Մի այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մարդիկ փախչելով են գնում

Մի այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մարդիկ փախչելով են գնում

Հարցազրույց արձակագիր, թարգմանիչ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանի հետ



- Դուք ապրել եւ ստեղծագործել եք եւ խորհրդային հասարակարգում, եւ անկախ Հայաստանում՝ Ձեր մեջ ամփոփելով այդ երկու ժամանակները որպես քաղաքացի եւ մտավորական։ Ներդաշնակվո՞ւմ են երկուսը, թե՞ մնում են առանձին եւ հակասություն։






- Ինձ հասակակից գրողները, կարծում եմ՝ իրենք էլ նույնը կասեին, ի վերջո, մնացել են այն հասարակարգում, թեեւ այս փոփոխված հասարակարգի կարծես թե ջատագովն էին, պահանջողն էին, բայց քանի որ, որպես մարդ, ձեւավորված էին այն հասարակարգում, ի վերջո, մնացել ենք այն դարաշրջանում, այն ժամանակում։ Ձեւավորումը շատ կարեւոր է հատկապես գրողի համար, եւ նրա ամեն ինչը պայմանավորված է արդեն այդ ձեւավորման ընթացքի հետ. զգում ես, որ աշխարհըմբռնման քո բոլոր ձեռքբերումները կամ ձախողումները այդ տարիներին են եղել, ի վերջո, կարծես թե կուտակումներ ես ունեցել, որ հիմա օգտագործում ես։ Դրանով է հենց ինքը թանկ. ոչ թե կարոտախտ է, այլ արժեւորման խնդիր կա։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան ես ուզում գրել, մտովի գնում ես այդ կուտակումները՝ թե տպավորությունների, թե փորձության առումով։ Բնականաբար, եթե այդպիսի վերաբերմունք ունես քո անցյալի նկատմամբ, այն ժամանակների նկատմամբ, որոշ սիրելի եւ քաղցր շղարշով է պատվում այդ ամեն ինչը, եւ այսօրվա հեռվից նայելով (թեկուզ որոշ գաղափարական ու սոցիալական դժվարություններով հանդերձ, որ գոյություն ունեին), այնքան էլ չես չարանում, որքան չարանում են նրանք, ովքեր չեն տեսել այդ ժամանակը։ Ես հիմա ո՞նց լավ աչքով չհիշեմ այդ տարիները, որ մեր մանկության, պատանեկության աշխարհընկալման ամենավառ, ամենասուր պահերն էին, որոնք մարդու կյանքում լինում են. ես այդ կյանքից ոչ դժգոհ եմ, ոչ էլ կարող եմ հրաժարվել։ Ժամանակի փոփոխության հետ, երբ ազատ խոսքը տիրապետող դարձավ, այդ շրջանում թե ես, թե իմ նմանները բավական դժվարություն ապրեցինք, որովհետեւ վարժվել էինք արգելքները հաղթահարելու հնարքներին, իսկ հիմա ազատ պիտի խոսես, եւ պատահական չէ, որ իմ սերնդի մարդիկ երկար ժամանակ լռեցին։



 



- Դուք եղել եք մեր նոր ժամանակի քաղաքական կյանքի մասնակիցը, լինելով նաեւ օրենսդիր մարմնում։ Համատեղվո՞ւմ են գրողը եւ քաղաքականությունը։






- Պահանջարկի խնդիր կար, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որից հետո տեղի ունեցավ հասարակարգի փոփոխություն, ի վերջո, Հայաստանում քաղաքական կյանք, որպես այդպիսին, չկար։ Իսկ եթե կար, դա միայն Կրեմլում էր։ Քանի որ չկար տեղական քաղաքական կյանք, չկային նաեւ քաղաքական գործիչներ։ Վիթխարի, հսկայական քաղաքական քայլ կատարվեց, բայց բոլոր տեղերում դատարկություն էր, քաղաքական մարդիկ չկային։ ՀՀՇ-ի տղաները հրապարակից միանգամից գնացին երկիր ղեկավարելու, բայց միայն նրանցով հո չէ՞ր լցվելու քաղաքական դաշտը. վիթխարի փոս էր, որն ինչ-որ բանով պիտի լցվեր։ Իսկ ովքե՞ր էին այն տարիների մասսան, որ որոշ չափով մոտ էր քաղաքականությանը՝ մտավորականությունը։ Ինքնըստինքյան բնական պահանջ էր առաջանում այդ դատարկությունը լցնել, եւ լցվում էր մտավորականներով։ Ես նույնպես գնացի այդ ուղղությամբ (գուցեեւ չգիտակցված, բնազդական շարժում էր). ո՞վ պիտի անի, եթե դու չանես։ Երբ գնում ես այդ փոսը լցնելու, եզրին կանգնած՝ ընտրության խնդիր ես ունենում, փոսի ո՞ր անկյունը լցնես. այստեղ էր, որ Դաշնակցության խնդիրն ինձ համար առաջացավ, որովհետեւ իմ գիտակցական կյանքի ամբողջ իմացությունը, համակրանքը, սերը, գուցեեւ արգելվածության պատճառով, ամբողջովին Դաշնակցության կողմն էր։ Եթե Դաշնակցությունը գալիս էր որպես վտարված կուսակցություն, նորից մտնում էր Հայաստան, բնականաբար, ես այդ պետք է ընտրեի։ Ընտրվեցի ԱԺ պատգամավոր, հետո էլ չուզեցի խորհրդարան գնալ, ոչ միայն նրա համար, որ զգացի շատ էլ բան չեմ կարողանում անել. ես հանկարծ զգացի, որ, լավ թե վատ, արդեն առաջվանը չի, կան քաղաքական գործիչներ, ինչ-որ քաղաքականություն է տարվում, լավ թե վատ, ես այլեւս, որպես Ռուբեն Հովսեփյան, պետք չեմ, այսինքն՝ այնքան պետք չեմ, որքան ես կուզենայի պետք լինեմ։ Իսկ եթե պետք չեմ, ի՞նչ գործ ունեմ այնտեղ։ Եվ, բարեբախտաբար, նաեւ իմ մասնագիտությունն ունեի՝ գրականությունը, որը ես երբեք, նույնիսկ այդ տարիներին, մի կողմ չդրեցի, ուրեմն իմ ետդարձը, եթե կարելի է այդպես ասել, շատ ավելի բարձր եմ գնահատում։ Ինչքան որ գիտակցված էր մտնելը քաղաքականություն, այնքան էլ գիտակցված էր ետ կանգնելը։ Այլեւս դու ետ դառնալով՝ դավաճանություն չես անում, որովհետեւ այնտեղ արդեն կան մարդիկ, որոնք գուցեեւ քեզնից ավելի լավ են հասկանում քաղաքականությունը։ Այն օրերին ճիշտ արեցի, որ մտա, այս օրերին, ճիշտ եմ արել, որ դուրս եմ գալիս։



 



- Ո՞րն է գրողի դերը ժամանակի մեջ, հասարակական կյանքում։ Նույն հասարակությունն անընդհատ պաթոսով հարցնում է՝ ո՞ւր է գրողը, մտավորականը։






- Իր արհեստով, իր փեշակով, իր գրականությամբ լինի մասնակից հասարակական բոլոր շարժումներին, առաջընթացին։ Դարձել է սովորություն, որ Խորհրդային Միության ժամանակներից է գալիս, հասարակությունն անընդհատ ուզում է քեզ տեսնել այնտեղ, որտեղ այդ օրվա մեջ ինքը պահանջ է զգում։ Բայց այդպես չի, չի կարելի պահանջել մի բան, որը նրան հատուկ չի։ Նախկինում, բնական է, որ գրողը պետք է մասնակից լիներ քաղաքական կյանքին, բայց քանի որ արդեն հասարակությունը շերտավորվում է, անկախ նրանից՝ լավ է թե վատ, մտավորականությունը պետք է լինի իր գործով, իր արտադրանքով թե՛ խմորողը, թե՛ շտկողը. իր գրականությամբ պետք է կարողանա շտկել, իր խոսքով՝ բան հասկացնել։ Չի կարելի նրանից պահանջել իրեն ոչ հատուկ ֆունկցիաներ։ Ժողովուրդը պետք է աստիճանաբար սովորի, որ ամեն մեկից պիտի պահանջես այն, ինչ որ ինքը կարող է անել, ինչը լավ է անում։



 



- Նոր բովանդակության մե՞ջ է քննվում մշակույթը։ Այսօր ի՞նչ արժեհամակարգով է գնահատվում ստեղծագործությունը, ո՞րն է չափանիշը։






- Մենք արժեւորման խնդիր ունենք։ Երգիչներ կան, որ ստադիոններ կարող են լցնել, նշանակում է, որ հասարակության մեջ դեպի իր հավանածը գնալու ցանկությունը կա։ Բայց ի՞նչ պատահեց, որ հանկարծ այն, ինչն արժեքավոր է, դրա ետեւից չեն գնում, իսկ այն, ինչն անարժեք կամ թերարժեք է, դրա ետեւից գնում են։ Դա հենց արժեւորման դեֆիցիտի պակասն է, այսինքն՝ չի արժեւորվում քո գրականությունը, ոչ թե նրա համար, որ ինքն արժեքավոր չի, այլ որ հասարակության մեջ նրան նշանակություն չեն տալիս։ Այս տարիներին, ովքեր որ հեշտությամբ պահանջարկ ձեւավորեցին էժան ստեղծագործությունների, որովհետեւ հեշտ է դրա անելը, նրանք այսօր հանկարծ ասում են, որ քո ժողովուրդը պահանջարկ չունի արժեքավորի։ Նման պահերին երեւի թե պետությունը կամ հասարակության այն շերտերը, որոնք այդ մասին մտածում եւ ցավում են, նրանք պետք է, նույնիսկ ֆինանսապես վնասվելու պայմանով, պահանջարկ ձեւավորեն եւ ասեն՝ պահանջարկ կա դասական երաժշտություն լսելու, պոեզիա կարդալու։ Խորհրդային երկրում ռաբիզ չէր հնչի ռադիոյով, որովհետեւ դրա տեղը դուքյանն էր։ Ամեն ինչ պիտի իր տեղը նստի, մեր կյանքում հակառակն է, ամբողջ աստիճանակարգը խախտվել է, եւ արժեհամակարգի խախտման պատճառով արժեքավորն ընկել է ներքեւ, մնացածը՝ բարձրացել վերեւ։



 



- Մեր առօրյան հաճախ սկսվում է մի սոսկալի բառով՝ արտագաղթ, եւ երբեմն էլ ավարտվում նույն բառով։ Մենք մեր հողի վրա ազատ ապրելու իրավունքը նվաճեցինք եւ հիմա փախչո՞ւմ ենք։






- Շատ կուզենայի, որ այս արտագաղթն այն չափով լիներ, որ ես ասեի՝ մի անհանգստացեք, մարդիկ են, ավելի լավ դրսեւորվելու տեղ ունեն, թող գնան եւ դրսեւորվեն. լավ ֆուտոլիստ դառնա, լավ նկարիչ դառնա։ Շատ կուզենայի, որ այդ իրադրության մեջ լինեինք, ի վերջո, ամբողջ աշխարհն է գնում եւ գալիս, բայց մեզ մոտ չափը դուրս է եկել, մեր ազգային հավասարակշռությունն է արդեն խախտվել։ Ի՞նչ է նշանակում, երբ քո հայրենիքում ավելի քիչ հայ ունենաս, քան ուրիշ տեղ. այ, սա է անհանգստացնում։ Այն քանակը, որ անհրաժեշտ է ունենալ հայրենիքում, ասենք՝ 4-5 միլիոն մարդ կարող է պահել այս փոքր երկիրը, նրանց համար պետք է բարեկեցիկ կյանք ստեղծել։ Դրսում ապրողը ոչ թե միայն փող ուղարկի, այլ ուրախ լինի, հպարտանա, որ այսպիսի հայրենիք ունի. սրա մասին է պետք մտածել, երկիրը երկիր դարձնել։ Մի այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մարդիկ փախչելով են գնում: Այնպես պետք է անեն, որ մարդիկ չփախչեն, թե չէ գնալը՝ պիտի գնան, աշխարհը բաց է։



 



- Մենք, չգիտեմ, թե ինչ չափով ստեղծեցինք պետություն, բայց մեծ չափով չենք կարողանում գոյատեւել սեփական երկրում։ Մեղավորը մե՞նք ենք, թե՞ երկիրը։






- Ես աղքատ սփյուռքահայ չեմ տեսել, այնպես է ստացվում, որ աշխատող-ստեղծողները դրսում են, իսկ անշնորհքները մնացել են այստեղ, բայց այդպես չի։ Նրանք ապրում են այդ երկրի անոթի մեջ եւ բարգավաճում են։ Եթե մենք չենք կարողանում մեր ստեղծած կառույցի մեջ ապրել եւ բարգավաճել, նշանակում է, որ կառույցն է մեղավոր։ Երբ Սփյուռքից նույն մարդուն բերում ես այստեղ՝ փչանում է, ուրեմն կառույցից է։ Գիտեմ՝ դժվարություններ կան, հեշտ չի, բայց բաներ կան, որ պետք է արագ անել, չի կարելի դանդաղել, երբ դանդաղում ես, հնարավոր է, քո նպատակին չհասնես։ Երբ դանդաղում ես, անընդհատ սխալներ ես անում, այդ սխալները կուտակվում են ու հանկարծ պայթում, եւ տեսնում ես, որ քո պետությունը չկա այլեւս։ Սա է սարսափելին, թե չէ ո՞վ չգիտի, որ իրոք դժվար է պետություն կառուցելը։ Ձեռքբերումներ կան, բանակ ունենք. մեր երեւի թե միակ ձեռքբերումը։ Բայց միայն հո բանակով չի՞. պետությունը միայն բանակ չի, չէ՞։



 



- Ի՞նչ է մեզ անհրաժեշտ, որ այս՝ ճգնաժամից ասեմ, թե անկման ճանապարհից, կարողանանք դուրս գալ։






- Նվիրյալների խնդիր ունենք մենք։ Պետությունն ի վերջո միայն թղթի վրա գրված կամ շենքով արտահայտված բանի չի. մարդկանցով է պետությունը պետություն դառնում։ Շատ ժամանակ ասում են, որ իբր անհատը նշանակություն չունի, կուսակցությունը կամ չգիտեմ ինչն է կարեւոր. այդպես չի։ Այսօր էլ ունենք մարդիկ, որոնց չեն թողնում, որ լավ աշխատեն։ Քոսոտ, աղքատ երկիր չի սա մարդկային առումով, կան այդ մարդիկ, բայց ո՞նց անենք, որ նրանք գան եւ այն տեղերը գրավեն, որոնք հատուկ են իրենց։ Համակարգն այնպես է կառուցված, որ չես կարող նրանց բերել։ Հնարավորություն չունեն գալու այն նվիրյալները, որոնք կարող են 5-10 տարի գործ անել եւ իրենց մասին չմտածել, չէ՞ որ այդպիսի փորձ ունեցել ենք Առաջին հանրապետության շրջանում, երբ այդ նվիրյալները կարկատած շալվարով էին հյուր ընդունում եւ ամաչում էին, բայց գիտեին, որ չէր կարելի պետական փողով շալվար առնել։ Այսօր էլ ծանր վիճակ է, ովքե՞ր կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից՝ նվիրյալները, բայց ո՞նց բերենք նվիրյալներին։ Կուսակցության այս քվոտաները, այս ամեն ինչը երկիրը քարուքանդ է անում. քո իրական ուժը, քո պոտենցիալը չի օգտագործվում, այ, սա է վատը։ Ես չգիտեմ, թե ոնց ստեղծենք այն մեխանիզմը, որ արժեքավոր մարդը գա։



 



Հուսիկ ԱՐԱ