Նախագահը մի թարս սիլլա էլ որ Շուշանին տար՝ ավելի կբարձրանար երգչուհու վարկանիշը

Նախագահը մի թարս սիլլա էլ  որ  Շուշանին տար՝  ավելի կբարձրանար երգչուհու վարկանիշը

Ես չգիտեմ՝ ով է ուզում մեր Շուշիկին այս շոգ ամռանը ազգային հերոսուհի դարձնել ու իր հնարավորությունից ավելի վեր թռիչք ապահովել, բայց ասեմ, որ նման թռիչքներ այսօր երգչուհին կարող է անել ընդամենը որևէ ծովում: Հանգստանում ու չոփիկ-չոփիկ է անում, ինչպես մնացած պատգամավորուհիները ու մեր երկրի սքանչելի պաշտոնյաները: Իսկ դուք հույս ունեք, որ նա կգա ու սեպտեմբերին վար կդնի իր մանդատն ու կասի՝ սա ինձ պետք չէ, առեք ու կերեք… Ու այնքան եք հավատում դրան, որ պես- պես նախշուն հեքիաթներ եք հորինում: Այսօր մի բան կարդացի ու այնպիսի տպավորություն ստացա, որ ՀՀԿ-ն իր ողջ ռազմատեխնիկայով հարձակվել է մեր խեղճ Շուշիկի վրա, ու նա չի հանձնվում:



 



Կարծում եմ այդ միտքը ձեզ է կհետաքրքրի ու մեջբերում եմ. «ՀՀԿ խմբակցությունում կարծում են, որ եթե մինչև այժմ իրենք կարող էին աչք փակել Պետրոսյանի կամքի ազատ դրսևորումների նկատմամբ, ապա այժմ նման շքեղությունն ուղղակի անթույլատրելի է»: Ա՜յ ձեր խիղճը կտրվի, Շուշանն ու՜ր, կամքի ազատ դրսևորումն ու՜ր… Հա՜, աչք մի խոթեք, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին դեմ է քվեարկել, չե՞ք մտածում՝ տեսնես ինչ մոծակ է խայթել Շուշիկին: ՀՀԿ-ի խոհանոցին ո՞նց կարող եք լիարժեք տիրապետել, «կնանոց բազառռռին», ով՝ ինչ է ուզում, ով՝ ինչ է շնչում: Էդ կնանիքը մի կողմի վրա են գցել Շուշիկին, ամեն անգամ իրենք մի տեղի վրա թռնում են, Շուշոն մնում է «նաբարտու»:



 



Ինքն էլ նեղանում է, չէ՜: Մի ձև իրեն ցույց չտա՞… Բռնեց ու թարս քվեարկեց՝ զուտ կենցաղային- կուտակային առումով: Իսկ որ գրում եք, թե նախագահը նրա վրա բարկացել է, էդ էլ բացատրեմ: Ո՜նց չբարկանա: Մարդիկ հավատում են՝ Շուշանն ընդդիմադիր է դառնում, նախագահը ո՞նց չօգտագործի այդ պահը: Այս տրամաբանությամբ եթե գնանք՝ նախագահը մի թարս սիլլա էլ որ Շուշանին տար, ավելի կբարձրանար երգչուհու վարկանիշը: Հանուն երկրի, հանուն ապահով Հայաստանի:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ