Թանգարան՝ նորին գերազանցություն Հայ Բժշկության համար

Թանգարան՝ նորին գերազանցություն Հայ Բժշկության համար

Հանրահայտ է, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Մշակույթի, գիտության, արհեստների հարուստ ավանդույթների երկրում նաև բազմաթիվ թանգարաններ են գործում, որոնց գերակշիռ մասը պետական աջակցություն ունեն (ֆինանսավորվում են հարկատուների հաշվին) և պետական հաշվառման ընդգրկված հավաքածուների ամբողջության, ուսումնասիրության ու ցուցադրության պատասխանատվություն ունեն:



 



Հայաստանում գործում են նաև գերատեսչական, մասնագիտական, կուսակցական թանգարաններ, մասնավոր հավաքածուներ, որոնց բովանդակությունն ավելի յուրահատուկ է, և անհրաժեշտության դեպքում կարող են ավելի օգտակար լինել, իրենց գործունեությամբ նպաստելով մշակութային միջավայրի զարգացմանը: Բայց ի տարբերություն պետականի, մասնավոր հավաքածուները ստեղծվում ու գոյատևում են առանձին անհատների, լավագույն դեպքում՝ բարերարների ջանքերի շնորհիվ:



 



Ուշագրավ  են և օգտակար հատկապես բժշկության պատմության հավաքածուները: Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու հետևորդները հիմնական մասնագիտական գործունեությունից բացի զբաղվում են նաև մշակութային, պատմագիտական կամ գրական գործունեությամբ, բժշկության պատմությանը վերաբերող հնամենի նյութերի հավաքորդությամբ: Նրանց շնորհիվ հայ բշժշկության բազմաթիվ վկայություններ պահպանվում են մասնավոր հավաքածուներում: Բայց այդ մասին հանրությունը տեղեկացված չէ, թեև առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն միշտ պահանջված է և արդիական:



 



Բժիշկները կարող են տարիներ շարունակ իրենց վաստակի մի մասը հատկացնելով վերնիսաժից մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող որևէ հնամենի բժշկական գործիք գնել կամ սեփական մասնագիտական գրադարանը հարստացնել բազմավաստակ բժիշկների հուշերով և աշխատանքային գրառումներով, կամ բժիշկ պապից մնացած հին սարքերն ու լուսանկարները պահպանել, կարող են նաև դասախոսություններ կազմակերպել՝ ցուցադրելով իրենց պահպանած մասնագիտական արժեքները, կամ՝ թեմատիկ ցուցադրություններ կազմակերպել:



 



Բայց մշտապես ապահովել հնագիտական նյութերի պահպանությունը, կազմակերպել դրանց ուսումնասիրությունը՝ միայն անհատների ջանքերով հնարավոր չէ, մանավանդ մասնավոր հավաքածուներն ավելի արագ տեմպերով ընդլայնվելու «հատկություն ունեն»:



 



Այսօր բժիշկ Հարություն Մինասյանի հավաքածուն շուրջ 30 հազար ցուցանմուշ է ընդգրկում, որոնցից  ցուցադրվում են մոտ 5 հազարը … իր աշխատասենյակում (Երևան, Հր. Քոչարի 21, ,,Նոր Արաբկիր’’ ԱԿ, 608 սենյակ): Այդ նմուշներից յուրաքանչյուրն իր դարաշրջանի բժշկության վկան է՝ յուրովի պատմական անցյալով և արժեքավոր գործածությամբ: 



Հավաքածուն ցուցանմուշներ է պարունակում հետևյալ պատմական ժամանակաշրջանների վերաբերյալ.



Բժշկությունը նախնադարյան Հայաստանում



Բժշկությունը միջնադարյան Հայաստանում



Հայաստանի բժշկությունը 18-19 դարերում



20-րդ դարի բժշկությունը Հայաստանում և Սփյուռքում



Հայ բժշկությունն առաջին հանրապետության շրջանում՝ 1918-1920 թ.թ.



Հայ բժշկությունը Սովետական Հայաստանում՝ 1921-1991 թ.թ.



 



Հավաքածուի ցուցանմուշները դասակարգվում են հետևյալ կերպ.



 



1.Պեղածո-հնագիտական՝ Մեծամորից բերված 5-հազարամյա սափոր, Գորիսից բերված կավե սրվակներ, Արտաշատի Ջրահովիտ գյուղի մոտ հայտնաբերված մարդու 4-հազարամյա կմախք՝ գանգի ոսկրահատումով;



 



2.Երկրագիտական-ազգագրական՝ պղնձե, կավե, հախճապակյա, ապակե ամաններ, կժեր, կճուճներ, կուլաներ, կարասներ, սափորներ, սկահակներ և այլն;



 



3.Կենցաղային՝ սեղանի գրենական համալիրներ, սովետական և արտասահմանյան արտադրության հին ռադիոընդունիչներ, հեռուստացույցներ, հեռախոսներ, ժամացույցներ, պատեֆոններ, երաժշտական գործիքներ, վարսավիրական պարագաներ, արձաններ, գեղանկարներ և այլն;



 



4.Բժշկության հետ առնչվող նյութեր՝ կահկարասի, հանքային ջրերի բաժակներ, ածուխով տաքացվող հարթուկներ, մաղեր, նավթավառներ,  սնդուկներ, փայտե ոչ էլեկտրական սառնարան, երկանքներ, քարե սանդ, գուռ, աղորիք և այլն;



 



5.Բուն բժշկական նյութեր՝ սրվակներ, մետաղե, փայտե իրեր, բրոնզե, քարե հավանգներ, սարքեր, մարդկային և կենդանական պեղածո մասունքներ, նյարդաբույժի մուրճիկներ, մարմնի, ջրի, օդի ջերմաչափեր, ստետոսկոպեր, ֆոնենդոսկոպեր, ակնաբուժական, ատամնաբուժական և վիրաբուժական գործիքներ, ցենտրիֆուգա և այլն;



 



6.Գրադարան՝ 100-200 տարի առաջ տարբեր քաղաքներում տպագրված բժշկական գրքեր, Պետրոս Քալանթարյանի 1793 թ. Նոր Նախիջևանում տպագրված ,,Բժշկարան համառոտ’’ գիրքը, Մխիթար Հերացու՝ 12-րդ դարում գրված և 1832թ.Վենետիկում տպագրված ,,Ջերմանց մխիթարություն’’ գիրքը, այլ հայ և օտարազգի անվանի բժիշկների գրքեր հաճախ՝ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրությունով ու անձնական կնիքներով, հնատիպ հրատարակություններ, ձեռագիր մատյաններ, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված 100-150-տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ և այլն;



 



7.Արխիվ, ֆոտոարխիվ՝ հայ երևելի բժիշկների եզակի լուսանկարներ ու փաստաթղթեր, ձեռագիր տետրեր, հոդվածներ, անձնական արխիվներ, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին և հետագա տարիների շրջանավարտների խմբանկարներ, նյութեր սփյուռքահայ բժիշկների վերաբերյալ, հարյուրավոր հայ բժիշկների կենսագրական նյութեր, մի քանի հազար օրինակից բաղկացած ֆոտոարխիվ և այլն:



 



Հ. Մինասյանի հավաքածուի շուրջ  650 ցուցանմուշներ թվայնացվել և ներդրվել են համացանցի  www.medicalmuseum.am  կայքում: Հավաքածուի վերաբերյալ նյութեր կան հայերեն և օտարալեզու այլ կայքերում  ( www.med-practic.com, www.ru.hayazg.info , … ):  Հ. Մինասյանն օգտակար կապեր է հաստատել Ռիգայի Պաուլ Ստրադինի անվ. բժշկության պատմության թանգարան-ինստիտուտի, Մոսկվայի՝ Ա. Ի. Եվդոկիմովի անվ. պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի բժշկության պատմության ամբիոնի հետ: Արդյունքում Հ. Մինասյանի հավաքածուն ընդգրկվել է Եվրոպայի բժշկական թանգարանների կատալոգում:



Հավատացեք՝ խոսքը միայն մեկ բժշկական հավաքածուի մասին է և Հայաստանում էլի կան բժիշկներ, որ նման հավաքածուներ ունեն, սակայն Հայաստանը … չունի բժշկության թանգարան:



 



1968 թ. UNESCO-ն Երևանում մեծ շուքով նշել է միջնադարյան հայ բժիշկ, բնագետ, փիլիսոփա Մխիթար Հերացու ծննդյան 850-ամյակը: 2018 թ. լրանալու է համաշխարհային գիտության հայ մշակի ծննդյան 900-ամյակը, որը պարտավոր ենք նշել արժանավայել գործերով: Սակայն Հայաստանը չունի որևէ բժշկական հաստտություն՝ գիտամշակութային այնպիսի կենտրոն,



• որի ցուցանմուշներն այցելուներին տեսանելի կդարձնեն հայ բժշկության անցյալն ու ներկան,



• որտեղ համահավաք կերպով կպահպանվեն և կուսումնասիրվեն հայ բժշկության հարուստ պատմության իրեղեն ու գրական վկայությունները,



• որն իր գործունեությամբ կնպաստի հայ բժշկության հարուստ փորձի քարոզչությանն ու օգտագործմանը, միջազգային ճանաչմանը,



• որի միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ ազգային բժշկության երախտավորների կյանքին ու գործունեությանը, 



• որը կնպաստի սերունդների դաստիարակությանն ու կրթությանը՝ առողջ ապրելակերպի, մարդասիրության սկզբունքներին համապատասխան:



 



Հայտնի է, որ  թանգարանները եկամտաբեր չեն նույնիսկ զարգացած երկրներում: Բայց նկատի ունենալով  դրանց նշանակությունը երկրի պատմության, մշակույթի և գիտության զարգացման համար, սերունդների դաստիարակության, մասնագիտական կրթության և զբոսաշրջային գրավչության համար, հարկ է ստեղծել ու պետական աջակցությամբ զարգացնել թանգարանների ցանցը, ինչպես և արվում է բազմաթիվ երկրներում:



 



Գիտակցելով կարևորությունը՝ բժշկության թանգարաններ են հիմնադրվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Դրանցից օրինակելի են Փարիզի, Վիեննայի, Բեռլինի, Լոնդոնի, Բուդապեշտի բժշկության թանգարանները, որոնք իրենց երկրների այցեքարտն են համարվում: Բժշկության հոյակերտ թանգարաններ են գործում նախկին ԽՍՀՄ համարյա բոլոր հանրապետություններում, նաև՝ Վրաստանում և Ադրբեջանում, բայց ՈՉ՝ Հայաստանում: Թեև hայ բժշկության թանգարանի հիմնադրման աշխատանքները Հայաստանում սկսվել են դեռևս 1984 թվականից:



 



Բժիշկների բազմամյա ջանքերի շնորհիվ այսօր մենք ունենք բարձրարժեք նաև յուրահատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող բազմաբովանդակ բժշկական հավաքածուներ, որոնք հարկ է միավորել մեկ ընդհանուր տարածքում և հիմնադրել Հայ բժշկության թանգարան (համառոտ՝ ՀԲԹ):



 



Հայ Բժշկության Թանգարան հիմնադրելով Հայաստանում հնարավոր կլինի պահպանել, ուսումնասիրել, ցուցադրել և սերունդներին փոխանցել հայ բժշկության պատմական անցյալի վկայությունները, ինչպես նաև՝ արժանավայել գործերով նշանավորել բժշկության զարգացմանը նպաստող հայ բժիշկների հոբելյանները:



ՀԲԹ բազմաբովանդակ գիտական, տեղեկատու և պահանջված նյութերի շնորհիվ հնարավոր է՝



 



1.գիտահետազոտական աշխատանքներ, ուոսումնասիրություններ կատարել, գիտական թեզեր և ատենախոսություններ պաշտպանել՝ հայ բժշկության պատմության վերաբերյալ;



 



2.կազմակերպել գիտաժողովներ, հրատարակել գիտական ժողովածուներ, մենագրություններ, պարբերականներ ու հոդվածներ;



 



3.կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրներումգործող նման կենտրոնների հետ, օգտվելնրանց փորձից և նրանց հաղորդակից դարձնել մեր փորձին;



 



4.մշտական խորհրդատվությամբ օգնել ինչպես բժշկության պատմությամբ հետաքրքրվող բժիշկներին, այնպես էլ՝մասնագիտական տարբեր խմբերին, ուսանողներին, հանրությանը;



 



5. ինչպես նաև՝ շարունակել փրկել, պահպանել և ուսումնասիրել անցյալի հայ բժշկությունը նորանոր արժեքներով:



 



Համագործակցելով Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի, բժշկական հետազոտական և գիտաուսումնական այլ հաստատությունների հետ, Հայաստանում և արտերկրում գործող մշակութային օջախների, ինչպես նաև՝ բժշկագիտական, առողջապահական կենտրոնների հետ, ՀԲԹ կհարստացնի Հայաստանի, հատկապես՝ Երևանի մշակութային մթնոլորտը՝ հայ ավանդական մտքի, բժշկագիտական բնույթի յուրահատուկ ու բազմակողմանի օգտակար գործունեությամբ:



 



Վստահ ենք, որ օգտակարության շնորհիվ հիմնադրման առաջին իսկ օրվանից ՀԲԹ իր մշտական այցելուները կունենա.



• Թանգարան հաճախելով և անցյալի բժշկության փաստերը շոշափելի ուսումնասիրելով՝ դպրոցականները կկարողանան ճիշտ որոշում կայացնել ամենամարդասիրական մասնագիտությանը նվիրվելու հարցում, իսկ



• բժիշկ-ուսանողները հնարավորություն կունենան պատկերացում կազմել անցյալի բժշկական գործիքների վերաբերյալ, որոնք հենց բժիշկներն են իրենց ձեռքերով պատրաստել (ստիպված ենք նշել, որ այսօր բժշկի դիպլոմ ստացողներից ոմանք գաղափար չունեն ոչ հեռու անցյալի բազմակի օգտագործման ներարկիչների և ավտոկլավների մասին, շատերն էլ կարծում են, թե իրենք են հայ բժշկություն հիմնադրելու): Ուստի շոշափելի փաստերով ՀԲԹ կօգնի ուսանողների ճանաչողության ընդլայնմանը, ինքնագիտակցության բարձրացմանը:



 



• Այսօր Հայաստանում փորձառու բժիշկներ կան, որոնց մասնագիտական հաջողությունները հայտնի են նաև արտերկրում, բայց նրանց պակասում է հպարտությունն անցյալի բեղմնավոր պատմության համար: Իսկ ՀԲԹ միջոցով նրանք հնարավորություն կունենան իրենց օտարերկրյա կոլեգաներին ծանոթացնել հայ բժշկության անցյալի նվաճումներին:



 



• Ծանոթանալով անցյալի բժշկության փաստերին ու հնարավորություններին՝ հիվանդ մարդիկ հավատով ու հույսով ներշնչված հենց իրենք կօգնեն իրենց բուժմանը,



 



• իսկ օտար երկրում առանձնահատուկ հետաքրքրություններ փնտրող զբոսաշրջիկներն ակամա մեր բժշկության ,,գովազդային գործակալները կդառնան’’ այլ երկրներում քարոզելով հայ բժշկության պատմական ձեռքբերումները:



 



Սակայն ՀԲԹ հիմնադրման համար հրատապ խնդիր է … թանգարանային գործունեությանը համապատասխան տարածքի բացակայությունը:



 



Բազմատեսակ, բազմաթիվ և յուրահատուկ ցուցանմուշների պահպանման, մշտական և թեմատիկ ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև՝ ուսումնասիրման համար հարկ է առնվազն  500 մ2  տարածք, որի առկայության դեպքում կարող ենք մեր ջանքերով շարունակել վերանորոգման, թանգարանային գույքի ձեռք բերման, ցուցանմուշների պահպանման, ֆոնդերի լրացման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպել այցելությունների, գիտական ուսումնասիրությունների և հրատարակություների, միջազգային համագործակցության կայացման աշխատանքները: Այդ ամենի համար պահանջվող մշտական ֆինանսավորումը մենք մեր խնդիրն ենք համարում, ոչ թե՝ պետության (սոցիալ-էկոլոգիական ասոցիացիան ինքնաբավ հանրաին կառույց է, և անկախ ամեն ինչից, մենք արդեն սկսել ենք ՀԲԹ հիմնադրման գործընթացը):



 



Ուստի գիտակցելով խնդրի հրատապ կարևորությունը՝ 2014թ. մարտի 7-ին դիմել ենք Հայաստանի նախագահին, վարչապետին, մշակույթի նախարարին և Երևանի քաղաքապետին՝ խնդրելով աջակցել ՀԲԹ հիմնադրմանը՝ միայն տարածք հատկացնելով:



 



ՀՀ նախագահ՝ Ս.Սարգսյանի գրասենյակից թիվ 295 հանձնարարականով մեր նամակը ներկայացվել է առողջապահության նախարարին, իսկ ՀՀ վարչապետի գրասենյակից թիվ 094/6234 գրությունը հաձնարարել են առողջապահության ու մշակույթի նախարարներին:



 



Արդյունքում ստացել ենք ՀՀ առողջապահության և մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի դրական արձագանքները, բայց՝ առանց տարածքի հատկացման: Իրականում թղթի վրա կա 3 էջանոց դրական վերաբերմունք, որը որևէ կերպ հնարավոր չէ վերածել ՀԲԹ-ին անհրաժեշտ տարածքի:



 



Սակայն առկա է բարձր ռիսկ, որ այս առանձնահատուկ, բարձրարժեք ու պահանջված բժշկական հավաքածուները պարզապես կանհետանան, կամ ՝ կհարստացնեն օտարի պատմությունը, կծառայեն օտար մշակույթի, օտար գիտության զարգացմանը:



 



Հարկ եմ համարում ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում աջակցել խնդրի կարգավորմանը: Իսկ ՀԲԹ տարածքի վերաբերյալ մենք կարող ենք տարբեր ընդունելի առաջարկներ ներկայացնել:



 



Ուստի հարկ է հրավիրել այս նախաձեռնության հեղինակներին և, քննարկելով բոլոր հնարավոր տարբերակները, հստակ պարտավորություններով ամրագրված որոշում կայացնել: Իսկ մենք պատրաստակամ ջանքեր կգործադրենք, որ ՀԲԹ-ը ծավալվի Ձեր հատկացրած տարածքում՝ հօգոտ մարդկանց առողջության, հանուն առողջ բարեկեցության:



 



Հավատացնում եմ հսկայական դրական ներգործություն կլինի ցանկացած պաշտոնյայի առողջության համար, ով որևէ կերպ կաջակցի Հայ բժշկության թանգարանին տարածքի հատկացմանը:



 



Հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել նաև ՀԲԹ հիմնադրման հայեցակարգը:



 



Սրբուհի Հարությունյան



 



Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա ՀԿ նախագահ