Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Ի՞նչ կա չկա (շարադրություն` ազատ թեմայով)



 



Բարեկամս հաճախ կարոտած զանգում Ամերիկայից: Նա գիտի, որ իր բարեկամներից միայն ես փող չեմ ուզում իրենից ու միշտ ինձ է զանգում, որ իմանա` ի՞նչ կա չկա իր հայրենիքում առանց իրեն: Ես պատմում եմ, ինքը` դարդոտում է, ինքը դարդոտում է` ես ավելի եմ պատմում: Աշխատում եմ ամեն ինչ նկարագրել մանրամասն` պահպանելով դեպքերի ու անցուդարձի ժամանակագրությունը:



 



Հեշտ գործ չի, ասեմ, մի հեռախոսազրույցի շրջանակներում այստեղից Ամերիկա փոխանցել երկրում տեղի ունեցողը, մանավանդ, երբ գիտես, որ բարեկամդ նույնիսկ Ամերիկայի պես երկրում համակարգչի հետ գլուխ չունի:



 



Այս անգամ զանգել էր խիստ անհարմար պահի և ես ստիպված հեռախոսը ուսով ականջիս մոտ պահած էի պատասխանում նրա հարցերին: Անհարմար զգացի ասեմ` հարմար չի, Սուրեն ջան, հետո զանգիր: Իսկ նա էլ, կես ժամ գլուխս տանելուց հետո ծոր տվեց այնտեղից.



 



-Դե պատմի…



 



Պրծում չունեմ նրանից: Մի քիչ պատմելուց հետո տեսա, որ արդեն բան չունեմ պատմելու: Բայց այդ պահին աչքս ընկավ համակարգչիս էկրանին բացված լուրերի սյունակին: Դա իմ փրկությունն էր: Սկսեցի Սուրիկիս համար հերթով կարդալ նյութերի վերնագրերը: Քիչ անց իմ հայտնագործությունից ինքս էլ էի ապշել: Գիտե՞ք քանի տարի է արդեն զանգում է, ու ասում` դե պատմիր:



 



Մի խոսքով Սուրիկիս համար սկսեցի կարդալ:



 



-Առանձնապես բան չկա Սուրո ջան: Զբաղված ենք ռեժիմը հեռացնելով: Անցումային կառավարություն ենք կազմում որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անենք: Նախախորհրդարանից են ասել, ով ուզում է, կրող է առաջադրվել:



 



-Յա~ա~ա~,- զարմանում է այնտեղից Սուրոն:



 



-Երևի լսած չեք լինի: Հովիկ Աբրահամյանը սփյուռքի նոր փոխնախարար է նշանակել, սա ձեր գծով է, աչքալուսանք տուր սփյուռքահայերին, թող ուրախանան: Բայց մի վատ բան էլ է պատահել` Աշտարակի դպրոցներից մեկում օձ է նկատվել:



 



-Հա՞, բա վտանգավոր չի՞:



 



-Ես դրանցից գլուխ չեմ հանում, Սուրո ջան, ասում են` շահմար տեսակի օձ է, ըստ ԱԻՆ-ի` շամհար: Համ էլ էրեխեքին տարել են անվտանգ տարածք… Սուրոյիս ասեմ`այս երկու օրը ԱԻՆ-ի գործերը շատ են: Հրազդան գետում էլ տղամարդու դիակ են հայտնաբերել, հետն էլ` իրանցի: Պատկերացնո՞ւմ ես, մարդ Պարսկաստանի ծովերը թողնի` գա էս առվում խեղդվի: Էլ ի՞նչ ասեմ, ախպեր ջան: Հա, Երևանի կենտրոնում պայթյուն է որոտացել: Չէ, ալ Քաիդան չի, ավտոտնակ է պայթել, գյոզալ X5-ն էլ վնասվել է: Չի բացառվում, որ դա է եղել պատճառը, որ Վալոդյա Ավետիսյանի վճիռը չկայացվի: Այսքանը դեռ բավական չէ, Կոմիտասի վրա 4-րդ կուրսի ուսանողուհու են վրաերթի ենթարկել: Այո, իհարկե տարել են հիվանդանոց: Չէ, մեզ մոտ այդ հարցը, փառք Աստծո, լավ է դրված: Հեռու տնից տեղից, եթե մարդ նույնիսկ մեռնում էլ է, սկզբում հիվանդանոց են տանում:



 



Ի դեպ, Սուրո ջան, Շևարդնաձեն մեռել է: Դու իրեն լավ կիմանաս: Հիշում ե՞ս, դեռ այստեղ էիր, որ Սահակաշվիլին վարդը ձեռքին մտավ խորհրդարան ու խեղճին իջեցրեց ամբիոնից: Ինչ օրեր էին…



 



Հա, ամենակարևորը մոռացա: Նուբարաշենի քրեակատարողական հիվանդանոցից կալանավոր է փախել:



 



-Յա~ա~ա~, բա հետո՞



 



-Հետո այն, որ ՀՔԾ-ն ոստիկաններին է մեղադրում, իսկ օմբուդսմենը, թարսի պես, հենց այսօր մեղադրանքներ է ներկայացրել արդարադատության նախարարությանը:



 



Սուրոս այստեղ աշխուժացավ.



 



-Ընչի՞, նոր նախարարն էլ է ճաքա՞ծ:



 



-Չէ, Սուրո ջան, ճաքածի հարցը չէ: Բանն այն է, որ Հայաստանում հիմա ամեն ինչ խառնվել է իրար: Իշխանությունը ընդդիմությունից ավելի ընդդիմադիր է դարձել: Տիգրան Կարապետյանն է այդ մասին խոսել, ու առաջարկել է նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանին:



 



-Յա~ա~ա~…



 



-Մի զարմանա, Սուրո ջան, Կարապետիչը ուշ-ուշ է խոսում վերջերս, բայց ճիշտ բաներ է ասում: Այ, օրինակ նա քառյակին հուշել է` փոխանակ կենսաթոշակի 10 տոկոսը պահելուն դեմ լնեք, իշխանություններին դեմ եղեք և հարցերը կլուծվեն…



 



-Լավ, կներես, համբուգերս ու կոլոս բերեցին,- ասաց այն կողմից Սուրոն, չպատկերացնելով, թե ինչ հանգստություն իջեցրեց հոգուս:



 



-Լավ, Սուրո ջան: Ուտես վերջացնես` ժամանակ գտիր, զանգիր, էլի կպատմեմա: Շատ բան կա, որ չհասցրեցի պատմել: Ասեմ նաև, որ խարդախության մեղադրանքով հետախուզվող մի կնոջ են 20 տարի անց ձերբակալել:



 



-Յա~ա~ա~...



 



Դե լավ, բարի ախորժակ, Սուրո:



 



Էդիկ Անդրեասյան