.



 



…Քաղաքապետը



վեց տեղակալ ունի



օրական



ծեծում է մեկ տեղակալի



 



յոթերորդ օրը



հանգստանում է….              /հատված «Հարցազրույց քաղաքապետի հետ» շարքից/



 



 



- Չե՞ն եղել արդյոք հնարավոր հետևանքներ՝ հաշվի առնելով, որ քաղաքապետը ճիշտ այնպիսին է, ինչպիսին նկարագրվում է բանաստեղծությունում, -հարցրին դահլիճից:



- Հրապարակումից 10 օր հետո նա այլևս քաղաքապետ չէր… Ընկերներս հումորով ասում են, որ եթե նոր քաղաքապետի մասին էլ գրեմ, նա նույնպես հրաժարական կտա,-ասաց Գ. Թումանյանը:



Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն արտահայտվեց Գևորգի «Ձոն խնձորին, որ ուտում եմ» բանաստեղծության մասին՝ մեջբերելով նաև հատված Գևորգ Թումանյանի գրքի մասին գրած իր հոդվածից՝ բնորոշելով հեղինակի գրական ընթացքը: Իսկ գրաքննադատ Հասմիկ Հակոբյանն իրավացիորեն նշեց, որ ցավոք սրտի խոսքն այսօր այլևս արժեք չունի, այն վնասազերված է:



Այդուհանդերձ, ներկաներից շատերի խոսքերով, արվեստագետն, այո, չի կարող անտարբեր ու անմասն մնալ քաղաքականությունից, քան որ այն այսպես թե այնպես մեծ ազդեցություն ունի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:



Կարդացվեցին այլ բանաստեղծություններ ևս: Պոետի և նրա գործերի շուրջ ծավալվեց բաց քննարկում:



Ընթերցումների ձևաչափը նույնպես բաց ու անկաշկանդ  էր. բանաստեղծությունները կարդացողները հանդիսատեսի հետ նույն հարթության վրա նստեցին` «ոչ թե բեմում կանգնած, այլ հանդիսատեսի հետ նույն հարթության վրա` բեմին նստած», - իր խոսքում նշեց նախաձեռնության հեղինակներից բանաստեղծ Վահե Արսենը, - «պոեզիան պետք է հնարավորինս մոտ լինի ընթերցողին»:



Նա նաև ասաց, որ գրական ակումբի հիմնական նպատակը գրական կյանքի ակտիվացումն է, ընթերցողի և գրողի միջև գոյացած անջրպետի հաղթահարումը: Եթե մերօրյա գրողներին շատերը չեն ճանաչում, դա բնավ չի նշանակում, որ այսօր պոեզիա չի ստեղծվում. - «մինչև չկարդաս, չես իմանա»,- ասաց նա:



Ավելացնենք, որ «ԱյլԱրտ»-ի կազմակերպած հանդիպումները բանաստեղծների հետ պարբերական են լինելու. նախատեսվում է հաջորդ ամիս ևս կազմակերպել հանդիպում-ընթերցում ժամանակակից մեկ այլ բանաստեղծի հետ, մուտքն, անշուշտ, ազատ է:



Նշենք, որ ի սկզբանե նման հանդիպումների համար անվճար հիմունքներով ու չգրաքննող մոտեցմամբ  տարածք գտնելը բարդ է եղել,  այս հարցում աջակցել է Ավ. Իսահակյանի անվան գրադարանը, այդուհանդերձ, նախաձեռնության հեղինակները համոզված են, որ ընթերցողի հետ հանդիպում կարելի է կազմակերպել անգամ դրսում՝ բացօթյա որևէ այգում: