Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթի ինքնաթիռը պետք է ընկներ ռուսական տարածքում. կարծիքներ Մոսկվայից

Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթի ինքնաթիռը պետք է ընկներ ռուսական տարածքում. կարծիքներ Մոսկվայից

Մալայզիական Բոինգ-777 ինքնաթռը խփվել է ուկրաինական Cy-25 կործանիչից, և այն հաշվարկով, որ պետք է ընկներ Ռուսաստանի տարածքում: Ամերիկացիները գիտեն այս մասին, բայց լռում են, Ռուսական հեռուստատեսության ՙԱռաջին ալիք՚-ի եթերում հայտարարել են մի խումբ ռուս փորձագետներ:



ՙCy-25 ռազմական օդանավն ի վիճակի է կարճ ժամանակով բարձրանալ մինչև 10 հազար մետր: Դա այն բարձրությունն է, որով թռչում էր Բոինգը: Այդ ՙհանդիպումը՚ կազմակերպվել է Դնեպրոպետրովսկի` թռիչքների ղեկավարման կենտրոնի աջակցությամբ, ընդ որում, հրեշավոր ահաբեկչության կազմակերպիչները հաշվարկել էին, որ խփված ինքնաթիռը կընկնի Ռուսաստանի տարածքում՚,- հայտարարել է 2002-2007թթ. ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը:



ՙԴա արվել է շատ կոպիտ ձևով: Cy-25-ը չէր կարող չափից դուրս նկատելի կերպով ներխուժել միջազգային օդային միջանցք, որով թռչում էր Բոինգը: Դնեպրոպետրովսկի զոնալ կենտրոնից են հրահանգել Բոինգին ձախ ընդունել և մոտենալ Cy-25-ին՚,- ասել է Միխայլովը:



ՙԱյդտեղ մի խնդիր կա: Բանն այն է, որ Բոինգը թռչում էր 900 կմ/ժ արագությամբ, իսկ այդ բարձրության վրա Cy-25-ը նման արագություն չի կարող զարգացնել: Եվ դա անելու հարկ էլ չի եղել: Փոխարենը նա ՙքիթն՚ ուղղել է դեպի իրեն եկող նշանակետը, ծրագրավորել P-60M հրթիռի մարտագլխիկն ու արձակել թիրախի ուղղությամբ: Այդ կարգի հրթիռով խոցման ամենաօպտիմալ հեռավորությունը 3-5 կիլոմետրն է, ինչը հաստատել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը՚,- համոզմունք է հայտնել Միխայլովը:



Հարցին` կարո՞ղ էին ամերիկացիները տեսնել այդ ամենը` բանակի գեներալը հեգնանքով է արձագանքել. ՙՀավանաբար տեսել են՚:



ՙԱմերիկացիները գիտեն ողջ ճշմարտությունը: Ուկրաինայի արևելքը գտնվում է նրանց արբանյակների հսկողության տակ և հետախուզման նպատակներով նկարահանվում է բազմաէշելոն բարձրություններով: Ինչո՞ւ նրանք չեն հրապարակում իրենց տեղեկությունները. մի պարզ պատճառով. Խոստովանել, որ Բոինգը կործանել են ուկրաինական ուժերը, նշանակում է տապալել Պորոշենկոյին և զրոյացնել իրենց ջանքերն ու ծախսած միլիարդները, որոնք ներդրվել են Ուկրաինայի շուրջ քաղաքական դաշտի ձևավորման այս ողջ ծրագրում՚,- իր հերթին նշել է ՙԱզգային պաշտպանություն՚ հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:



Վերջինս ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև ԱՄՆ հետախուզության տոնի փոփոխության վրա, երբ նրանք հայտարարեցին, որ Բոինգը Ռուսաստանը չի կործանել:



Կործանված ինքնաթիռի ինքնագիր սարքերը Մեծ Բրիտանիային փոխանցելը մեզ կհեռացնի ճշմարտությունից, նշել է ՙԿոմսոմոլսկայա պրավդայի՚ ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը: ՙԱյս իրավիճակում Մեծ Բրիտանիան ծախված դատավոր է՚,- ասել է նա` ընդգծելով, որ ՙսև արկղերի՚ պարունակության վերծանման բարոյական իրավունքը պատկանում էր Հոլանդիային, քանի որ ամենաշատը հենց այդ երկրի քաղաքացիներ են զոհվել աղետում:



ՌԴ զինված ուժերի ՀՕՊ զորքերի շտաբի նախկին պետ, պահեստի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Մասլովն էլ հայտարարել է, որ աղետի ուսումնասիրության միջազգային հանձնաժողովը պետք է Կիևից պահանջի ուկրաինացի դիսպետչերների և Բոինգի օդաչուների խոսակցությունների, ինչպես նաև ուկրաինացի զենիթայինների միմյանց միջև պայմանավորվածությունների ձայնագրությունները: Այդ նութերը մեծապես կօգնեն ողջ ճշմարտությունը ջրի երես հանելուն:



ՙԱնհերքելի ապացույցներ են համարվում հատկապես այդ տարածքում թռիչքների կարգավորման ռադիոլոկացիոն կայանների օբյեկտիվային հսկողության տվյալները: Այդ տվյալների մեջ միայն կարելի է տեղեկություններ գտնել Ուկրաինայի ՀՕՊ ուժերի գործողությունների, ինչպես նաև ռազմական օդանավերի թռիչքների ինտենսիվության մասին՚,- նկատել է Մասլովը և ընդգծել, որ դեռ խորհրդային ժամանակների ռադիոլոկացիոն համակարգը, որ առկա է նաև Ուկրաինայում, աշխատում է ինչպես ժամացույցը և այդ մասին գիտեն ոչ միայն ուկրաինացիները, այլև ողջ աշխարհը:



Ըստ գեներալի` Բոինգի ֆյուզելյաժի վնասվածքների բնույթից կարելի է որոշել թե ինչ հրթիռով է այն խփվել, և ոչ ավելին:



ՙԲայց այն հանգամանքը, որ նույնիսկ այդ ինֆորմացիան է թաքցվում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատերի ներսում, ստիպում է մտածել, որ ամեն ինչ ընթանում է 2001թ. նմանատիպ մեկ այլ պատմության սցենարով, երբ ուկրաինացիները Սև ծովի վրա խփեցին ռուսական Ty-154 ինքնաթիռը` սպանելով 78 մարդու: Ես հիշում եմ թե ինչպես դա տեղի ունեցավ: Ուկրաինայի իշխանությունները նույնիսկ երդվում էին, թե դա իրենց սխալի հետևանքը չէ, բայց օբյեկտիվային վերահսկողության սարքերով ապացուցվեց հակառակը՚,- ասել է Մասլովը:



Անդրադառնալով Ուկրաինայի ԶՈւ ՀՕՊ զորքերի նախկին փոխհրամանատար Վլադիմիր Դյակովի հուլիսի 21-ի հայտարարությանը, թե Բոինգին հարվածած հրթիռի տեսակը կարելի է որոշել միայն այդ հրթիռից մնացած բեկորով, որի վրա նշված կլինի, թե ՌԴ զորքերի հատկապես որ կայանքի վրա է այն հաշվառված, Մասլովը մասնավորապես ասել է. ՙԱյդ հայտարարությունից հետո կցանկանայի նրան հիշեցնել սպայի պատվի և խղճի կաթիլի մասին: Բանն այն է, որ 2001 թվականին հենց Դյակովի հրամանով է խփվել ՙՍիբիր՚ ավիաընկերության Ty-154 ինքնաթիռը, և այն ժամանակ էլ նա հերքում էր ուկրաինական զինուժի մասնակցությունը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիների սպանության գործին՚: