Ինչու՞ նասկի չես հագնում, Հրաչ ջան

Ինչու՞ նասկի չես հագնում, Հրաչ ջան

Երեկ, «Կիսաբաց լուսամուտներ»- ում էլի տեսնելով Հրաչի կիսաբաց ոտքերը, սկսեցի մտորել: Երբեմն նման մանր թվացող մի դետալ այնպես է գրավում ուշադրությունս, որ բան ու գործս թողած, կենտրոնանում եմ այդ դետալի վրա: Պարզ ուզում եմ հարցնել՝ ինչու՞ նասկի չես հագնում, Հրաչ ջան: Բայց քանի որ Հրաչը տեղում չէր ու չէի կարող զանգել ու հարցնել, ինքս փորձեցի բացատրել: Եթե հաղորդավարուհին կարող է բացել իր կուրծքը ու շանթահարել հյուրին՝ չթողնելով անգամ նա կենտրոնանա բուն նյութի վրա, տղա հաղորդավարներն ի՞նչ անեն: Մի մարմնամասն էլ իրենք պիտի բացեն: Հրաչը գտել է, որ ամենագողտրիկ տեղը ոտն է ու դա էլ բացում կամ կիսաբացում է: Իսկ գուցե դա հաղորդման շրջանակներում է՝ կիսաբաց ոտք: Ինչևէ, կիսաբաց ոտքեր մեկ էլ Արցախյան պատերազմի ժամանակ եմ տեսել: Մի անգամ դիրքերում եղածս ժամանակ նկատեցի, որ մեր տղաները ոնց որ թե կաղում են: Հարցրի.



-Երեխեք, էդ սապոգները ոնց որ հարմար չեն հա՞… Ժպտացին.



-Նասկի չունենք, ոտքներս լրիվ վերք ա:



Բանակ չկար, դժվար էր, կամավորները նեղումն էին: Գնացի ու մեր տեղական ռադիոյով հայտարարեցի.-Տղաները մեր բարձունքն են պահում, որ քաղաքը չռմբակոծեն, խաղաղ քնենք: Ում քանի երեխա ունի, այդքան գուլպա գործի, հինգ օրվա ընթացքում տանելու եմ Կատարի բարձունք: Փառք Գորիսի կանանց, մի մեքենա գուլպա հավաքվեց ու ես հրամանատար Մեծ Սոսի, հոգին լույս դառնա Սոսի, Գրադի Կամոյի ու մեր ռադիոլրագրող Մերիի հետ գուլպաները հասցրի տղաներին: Չնայած ճամփին հրետակոծության տակ ընկանք, բայց դա փոքր բան էր այն ուրախության հանդեպ, ինչ զգացին տղաները: Ինչքան էին ուրախացել տղաները, ինչքա՜ն… Հիմա Հրաչ ջան, գիտենք որ նեղում չես, ինչու՞ նասկի չես հագնում: Գուցե մի «Կիսաբաց լուսամուտ» էլ մենք բացենք ու գանք՝ քեզ օգնենք…



ՀԳ Նյութի համար նկար էի որոնում, երբ գտա այս նկարը ֆեյսբուքում՝ նույն մտահոգությամբ ու ստատուսով:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ