Սպասում եք մեռնե՞նք

Սպասում եք մեռնե՞նք

Սոցիալապես անապահով խավը մեզանում ամենաանտեսված շերտն է: Թոշակների ու նպաստների խղճուկ չափաբաժինը տարիներով գրեթե չի աճում, իսկ եթե անգամ աճում է, ապա գնաճի ետեւից չի հասցնում: Անցած տարվա փետրվարին՝ նախագահական ընտրություններից առաջ, Հովիկ Աբրահամյանը, ով Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր, մի տարեց քաղաքացու խոստացել էր լուծել նրա խնդիրը՝ Խնայբանկում ժամանակին ներդրած ավանդի փոխհատուցման հետ կապված։ Խոստումը, սակայն, ի կատար չէր ածվել, քանզի քաղաքացու 40 հազար ռուբլի ավանդի փոխարեն նրան հարցրել էին, թե որքան գումար է պետք, որ նա  էլ այդ տարածքում չերեւա։



 



1937 թվականին ծնված Գրիշա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2013 թվականի փետրվարի 16-ին դիմել է ՀՀԿ գրասենյակ՝ Հովիկ Աբրահամյանին, ասելով, որ ինքը ժամանակին իր տնտեսած գումարներն ի պահ է տվել պետությանը, իսկ ներկայիս իշխանությունները նախորդի իրավահաջորդն են ու պարտավոր են փոխհատուցել իր ավանդը։ «Իմ պահանջը լսելուց հետո Հովիկ Աբրահամյանն իրենց աշխատողներից մեկին ասաց. «Տարեք՝ բավարարեք»։ Հետո ինձ տարան մի տղամարդու մոտ, տեսան իմ գրքույկը, որտեղ նշած էր, որ 40 հազար ռուբլի գումար եմ ի պահ տվել, մեծ գումար ա դա՝ մոտ 100 հազար դոլարին համարժեք, էդ տղամարդը հարցրեց՝ ինչքա՞ն գումար ա քեզ պետք, ասացի՝ 200 հազար դրամ, տղաս վարկ է վերցրել, պիտի փակենք, մեկ էլ 70 հազար, որ կուտակված կոմունալ պարտքերը մարեմ։ Ասացին՝ գնա, վաղը կգաս։



 



Հաջորդ օրը գնացի, էդ տղամարդու տեղը մի տարիքով կին էր նստած, ինձ ուղեկցող մարդը զեկուցեց էդ կնոջը, որ Աբրահամյանի հանձնարարությամբ եմ եկել, դիմում էլ եմ գրել, նայեց այդ կինն իմ դիմումն ու զարմացավ, թե 270 հազար դրամ քեզ ո՞նց ենք տալիս, հետո, թե՝ էդքան չենք կարող, մի 20-30 հազար դրամ կարող ենք տալ, ավել չէ, ընտրությունները կլինեն-բան, նոր… Էդպես ես իմ էդ գրած դիմումը ճղեցի իրենց աչքի դեմն ու դուրս եկա»,-պատմեց Գրիշա Պետրոսյանը։



 



Դրանից հետո նա տեղեկանում է, որ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ 85 տարին լրացած անձանց ավանդները վերադարձնում են։ Հետաքրքրվում է եւ պարզում, որ այդ գործընթացը պետք է իրականացվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Պարզելու համար, թե քանի հոգի են այդ տարիքի մարդիկ, որոնց ավանդները պետք է վերադարձվեն եւ ինչ չափով, նախարարությունը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, վերջին շրջանում հանձնարարել է մարզերի «Փարոս»-ներին, որ հաշիվ-հաշվարկ անեն, թե ում որքան գումար է հասնում, բայց դեռ որեւէ արդյունք չկա։ «Գիտեմ, մեզ ասել են՝ մի չայի փող են տալու, մինչ էդ էլ էնքան պիտի ձգեն սենց, տանեն-բերեն, որ էլ սաղ մարդ չմնա»,-ասում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ պետության սահմանած տարիքին՝ 85 տարեկան, հիմա շատ քչերն են ձգում։



 



Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ ավանդների հատուցման շրջանակներում մայիս ամսին որոշակի քանակի մարդկանց գումարներ փոխանցվել են։ Թե քանի հոգու՝ չնշեցին։ Գործընթացը մեկնարկել է 23.04.2014 թ. կառավարության 460 N որոշման հիման վրա, ըստ որի՝ ավանդները պետք է վերադարձվեն, սակայն մինչեւ 1929 թ. դեկտեմբերի 31-ը ծնվածներին եւ մարտական գործողությունների մասնակիցներին։ Ավելի ուշ ծնվածներն առայժմ այդ որոշումից չեն կարող օգտվել։ Իսկ ավանդների վերադարձման հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. առաջին հազար ռուբլին համարժեք է 84 հազար դրամի, իսկ հաջորդ հազարական ռուբլիների դեպքում գումարը նվազում է, քանի որ սահմանված են որոշակի գործակիցներ։ Օրինակ՝ 2-3 հազար ռուբլու դեպքում գործում է 29.4 գործակից, որով էլ բազկապատկվում է 2-3 հազար ռուբլու տիրույթում ընկած գումարը, եւ ըստ դրա դրամով վերադարձվում։



Մենք նաեւ նամակ ենք ստացել մի խումբ քաղաքացիներից՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որտեղ գրված է. «Պրն. Սահակյան, ըստ մամուլի, 2013 թ. ավանդների վերադարձման համար հատկացվել է 1 մլրդ 630 մլն դրամ։ Սակայն մենք ոչինչ չենք ստացել:



 



1. Խնդրում ու պահանջում ենք պարզություն մտցնել ու հրապարակել՝ ո՞վ է այն սովածը, որ կերել է այդ գումարը:



 



2. Խնդրում ենք ու պահանջում՝ հետ տվեք մեզնից գողացված մեր փողերը։



 



3. Պարզ, հասկանալի ասեք՝ ե՞րբ եք տալու, թե՞ սպասում եք բոլորը մեռնեն, այդ էլ ուտեք»:



 



Ստորագրել են 75 տարեկան Վոլոդյա Կիրակոսյանը, Ռազմիկ Ղալյանը եւ Գուրգեն Սարգսյանը՝ Նոր Նորքի բնակիչ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ