Հացի փոխարեն՝ անեծք ու մրուր

Հացի փոխարեն՝  անեծք ու մրուր

Պանդուխտի հին ցուպը մաշվեց,



Հայրենիքս մնաց հեռվում,



Գարուն եկավ, ձյունը քաշվեց,



Ո՞ւր ես այդպես դու դեգերում:



 



Երգում է: Ասում է՝ Սամվել Թադեւոսյանն եմ: Աբովյանցի: Շրջում եմ Երեւանի բազմաբնակարան շենքերի բակերում ու երգում: Հացս այդկերպ եմ վաստակում: Շուտով տասը  տարին կլրանա:



 



54 տարեկան եմ: Ժամանակին փառքով-պատվով աշխատել եմ, վաստակել ու ինձ մարդ զգացել: Ինչպես առանձնահատուկ է հայ տղամարդուն՝ սիրել եմ ընտանիքը, նվիրվել: Բայց աղքատությունը, նյութական զրկանքները յուրաքանչյուր մարդու վրա տարբեր կերպ են անդրադառնում: Կինս չդիմացավ ու միակ դստեր հետ մեկնեց Թեհրան: Երբեմն նկարներ է ուղարկում: Աղջիկս անճանաչելիորեն մեծացել է: Ես չէի պատկերացնում, թե կարոտը կարող էր այսքան ծանր լինել: Հացից ու ամեն ինչից առավել մտահոգողը կարոտն է: Ու ցավալի է, որ ազգի հսկայական մասն ապրում է այդ հիվանդությամբ:  Հարցնում եմ՝  ինչո՞ւ դու չես մեկնում: Պատասխանում է երգով.



 



 



Ինձ պետք չէ փող ու ոսկի,



Հայրենիքում ինձ թաղեք,



Կարոտաբաղձ հայի խոսքից



Ինձ երբեք մի օտարեք:



 



 



Ասում եմ՝ Սամվել, քանի որ դու շրջում ես փողոցից փողոց, երգում, ուրախացնում ու տխրեցնում ես մարդկանց, ու նրանք էլ քեզ վարձահատույց են լինում, կարո՞ղ ես գնահատական տալ այսօրվա հային: «Հայը բոլոր ժամանակներում էլ յուրահատուկ է,- պատասխանում է,- արժանապատիվ ու մեծահոգի է: Մի հասարակ բան կա  հային նորից իր արմատներին վերադարձնելու. աշխատա՛նք տուր: Ստեղծիր հայի համար աշխատանք, ու նա հրաշքներ կգործի: Իսկ դա դժվար բան չէ: Ընդամենը ցանկություն է պետք: Մի քիչ էլ հայրենասիրություն: Ես ամեն օր տեսնում եմ այս մարդկանց տխուր աչքերը, տեսնում եմ, թե ինչպես է ժպիտը նրանց դեմքերին խամրել, բայց մի բան կա, որ նրանց երբեք չի լքում՝ մեծահոգությունը: Նրանք ինձ իրենց օրվա հացից բաժին են հանում, դրամ տալիս, թեեւ այն վաստակում եմ ոչ դյուրին: Բայց տալիս են սրտանց ու սիրով»:



 



Հարցնում եմ. «Ինչպիսի՞ երգեր ես կատարում»: «Տարբեր,- ասում է,- հիմնականում ազգագրական, հայրենասիրական երգեր եմ կատարում, բայց զգում եմ, որ մարդկանց հոգեհարազատ է պանդուխտի երգը: Հաճախ խուսափում եմ դրանք կատարելուց, բայց երբ ցանկություն  են հայտնում, չեմ կարողանում մերժել: Անկեղծ ասած, ինձ էլ են հոգեհարազատ դարձել, ու հաճախ երգելիս շատերի աչքերում արտասուք եմ նկատում:  Ցավալին այն է, որ այդ տխրությունը նկատում եմ նաեւ երեխաների աչքերում: Ճիշտ է, ես երգով հաց եմ վաստակում, բայց սիրտս կտոր-կտոր է լինում, երբ իմ հայրենակիցները դարձել են պարզապես անճար: Երբ աչքը դրսում է, իսկ հոգին՝ այստեղ, իսկ դա վերացնելու համար մի հասարակ ձեւ կա, կրկնում եմ՝ աշխատա՛նք տուր: Թող մեր բարձրաստիճան այրերը  ողջախոհ ու հայրենասեր գտնվեն ու կատարեն մարդկանց ցանկությունը: Չէ՞ որ դա իրենց պարտականությունն է, դրա համար ենք մենք իրենց աշխատանք  տվել, որ ծառայեն ու լուծեն ժամանակի հրատապ խնդիրները: Թող հեքիաթի  հերոսների նման դերվիշի շոր հագնեն ու շրջեն ժողովրդի մեջ: Այդ անելուց հետո, համոզված եմ՝ գիշերն էլ չեն քնի ու կլուծեն մարդկանց խնդիրները: Այլապես այսպես մեկուսացած՝ երկիրը վերջնականապես կքայքայվի, իսկ իրենք  իրենց կերածից ու թալանածից անգամ բան չեն հասկանա. մենք հաց կուտենք, իսկ իրենք հացի փոխարեն՝ անեծք ու մրուր»:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ