Հոգևորականները՝ բարիկադների հակառակ կողմերում

Հոգևորականները՝ բարիկադների հակառակ կողմերում

Հոգևոր սպասավորների շքեղ մեքենաների, բիզնես գործունեության եւ սեփական զինանոցի օրեցօր համալրվող տեսականու մասին մամուլի հրապարակումներին զուգընթաց ավելացել են նաեւ Մայր Աթոռի  դեմ դժգոհությունները՝ ինչպես անանուն, այնպես էլ բացահայտ նամակների տեսքով: Վիճակն այն աստիճան է սրվել, որ այժմ եկեղեցու «նախանձախնդիր զավակները» պահանջում են գահընկեց անել Ամենայն հայոց կաթողիկոսին ու դրա համար օգնություն են խնդրում հայրենի երեսփոխաններից: Երեկ մեր խմբագրությունը հերթական նամակն է ստացել Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Գորիսի, Ստեփանակերտի, Մոսկվայի, Քյոլնի, Ժնեւի, Փարիզի, Բուենոս Այրեսի, Միլանի, Լոնդոնի, Տալինի եկեղեցու «նախանձախնդիր», բայց անանուն  զավակների կողմից, բաց նամակը հասցեագրված է «Ազգային Ժողովի պատգամավորներուն»: Նամակագիրները  պահանջում են արտակարգ կերպով հրավիրել Ազգային եկեղեցական ժողով` որպես միջնորդ ունենալով ԱԺ-ին` պետության օրենսդիր իշխանությանը: Նշենք, որ Ազգային եկեղեցական ժողովը Հայ եկեղեցու բարձրագույն վարչական մարմինն է, որն ընտրում է Ամենայն հայոց կաթողիկոս, քննարկում է կարեւոր եկեղեցական հարցեր եւ հրավիրվում է 4 տարին մեկ, վերջինն անցած տարի էր: Նամակագիրները 6 կետում շարադրել են իրենց փաստարկներն ու հիմնավորումները՝ նման առաջարկի: Օրինակ, որ վերջին 15 տարիների ընթացքում, ըստ իրենց, Գարեգին Բ-ն բազմիցս կոպտագույն ձեւով խախտել է մայր եկեղեցու կանոնադրությունը եւ ավանդույթները` վերածելով Մայր Աթոռը «բարդակխանայի»:



 



«Դավանաբանական իմաստով առանց Վեմ քարի չի կարելի պատարագ մատուցել օտար բողոքական եկեղեցում, իսկ սարկավագի աստիճան ունեցող հոգեւորականը կատարում է խորհուրդներ, մատուցում է Սուրբ Պատարագ եկեղեցում»,- տեղեկացնում են նրանք: Փաստարկներից մեկն էլ կաթողիկոսի եւ իր մերձավորների բիզնես գործունեությանն է վերաբերում, որոնք, ըստ «նախանձախնդիրների», դա անում են եկեղեցու անվան տակ, եւ ոչ մի բարեգործություն եկեղեցին չի անում այդ հասույթներից: «Կաթողիկոսը հետամուտ է լինում իր կողմից չսիրված հոգեւորականներին ենթարկել հալածանքների եւ, մատնելով նրանց իրավապահ մարմինների ձեռքը, մոռանում է այն գլխավոր հանգամանքը, որ սահմանադրորեն պետությունը եւ եկեղեցին անջատ են եւ առանձին միավոր են կազմում»: Կաթողիկոսին մեղադրում են շինարարության անվան տակ անգամ փողերի լվացման մեջ, որ բոլոր շինարարական կազմակերպությունները պատկանում են իրեն, թեեւ գրանցված են իր ազգականների անուններով: «Գարեգին Բ-ի վարքագիծը, ապաշնորհ գործունեությունն ընդամենը արդյունք են կեղծված ընտրությունների եւ իր մութ անցյալի (դեպորտ Գերմանիայից 1979 թվականին): 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից օգուտ քաղելով` նա բռնազավթեց Գրիգոր Լուսավորչի աթոռը եւ իր սատանայական իշխանությունը պահելու համար բարոյական եւ հոգեւոր տեռորի ենթարկեց հայոց եկեղեցու սպասավորներին` նրանցից ազատվելով եւ իր արբանյակներին կարգելով»,- գրել են նամակագիրները եւ հավելել. «Մենք հայտարարում ենք, որ ազնիվ եւ նվիրյալ հոգեւորականներին կարգալույծ հայտարարելու վերջին տխրահռչակ այս ապօրինի ընթացքն ամբողջովին փոխել է մթնոլորտը եւ տրամադրությունները հավատացյալ հայորդիների, որոնք այլեւս հայտարարում են, որ ստեղծված իրավիճակը եկեղեցում արտակարգ է (հեռացվել են շուրջ 200 հոգեւորականներ)»: 



 



ՁԵՐ ՈՒԶԵԼԸ ՀԼԸ ՔԻՉ Ա






Չի բացառվում, որ այս նամակը հենց կարգալույծ եղածների կամ նրանցից մեկի ձեռքով է գրված, մի բան ակնհայտ է, որ հոգեւոր դասը բարիկադների է բաժանվել, եւ վերջին շրջանում թե նամակների, հոդվածների միջոցով Գարեգին Բ-ից վիրավորվածներն աղաղակող նյութեր են հրապարակում: Ամենաթարմ օրինակը Մոսկվայի հայ համայնքի հոգեւորական Տեր Մարտիրոս քահանա Բերբերյանի կարգալուծության առիթով էր: Անցած ամիս Տեր Մարտիրոսի՝ իր կարգալուծության վճռի հետ կապված հարցազրույցին անմիջապես հետեւեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի արձագանքը, ապա նաեւ՝ «տուժած» կողմի հակահարվածը: Հիշեցնենք, որ Մայր Աթոռը նման ծայրահեղ մոտեցման համար որպես արդարացում էր դիտել Տեր հոր «բիզնեսը», Մոսկվայի հայ համայնքի անդամների անունից հայտարարություն տարածվեց՝ պնդումով, որ «բիզնես» հասկացությունը խիստ չափազանցված է, եւ որ այն քահանայի ընտանիքի ապրուստի արդար վաստակն է, «ինչը երբեք չի խանգարել նրա հոգեւոր ծառայության լիարժեք իրականացմանը»: Փոխարենը հիշատակվեցին իրական հոգեւորական-բիզնեսմենները, որոնց վրա Մայր Աթոռն «աչք է փակում»: Այս շարքում են Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, որը «եկեղեցիների եւ այլ կառույցների շինարարության անվան տակ հսկայածավալ գումարների անվերահսկելի շրջանառություն է կատարում», Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով «աշխատացնում է Ֆրանսիայի Մարսել քաղաքի իր սեփական ռեստորանը», Վիրապ քահանա Ղազարյանը, ով, ըստ նույն շրջանակի, Ապարանից պարբերաբար հասնում է Գերմանիա` ավտոմեքենաների վաճառքի հետքերով, եւ մի շարք այլ սպասավորներ: Երեկ փորձեցինք օրենսդիրներից պարզել՝ ստացե՞լ են արդյոք նման նամակ եւ պատրաստվո՞ւմ են ընդառաջ գնալ նամակագիրների խնդրանքին:



 



Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ոչ նամակ են ստացել, ոչ էլ ԱԺ-ն նման ժողով հրավիրելու միջնորդության իրավունք ունի: Իսկ հնարավո՞ր է ԱԺ լիազորությունների սահմաններում լսումներ կազմակերպեք, չէ՞ որ եկեղեցում տիրող վիճակը տագնապեցնող է դառնում, եւ բողոքի ալիքը սաստկանում է։ «Ես չգիտեմ՝ էդ ի՞նչ նամակ է, երբ կծանոթանամ, նոր կհասկանամ»: Պատգամավորի համար ընթերցեցինք նամակից մի հատված, որին հայրենի երեսփոխանը կտրուկ հակադարձեց. «Ես համաձայն չեմ», թեեւ մենք իր համաձայնությունը չէինք հարցնում: Ապա բորբոքված կանխեց մեր հաջորդ հարցերը։ «Դուք պիտի ասեք, ես էլ ասեմ՝ համաձայն չեմ, երբ կլինի նամակը, այն ժամանակ էլ կքննարկենք: Հիմա Դուք ուզում եք հարցեր տալ, ես էլ չեմ ուզում պատասխանել, դա իմ իրավունքն ա, չէ՞, Ձեր ուզելը հլը չի նշանակում, որ ես պարտադրված եմ Ձեր հարցերին պատասխանել, շնորհակալություն, հաջողություն»,- խիստ մշակութային ու դաստիարակված պատասխան տվեց կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահը: Մարդու իրավունքների հանձնաժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Մարգարիտ Եսայանը նույնպես եկեղեցու մասին հարցադրումներից բորբոքվեց։ «Լուրջ հարցերի մասին օդի մեջ կարդում եք, ուզում եք ես էլ պատասխանե՞մ, ես ճիշտ չեմ համարում դա, եթե հանձնաժողովը ստանա նամակը, այն ժամանակ էլ իմ պատասխանը կլինի»,- ասաց մեր նախկին գործընկերը: Մենք հասկանում ենք, որ այս պարագայում ընդդիմությանը «կերցնելու» խնդիր չկա, եւ հանրապետականները վերեւներից «խոսելու» հրահանգ չեն ստացել: Նշենք, որ Մայր Աթոռից երեկ ողջ օրը հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ, փոխանցեցին՝ «վաղը զանգեք, միայն Տեր Վահրամը կարող է պատասխանել, իսկ նա այսօր խիստ զբաղված է»: Բայց նա կարծես թե երբեք ազատ չի լինում եւ լրագրողների հարցերին էլ պատասխանելու սովորույթ չունի:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]