ԱԺ-ն՝ այլեւս քաղաքական դամբարան

ԱԺ-ն՝ այլեւս  քաղաքական դամբարան

Հովիկ Աբրահամյանի վարչապետ կարգվելուց հետո Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն արդեն տաղտկալի բան է դարձել: Մեկուկես ժամ անիմաստ խոսքուզրույց: Անգամ կառավարության ծրագիրը, որը բոլոր ժամանակներում շիկացնում էր մթնոլորտը, ի զորու չեղավ երեկ աշխուժացնել կառավարության հետ հարցուպատասխանը: Իսկ ծրագրի քննարկումը թեժացրեց միայն Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսությունը: Մյուս բոլոր դեպքերում պատգամավորներ-նախարարներ հարաբերությունները կոնստրուկտիվ էին՝ փոխադարձ հարգանքի, կոնսենսուսի ջերմ մթնոլորտում: Ոչ մի ճղճղոց, ոչ մի քննադատություն:



 



Արմատական ընդդիմությունից դահլիճում էր միայն Գագիկ Ջհանգիրյանը,  Դաշնակցությունից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Թեւան Պողոսյանը եւ Արգամիչի ջերմ երկրպագու ԲՀԿ-ականները, որոնք հիմնականում մասսովկայի եւ մի քանի համաձայնեցված հարցեր հնչեցնելու նպատակով էին այնտեղ: Երբեմնի հարցախեղդներ Տիգրան Ուրիխանյանն ու Մարտուն Գրիգորյանը անշառ հարցադրումներ էին պատրաստել, որոնք հնչեցրին գլուխները կախ, ցածրաձայն՝ հայկական ավանդական նորահարսների կեցվածքով: Անգամ Տիգրան Սարգսյանից ժառանգություն մնացած որոշ նախարարների ներկայությունը ԲՀԿ-ականներին հունից չհանեց ու ագրեսիվ չդարձրեց:



 



Դահլիճի «մտահոգ» ֆրոնտը ՀՀԿ-ականներն ու «ընդդիմադիր» ՕԵԿ-ականներն էին, որոնք միալար հնչեցնում էին նախապես պատվիրված հարցեր՝ նպաստելով որոշ նախարարների ու պատգամավորների խորը քուն մտնելուն: Պարբերաբար այս կամ այն նախարարի աչքը կպնում էր, եւ կողքին նստողը, երբ նկատում էր, որ դեպի քնածն են ուղղվել լրագրողական ֆոտոապարատների օբյեկտիվները, բզում էր, որ արթնանա: Իսկ Հովիկ Աբրահամյանը վայելում էր ԱԺ-ում հաստատված անդորրը, անտարբեր, ծիծաղկուն դեմքով հայացք էր նետում այսուայն կողմ: Գոհ էին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք  այս խաղաղությունը համարում են իրենց ձեռքբերումը:



Էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը,  համեմատելով ոչ վաղ անցյալում նույն դահլիճում իշխանություն-ընդդիմություն փոխհրաձգությունները, եզրահանգեց, որ պարզապես ամեն ինչ ավելի քաղաքավարի, ավելի կառուցողական մթնոլորտում է ընթանում, ինչն առաջընթաց է: «Ասեմ՝ ինչով է պայմանավորված, որովհետեւ ծրագիրը կազմելիս մենք վերլուծել ենք բոլոր խմբակցությունների, անհատների ու կուսակցությունների առաջարկները, ու այն գաղափարները, որոնք համադրելի են եղել ընդհանուր ծրագրի հետ, ընդգրկել ենք, այսինքն, այն բոլոր մտքերի համադրումն է, որոնք նույն հունով գնում էին մեր ծրագրի հետ:



Երեւի դրա համար իրենք իրենց հարցերի պատասխանները տեսնում են: Ամեն դեպքում, խաղաղությունը բոլորի համար լավ է»,-ասաց Ճշմարիտյանը, թեեւ չի կարծում, որ խաղաղությունը 100 տոկոսանոց է՝ կա մտքերի փոխանակություն. «Չեմ կարծում, որ քաղաքական հակառակորդները պատերազմ ու խաղաղություն պիտի խաղան, դա ճիշտ չէ: Կարծում եմ՝ կարծիքների բախում պիտի լինի: Ես կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո ընդդիմությունն ավելի կառուցողական է,  քիչ կառուցողական են նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ»: Քաղաքական դամբարանի վերածված ԱԺ-ի բնակիչներն աշխուժացան միայն արարողության ավարտից հետո, երբ շրջապատեցին յուրային վարչապետին ու ձեռնամուխ եղան անձնական հարցերի լուծմանը:



 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ