Դրամական փոխանցումներն արտերկրից նվազել են

Դրամական փոխանցումներն արտերկրից նվազել են

Ինչպես և կանխատեսվում էր, արտերկրից հանրապետություն կատարվող դրամական փոխանցումների ծավալներն աստիճանաբար կրճատվում են` չապահովելով անգամ նախընթաց տարիների  արդյունքները: Համաձայն ԿԲ տվյալների` այս ապրլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, Հայաստանի բանկային համակարգով կատարված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է ավելի քան 14,6մլն դոլարով` կազմելով շուրջ 167,4մլն դոլար:



 



Ընդ որում, տրանսֆերտների կրճատման բացասական միտումները ներկայում ձևավորում է Միացյալ Նահանգները, որտեղից, նախորդ տարվա ապրիլի համեմատ, դրամական փոխանցումների ծավալները գրեթե 3 անգամ նվազել են` կազմելով հազիվ 10,6մլն դոլար: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունից սպասվող բացասական միտումներն ապրիլին դեռևս այնքան էլ զգացնել չեն տվել: Այս երկրից կատարված դրամական ներհոսքը կազմել է շուրջ 126,3մլն դոլար, որն ընդհանուր ծավալի 3/4-ն է: Միաժամանակ, թեկուզ և ոչ մեծ չափով, ավելացել է հանրապետությունից արտերկիր կատարվող դրամական փոխանցումների ծավալը, ինչը ինքնին ուշագրավ  է: Քանզի մի երկիր, որտեղ տնային տնտեսությունների գերակշիռ մասը  գոյատևում է հիմնականում  արտերկրից կատարվող դրամական փոխանցումների հաշվին, կարողանում է իրեն թույլ տալ նաև արտերկիր կատարվող դրամական փոխանցումների ծավալները մեծացնել:  Իհարկե, պետք է հասկանալ, որ ֆիզիկական անձանց անունով արտերկիր կատարվող փոխանցումները որևէ կապ չունեն արտերկրից կատարվող փոխանցումների հետ, քանզի դրանց հասցեատերերը բոլորովին տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ  են: Արտերկրից տրանֆերտներ ստանում են հիմնականում այն ընտանիքները, որոնց աշխատող անդամը վաստակում է դրսում, արտերկիր փոխանցում են ապահովները, որոնք այստեղ էլ միլիոններ դժվարությամբ չեն վաստակում:  Հանրապետությունից  միայն ապրիլին ֆիզիակական անձանց անունով կատարված դրամական արտահոսքի ծավալը կազմել է 71,9մլն դոլար, որը տվյալ ամսում կատարված ներհոսքի  43%-ն է: Մինչդեռ այս գումարների գրեթե կեսը ոչ առևտրային նպատակով արտերկիր կատարված փոխանցումներ են, այսինքն` մասնավոր փոխացումներ բացառապես մասնավոր նպատակներով: Իսկ հետևությունը մեկն է` հասարակության մեջ առկա է եկամուտների բաշխվածության ահռելի անհամամասնություն: Մինչ տասնյակ հազարավոր ընտանիքներ գոյատևում են ամսեամիս դրսից եկող հարյուր կամ երկու հարյուր դոլարի հաշվին, մի քանի հարյուրավոր ընտանիքներ ամսեամիս վաստակած իրենց հարյուր հազարավոր դոլարները փոխանցում են արտերկիր` այնտեղ ապահով հանգրվանելու, և կարևոր էլ չէ` առևտրային, թե ոչ առևտրային նպատակով է կատարվում:   



 



Դառնալով ոչ առևտրային փոխանցումների ներհոսքին` արձանագրենք, որ ապրլին, այնուամենայնիվ, հնարավոր է եղել պահպանել նախորդ տարվա այս ժամանակահատվածի միտումները: Դրամական ընդհանուր ներհոսքի ավելի քան 133,3 մլն դոլարը ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումներն են, որոնց հիմնական հասցեատերերը տնային տնտեսություններն են:    Մինչդեռ եթե ՌԴ միգրացիոն ծառայությունների հետ մեր մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների խնդիրը չլիներ, որի հետևանքով նրանք այս գարնանը արտագնա աշխատանքի  մեկնելու հնարավորությունից զրկվեցին, հաստատապես դրամական ներհոսքն ավելի կլիներ: Սակայն կա այն, ինչ կա, իսկ ինչ որ կա, արտերկրում դեռևս մշտական կամ ժամանակավոր աշխատանք ունեցող մեր հայրենակիցների  աշխատանքի  ու վաստակի հաշվին է: Պետությանայստեղ այնքանով է, որ խաղաղ պայմաններում նպաստում է հարյուր հազարավոր մարդկանց  արտագաղթին: 



 



Նարինե Միքայելյան