Կմեկնարկի 12-րդ «Մեկ կադր»-ը

Կմեկնարկի 12-րդ «Մեկ կադր»-ը

Երեւանում հունիսի 1-ին կմեկնարկի «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 12-րդ փառատոնը, որ կանցկացվի մինչեւ հունիսի 8-ը: Փառատոնին մասնակցում են պրոֆեսիոնալ եւ սիրող ռեժիսորներ տարբեր երկրներից:



«Մեկ կադր»-ում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան. ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչեւ կինոժապավեն:



Փառատոնի մրցութային անվանակարգերն են` «Մեկ կադր, մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո՝ առանց սահմանի»:



Այս տարվա փառատոնի ժյուրիի կազմում են կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, Շահանե Յուզբաշյանը (կինոգետ), Սարգիս Հովսեփյանը (գրող, սցենարիստ), Արթուր Սարգսյանը (սցենարիստ, ռեժիսոր), դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, Սերժ Մելիք-Հովսեփյանը (ռեժիսոր), Արա Սարգսյանը (դերասան), Վիգեն Գալստյանը (համադրող):



Փառատոնին մասնակցում է 28 երկիր` Հայաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Բենինը, Գերմանիան, Թայվանը, Թուրքիան, Իսպանիան, Իտալիան, Իրանը, Ինդոնեզիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Կանադան, Կոլումբիան, Կորեան, Հոնկոնգը, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պաղեստինը, Ռուսաստանը, Սլովակիան, Քուվեյթը, Ֆրանսիան:



«Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոֆորում է: Հիմնադրվել է 2003-ին: Փառատոնի հիմնադիրը եւ նախագահը Գագիկ Ղազարէն է: Փառատոնի խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000-ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է: