Վոլոդյա Ավետիսյանին ՝6 տարի ազատազրկում

Վոլոդյա Ավետիսյանին ՝6 տարի ազատազրկում

Երեւանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը:



Մինչ դատական նիստի սկիզբը դատարանի դահլիճում գտնվողները երգում էին ազգագրական-հայրենասիրական երգեր: Երբ դահլիճ բերեցին Վոլոդյա Ավետիսյանին նրանք ոտնկայս ծափահարեցին: Վերջին խոսքի իրավունքը տրվեց ամբաստանյալին: Նա դիմեց բոլորին՝ մարտական ընկերներին եւ դահլիճում ներկա գտնվողներին:



«Արդեն 9 ամիս է, որ այստեղ եմ, ես մեղավոր չեմ, որ ստեղ եմ, ռեժիմն է մեղավոր, համակարգն է մեղավոր: Կոչ եմ անում համայն հայությանը՝ գան տեր կանգնեն մեր երկրին: Հայաստան առանց հայերի՝ սա է նպատակը, ես պայքարելու եմ մեր սերունդների համար»,-ասաց նա:



Ավետիսյանի վերջին խոսքը ընդունվեց ծափահարություններով: «Հերոս, հերոս»,-վանկարկում էին դատարանում հավաքվածները:



Դատավոր Լեւոն Ավետիսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց վճիռը՝ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման եւ բռնագանձել 2 հազար դոլար:



Ամբաստանյալի հարազատներն ու ընկերները վճռի հրապարակումից հետո սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրին  դատավորի հասցեին:



Նշենք, որ դատարանի բակում էին նաև Վոլոդյա Ավետիսյանի 3 անչափահաս երեխաները։