… Ու ո՞նց ես պատկերացնում. նախագահը որ զինի մարդկանց, հետո ի՞նչ է լինելու

… Ու ո՞նց ես պատկերացնում. նախագահը որ զինի մարդկանց, հետո ի՞նչ է լինելու

Վազգեն Մանուկյանի արյունը կրակին դրված թեյնիկի նման ոնց որ եռում է՝ է՜, երանելի օրեր: Այն ե՞րբ էր, որ մտավ նախագահական ու հրահանգեց՝ եթե կես ժամ հետո չգամ, ետևիցս եկեք: Հիմա նախագահականը նրա հայրական տունն է դարձել, ազատ ելումուտ է անում ու հրահանգներ տալիս: Հրահանգների մի մասը ապստամբական գաղափարներ է իր մեջ պարունակում, որովհետև ժամանակին իր արյունն էլ է եղել ապստամբող: Ահա այդ ապստամբական առաջարկներից մեկը. գուցե սահմանամերձ շրջանի բնակչությանը զինե՞լ է պետք: Ու սա ասում է նախագահին, այն դեպքում, երբ դրսում հանրային խորհրդի անդամներին չի զգուշացրել՝ որ կես ժամ ուշանամ, ետևիցս կգաք: Նախագահը խորամտորեն մերժում է, գլխի ընկնելով, թե գյուլլեն ուր կարող է գնալ, ասելով. «Ով կարող է զենք բռնել, նրա տեղը բանակում է»:
Հեռու տնից տեղից, Վազգեն Մանուկյանը ստրկատերերի դեմ երևի Սպարտայի ապստամբություն է ուզում հրահրել: Բոլորին զենք կտա ու կասի՝ դե կռվեք: Ձեր ազատության, շղթաներից ազատվելու համար: Ես էլ որպես զինված կես ժամանոց ապստամբության փորձագետ, կառաջնորդեմ շարժումը: Ի զեն, ի իշխանություն: Առաջինն ինքը կմտնի նախագահական ու կհրահանգի՝ Տավուշ, եթե կես ժամ ուշանամ, ետևիցս եկեք ու վրա տվեք: Սյունիքից մինչև հասնեն, ամեն ինչ պրծած կլինի:
Է՜, Վազգեն, Վազգեն: Դու չգիտե՞ս որ մարդկանց զինես, ու՞մ դեմ է այդ զենքը ուղղվելու… Ու ո՞նց ես պատկերացնում՝ նախագահը որ զինի մարդկանց, հետո ի՞նչ է լինելու…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ