Ռուս-ադրբեջանական ջերմ հոսանքներ

Ռուս-ադրբեջանական ջերմ հոսանքներ

Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ միայն ավելի մերձեցրեց Ռուսաստանը Ադրբեջանի հետ, այսօր Բաքվում հայտարարել է տնտեսական համագործակցության ռուս - ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:



«Այս տարվա որոշակի քաղաքական իրադարձությունների հետևանքով այսօր Ռուսաստանի Դաշնության վերապրած փորձությունների ժամանակները իրականում մերձեցնում են Ռուսաստանը և Ադրբեջանը: Ներմուծման լրացման քաղաքականության շրջանակում ադրբեջանական արտադրանքը գալիս է Ռուսաստանի շուկաներ, այն պահանջված է», - ասել է Ռոգոզինը:



Միջկառավարական հանձնաժողովի մյուս համանախագահ, Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, իր հերթին, հայտարարել է, թե Եվրամիության պատժամիջոցները չեն կարող կոտրել Ռուսաստանին:



«Ներկայումս Եվրամիությունը ճնշում է գործադրում Ռուսաստանի նկատմամբ, սակայն ոչ ոքի չի հաջողվի կոտրել Ռուսաստանի Դաշնությանը, այն երբեք չի ճկվի», - հայտարարել է Էյուբովը միջկառավարական հանձնաժողովի՝ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած նիստի ժամանակ:



Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան հավաստիացրել է, որ Ադրբեջանը միշտ համարել և համարում է Ռուսաստանը ամենամոտ և եղբայրական երկիր:



«Ադրբեջանը և Ռուսաստանը ապրում են համաշխարհային բարդ իրավիճակի ժամանակաշրջանում: Մենք միշտ պետք է միասին լինենք, միասին մենք ավելի ուժեղ կլինենք», - հայտարարել է Էյուբովը: