Մառախուղի միջով շարժվողը․ Արման Նավասարդյանի դիվանագիտական հինգ դասերը

Մառախուղի միջով շարժվողը․ Արման Նավասարդյանի դիվանագիտական հինգ դասերը

Գրական-դիվանագիտական էսսեների շարքից



Հարավսլավացի գրող Իվո Անդրիչը, ով մոտ 20 տարի եղել է դիվանագիտական ծառայության մեջ, իր մի էսսեում, որ վերջերս է անգլերեն հրապարակվել, նկարագրելով դիվանագետին և դիվանագիտական ծառայությունը, գրում է․ «Ինձ թվում է՝ ցանկացած երկրի դիվանագիտական ծառայության մեջ ավելի մեծ թվով «ձախողված մարդիկ» կան, քան ցանկացած այլ մասնագիտության մեջ, մարդիկ, ովքեր մտել են սխալ դռնով, և չկա մեկը, ով նրանց կուղեկցի դուրս, և հենց իրենք՝ դիվանագետներն էլ չեն կարողանում գտնել ելքն ու դուրս գալ»։



Այս տարի լրացավ Հայաստանի ամենափորձառու և հաջողակ դիվանագետներից մեկի՝ Արման Նավասարդյանի 75-ամյակը, ինչի առիթով սրտանց շնորհավորում ենք։ Արտակարգ և լիազոր դեսպանի, դիվանագիտության մասին մի շարք կարևոր գրքերի («Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշար, «Դիվանագիտություն») հեղինակի հետ իմ զրույցը տեղի ունեցավ Երևանի Փարիզյան սրճարանում, զրույց, որից առանձնացրի հետևյալ պատառիկները՝ Արման Նավասարդյանի դիվանագիտական հինգ դասերի տեսքով․



Դիվանագիտություն և անհատական մոտեցում



«Դիվանագիտությունը տարբերվում է մյուս գիտելիքներից և արվեստներից, որովհետև մի բնագավառ է, որ պահանջում է անհատական մոտեցում և անհատական ուսուցում, ինչպես ռուսերեն են ասում` «штучная работа»: Հիմա դե պատկերացրեք, Հայաստանում 40-50 հոգու նստեցնում են և սովորեցնում դիվանագիտություն։ Լավագույն դեպքում դա լրացվում է պարզապես պատմությամբ, ուրիշ ոչ մի բան, գոնե դիվանագիտության պատմություն լիներ, բայց դա էլ չկա, հիմա ես դրա դեմն եմ փորձում առնել։ Կարծում եմ՝ եթե հնարավոր լինի տարեկան 4-6 դիվանագետ պատրաստել, մեծ բան կլինի, իսկ քանի որ այս գործը մեզ մոտ դրված է ռելսերի վրա, այնքան դիվանագետ են պատրաստում, որ եթե անգամ Ալյասկայում էլ դեսպանություն բացենք, էլի անգործություն կլինի»:



Դիվանագիտությունը որպես գրելու արհեստ



«Գրելն ամենակարևորն է դիվանագիտության մեջ, քանի որ քաղաքականության և դիվանագիտության մեջ առաջին հերթին պահանջվում է գրել կարողանալ։ Խորհրդային ԱԳՆ-ն անում էր հնարավորը՝ այդ սկզբունքը պահպանելու և հղկելու համար: Երբ կադրերի վարչությունը դեսպանին ներկայացնում էր այս կամ այն դիվանագետի թեկնածությունը, առաջին հարցը, որ տրվում էր, հետևյալն էր. ‹‹А он пишущий?››:



Դիվանագիտություն՝ ամեն տեղ



 «Դիվանագիտությունն արվեստ է, որ առնչվում կյանքի բոլոր երևույթների հետ։ Նախ՝ միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը, մեկ ամբողջություն լինելով, տարբեր բաներ են: Բոլորը համաձայն են մի կետի հետ, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Հետևաբար, տրամաբանական շղթա է գալիս` եթե դիվանագիտությունն արտաքին քաղաքականության գործիքն է, իսկ արտաքին քաղաքականությունն էլ՝ ներքին քաղաքականության շարունակությունը, ուրեմն՝ երկրի բոլոր խնդիրներն անմիջականորեն առնչվում են դիվանագիտությանը: Այս կապը, դժբախտաբար, մեր դիվանագիտական դպրոցը չի կարողանում ընկալել:



Երբ Հայաստանում ասում են դիվանագիտություն, հասկանում են Ղարաբաղ, հայ-թուրքական հարաբերություններ և Եղեռնի ճանաչում, այս երեքը: Բայց սա վնասակար է: Եթե դիվանագիտությունը չի օգնում այս կամ այն հանքային ջուրը Հայաստան բերելուն կամ արտահանելուն, ապա ես համարում եմ, որ այդ դիվանագիտությունը ստերջ է: Եթե դիվանագիտությունը չի օգնում առևտրին, գիտությանը, մշակույթին, նոր տեխնոլոգիաներին, ֆինանսներին, ռազմական ուժերին, հետախուզությանը, եթե այս բոլորի մեջ չկա, ուրեմն դիվանագիտություն չկա:



Ամերիկյան դիվանագիտական ծառայության 25%-ն ուղղված է արտասահմանում մասնավոր բիզնեսի շահերը պաշտպանելուն: Դուք մեր օլիգարխներից մեկին հարցրեք` արդյոք որևէ բան մեր Արտաքին գործերի նախարարությունն իրենց համար արե՞լ է, կասեն` ոչ»:



Մշակութային դիվանագիտություն



«Դիվանագիտության մեջ կա մի ուղղություն, որ կոչվում է մշակութային դիվանագիտություն, որն իմ կարծիքով ունի արտակարգ կարևոր նշանակություն դիվանագիտության զարգացման մեջ: Դա հոյակապ օգտագործում էին երկու դիվանագիտական դպրոց` ռուսականը և ֆրանսիականը:



Իմիջիայլոց, մենք ունեցել ենք շատ տաղանդավոր մի դիվանագետ, ով վերջերս մահացավ՝ Վանիկ Հովհաննիսյան։ Նա Ռուսաստանում էր, հետո եկավ Հայաստան։ Դժբախտաբար, մեր ԱԳՆ-ն չհասկացավ այդ մարդու նշանակությունը, նա իր ամբողջ կյանքը նվիրել էր մշակութային հարաբերությունների զարգացմանը. սա մի մեծ արվեստ է` ինչպիսի փաստաթղթեր կազմել, ոնց կազմել՝ միջազգային իրավունքի կողմերը օգտագործելով: Եթե մշակութային դիվանագիտությունը հաջողությամբ կիրառվի, կարող է ամենամեծ օգուտները բերել երկրին»:



Հանրային դիվանագիտություն



«Ռուսաստանում «Ռուսաստանյան դիվանագետների ասոցացիա» կա, նախագահը հայազգի Պողոս Ակոպովն է: Անունն է հասարակական կազմակերպություն, բայց դրա միջոցով նրանք իրագործում են այն քաղաքականությունը, որ Արտաքին գործերի նախարարությունը չի կարողանում, սրա մեջ կա և´ մշակույթ, և´ ինֆորմացիա, և´ քարոզչություն։ Դա հանրային դիվանագիտություն է, մի գանձ, որ ակտիվորեն օգտագործվում է բոլոր դիվանագիտական ծառայությունների կողմից, դժբախտաբար, հայկական դիվանագիտությունը իր դարպասները փակել է դրա համար, և ես կարծում եմ, որ եթե վրիպումներ են լինում, դրա պատճառներից մեկն էլ հենց հանրային դիվանագիտության բացակայությունն է: Իմիջիայլոց, ժողովրդական կամ հանրային դիվանագիտության լավագույն ներկայացուցիչներից մեկը մեր հայրենակից Էդվարդ Ջերեջյանն է, ով գործող դիվանագետ էր` դեսպան էր Սիրիայում, հետո` Թել Ավիվում, և հետո դարձավ Բեյքերի ստրատեգիական կենտրոնի տնօրենը»:



Հ․Գ․ Դիվանագիտության մասին իր տեքստում Իվո Անդրիչը շարունակում է․ «Մի խոսքով, դիվանագետը պետք է լինի որոշակի տեսակի մարդ՝ առանց այդպիսին երևալու, բայց միշտ և ամեն ինչում թողնելով սովորական մարդու տպավորություն։



․․․Այս ծառայության մեջ, որն ավելի միօրինակ և կոշտ է, քան ցանկացած ուրիշը, հաստատուն և որոշակի ոչինչ չկա։ Մարդը կարծես շարժվում է մառախուղի միջով, որտեղ պարբերաբար առկայծող լույսն ավելի շատ մոլորեցնում է և խաբում աչքերին, քան ցույց տալիս ճանապարհը և թողնում մարդուն գտնել իր ուղին»։



Սեդա Շեկոյան