ՓԱԿԱԳԻԾ

ՓԱԿԱԳԻԾ

Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Անահիտ Պարսամյան






- Ինչպիսի՞ն պետք է լինի պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը։






- Ես խոսքս կմասնավորեի հայ իշխանավորի ասպեկտով բնականաբար. ղեկավար կլինի, թե ոչ, մարդ պետք է միավոր լինի, զրո չլինի։ Ղեկավար է, թե ով է, երբեք չպիտի կորցնի իր ինքնության գիտակցությունը, երբեք, անկախ որեւէ հանգամանքից՝ փողի, զենքի, աշխարհագրական դիրքի, երբ կորցրեց իր ինքնությունը, կորած է ազգի ապագան գոնե այդ փուլում։ Արժանապատվությունն է պակասում, խոնարհաբար ոչնչի չեն հասնում այս աշխարհում. ունենք նույնիսկ ասացվածք՝ մի խոնարհվիր այնտեղ, որտեղ ձիգ պիտի կանգնես։ Այդպես չի կարելի՝ բոլորի հետ լավ. այո, մեկի հետ էլ վատ կլինեմ, իսկ ինչո՞ւ պիտի չլինեմ որ։ Այս խոնարհությունն է մեր տունը քանդում։



 



Ղեկավարը շատ բան կարող է անել, բայց ովքե՞ր են շրջապատում ղեկավարին։ Ես անհարմար եմ զգում անգամ ասել, որ բաներ կան՝ անհարիր են այս ժամանակին արդեն. այս ցնծությունն անիմաստ, այս քեֆ-ուրախությունը, Ազգային ժողովում 5-րդ դասարանցու ձայնով խոսող այս կանայք։ Նրանք մեղավոր չեն, նրանց այդտեղ բերողն է մեղավոր։ Երգող պատգամավորուհին այս քանի օրն ասում էր՝ մարզերում թատրոններ բացենք։ Պատգամավորուհի էլ չես, հայ կին ես, մտածող մարդ ես, դու չգիտե՞ս շրջաններում ինչ է կատարվում, նախ արտագաղթի սոսկալի երթը, ձեռնափայտով քայլող մարդիկ, հիվանդ, ծեր… չկա մարզ, մի ձվածեղի ձու չկա մարզերում, ոռոգման ջրի համար կռիվ են տալիս, որովհետեւ ջուրը խլում են օլիգարխ ձկնարդյունաբերողները, իսկ ժողովուրդը մնում է անձրեւի հույսին։ Անտեղյակ, գործից չհասկացող մարդիկ։ Մարզերին ուտելիք է պետք, անասնաբույժ ու հողը մշակելու միջոցներ, հողը դատարկվում է, երեխա չկա. 30 հոգանոց դասարանում, երգող պատգամավորուհի, նստում է 1 երեխա։ Լեզուս չի բռնում ասեմ, մեր դեպի վախճանը գնացող միտում է. այս ի՞նչ ուրախություն է, այս ի՞նչ պաթոլոգիկ վիճակ է, ես չգիտեմ։ Բոլորը Նժդեհ են ասում, բայց Միկոյանի արձանն են դնում։ ՀՀԿ-ականները՝ Նժդեհի անունը փաթաթան արած, կդիմանա՞ն մեր զրույցին, եթե հարցնենք՝ իսկ ի՞նչ եք կարդացել Նժդեհից. կարդացե՞լ են «Կուսակցությունների մեջ ոհմակային բան կա»։



Մի բան են խոսում, կես ժամ հետո մեկ ուրիշ բան են անում, առանց ամաչելու ՕԵԿ-ից դուրս եկան, մտան չգիտեմ ուր՝ աթոռ եմ կորցնում պատճառաբանությամբ. այս մակարդակի, այս ոգու, այս մթության տեր մարդիկ մեզ կառավարում են։ Սրանց համար սա թատերաբեմ է։ Դա միջավայր չի, եթե մարդը փողի համար է գալիս իմ կողքը, փողի համար էլ գնում է դիմացինիս մոտ, ավելի զարհուրելի ուժերի մոտ, եւ նրանք էլ գիտեն դա։ Սա է իշխողների վարքագիծը։ Ղեկավարը պետք է հպարտ, ինքնիշխան լինի։ Եթե մարդն ստանձնում է ժողովրդի հոգսն ու ցավը դարմանելու խնդիրը, պիտի իր անձնականից վեր կանգնի, բայց վախենում է, որ գործից կհանեն: Է, թող հանեն։ Եթե այդպես չվարվեց, դառնում է իր աթոռի ստրուկը, իսկ դա դավաճանության հետ սերտաճած երեւույթ է։ Ես գտնում եմ, որ այս ամբողջը գիտակցաբար է արվում, այսքան պատահականություն չի կարող լինել։ Պատգամավորն իր տեղում չի, նախարարն իր տեղում չի եւ այլն, այս ամենը գիտակցաբար է արվում։ Եթե ես օդաչու չեմ, բայց օդանավ եմ վարում, ուրեմն պիտի կործանեմ ձեզ։ Մեֆիստոֆելյան նենգությամբ որոշ մի խումբ փորձում է ամեն ինչ կործանել, բայց իրենք էլ մեծ հաշվով խաբված են. այսօր կան՝ վաղը չկան։



Ֆելիքս  ԵՂԻԱԶԱՐՅԱՆ