Հերթական կապկազ թամաշան

Հերթական կապկազ թամաշան

Luxury group-ի  նախաձեռնած «Տարվա մարդ» մրցանակաբաշխության քվեարկությունը խառնաշփոթության ու քննարկումների ալիք է բարձրացրել համացանցում։ Մեր խմբագրությանը հասցեագրված նամակից եւ Ֆեյսբուքում ծավալված քննարկումներից պարզ է դառնում, որ «Տարվա մարդու» կոչումն ստանալու համար թեժ «պայքար» է գնում։ Ինչպես մեզ տեղեկացրին  Luxury group-ից, վայրկյանում մոտ 350 հոգի մտնում է իրենց կայք, որպեսզի քվեարկի իր ընտրած «մարդու» օգտին։ Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հասարակական ակտիվություն ցուցաբերած մարդիկ ուղարկում են իրենց ողջ տարվա ընթացքում ծավալած գործունեության մասին տեղեկատվություն, իսկ կազմակերպությունն իր հերթին է հարցում անում գերատեսչություններ, որպեսզի ակտիվներին գտնի եւ առաջադրի։ 50 անվանակարգեր են սահմանվել, օրինակ՝ «Տարվա գործարար», «պարուհի», «երգչուհի», «բարերար», «բժիշկ», «ֆուտբոլիստ» եւ այլն։



 



«Տարվա մարդուն» ընտրելու համար մնացել են հաշված ժամեր։ Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 18:00-ին մրցույթն ավարտվում է։ Ինչպես եւ բոլոր ընտրությունները Հայաստանում, այս մեկն էլ հարթ չի ընթանում։ Նոմինացված  մասնակիցներն առիթը բաց չեն թողնում մեկը մյուսին փնովելու եւ կեղծիքի մեջ մեղադրելու համար։



 



Օրինակ, «Տարվա թարգմանիչ» անվանակարգում նոմինացված Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի երկրում, որտեղ ամեն ինչ վերածվել է կապկազ թամաշայի, սրան անհնար է այլ կերպ վերաբերվել, քան որպես զվարճանքի»։ Թարգմանչին նաեւ մեղադրում են կեղծիքի մեջ. էլփոստով Ալբերտ Մանուկյանից ստացված նամակում ասված է. «Բոյաջյանի` Ֆեյսբուքում արված գրառումները վկայում են այն մասին, որ հիշյալ անձը չափազանց ծանր էր տանում իր ակնհայտ պարտությունը` հանիրավի փնովելով մրցակիցներին: Ահա այդ հիվանդագին անհանգստությունն էր, որ այս գիշեր տվեց իր առաջին պտուղները: Հաշված րոպեների ընթացքում (այն էլ գիշերվա ժամը 4- ին, երբ համացանցում պարզապես անհնար էր նման ակտիվություն) Բոյաջյանը հաջողացրեց միայն իրեն հայտնի եղանակներով հսկայական թվեր գումարել իր հաշվին»։ Ինչ վերաբերում է կեղծիքներին, մրցանակաբաշխության կազմակերպիչները հերքում են՝ ասելով, որ դա հնարավոր չէ. «Քվեարկությունը չի կարող կեղծվել»։



 



Հունիսի 20-ից հետո հաղթած մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ, կարժանացնեն մրցանակների, ում, ի դեպ, արդեն հատուկ մրցանակ են շնորհել «Երեւան քաղաքում բարեփոխումների եւ ունեցած ներդրման համար»։ «Սպասում ենք քաղաքապետին, ինքը պետք է մեզ ասի՝ իրեն ո՞ր օրն է հարմար, եւ 20-26-ի հատվածներում ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա մրցանակաբաշխությունը»,- ասացին մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Հաղթողին սպասվում է հատուկ մրցանակ Luxury ամսագրի կողմից։ Մրցանակի հավակնորդների թվում են բժիշկ Վահե Տեր-Մինասյանը, բնապահպան Եղիա Ներսեսյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, գրող Կարինե Խոդիկյանը, երգիչ Էրիկը, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը եւ այլք:



 



Ելզիավետա ԱՍԱՏՐՅԱՆ