Կարելի է Հնդկաստանի մասին մի ձոն գրել

Կարելի է Հնդկաստանի մասին մի ձոն գրել

«Չմեռանք, Վրաստանի նախագահի հետ էլ փարթի արեցինք»: Այսպես է սկսվում երիտասարդ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի` օրերս Facebook սոցիալական ցանցում դրած մի լուսանկարի մակագրությունը, լուսանկար, որտեղ ճանաչեցի ոչ միայն Հասմիկին, այլեւ աշխարհում բավական հայտնի՝ թուրքական «Քալեմ» գրական գործակալության տնօրեն Ներմին Մոլլաօղլուին, ով հետաքրքրված է նաեւ հայկական գրականությամբ եւ վերջինիս՝ հայերենից դեպի թուրքերեն թարգմանությամբ: Եվ, ուրեմն, Վրաստանում անցկացված մի գրքի փառատոնի շրջանակներում հայ երիտասարդ գրողները հանդիպել են Վրաստանի նախագահի հետ հենց նախագահի նստավայրում, մի-մի բաժակ խմել, կենացներ ասել, փոխանակվել հաճոյախոսություններով, նախագահ Մարգվելաշվիլին էլ չի զլացել եւ Facebook-ի իր պաշտոնական էջում եւս կիսվել է այդ նորությամբ՝ լուսանկարներով եւ վիդեոյով:



«Եվ, ուրեմն, Մարգվելաշվիլին հերթով ծանոթանում էր հյուրերի հետ, մի քիչ զրուցում, չխկ, ֆոտո, նեքսթ, չխկ, ֆոտո, նեքսթ, կարգին անգլերեն էր տժցնում, ինչի համար ահագին նախանձեցի: Ի դեպ, նախագահականը քիթ քթի տված էր հին քաղաքին, դարպասներից երկու քայլ էն կողմ էլ հասարակ խանութներ էին, ու տպավորություն էր, որ էստեղ նախագահը լանչի ժամերին դուրս է գալիս՝ էդ խանութից մի բան առնելու, մի երկու բառ էլ էդ մարդկանց հետ տնավարի խոսելու, ինչեւէ, սրանք ընդամենը եւ գուցե ոչ այնքան պոետական ենթադրություններ են...»,- գրում է Հասմիկ Սիմոնյանը:



Վրաստանի նախագահի հետ մեր գրողների հանդիպումը շատ սովորական կլիներ, եթե արտասովոր չլիներ: Քանի՞ անգամ են նրանք Հայաստանում արժանանում պարզ, ոչ այնքան պաշտոնական ընդունելությունների թեյի, սուրճի կամ գրականության շուրջ: Քանի՞ անգամ է գրականության հետ կապված որեւէ բան ընդունելության կամ ընթրիքի առիթ դառնում: Քանի՞ անգամ է մեր նախագահը սոցիալական ցանցերում իր էջերով մասնակից դառնում եւ կիսվում նմանատիպ ուրախություններով: Եվ, ի վերջո, քանի՞ անգամ են իրենք՝ գրողները, գոհ մնում նման հանդիպումներից: Հարցերը հռետորական են, պատասխանը՝ բոլորիս հայտնի:



Ինչպես երեւում է լուսանկարներից եւ գրառումներից, Վրաստանում երիտասարդ հայ գրողները հանդիպել են տարածաշրջանի եւ ավելի հեռուներից եկած գրական մարդկանց՝ գրողների, հրատարակիչների, թարգմանիչների, գրական գործակալների:



«Կեսգիշերից մի քիչ առաջ, երբ արդեն հյուրանոցի բարում օրվա փակում էինք կատարում մեկս՝ գինով, մյուսը՝ գարեջրով, երրորդն էլ՝ ծխախոտի համառ փնտրտուքով, Լոնդոնում ապրող հնդիկ հրատարակիչը՝ Շրին, պատմեց իրենց երկուրոպեանոց առանձնազրույցը. Մարգվելաշվիլին նախագահական ընտրություններից առաջ գնացել է Հնդկաստան եւ ապա ընտրվել նախագահ, նաեւ խոստովանել է, որ Հնդկաստանի հետ կապված հաջողակ ու կարեւոր այլ զուգադիպումներ եւս պատահել են իր կյանքում, ինչի համար Շրին ահագին հպարտ էր ու ուրախ: Եվ ահա մեր՝ այլեւս ախպերություն Շրին մեզ առաջարկում էր՝ որ կյանքում նեղն ենք լինում, Հնդկաստանի մասին մի ձոն ա, բան ա գրենք, ըստ իր ու վրաց նախագահի հավատալիքի՝ ըլնող բան ա՝ հաստատված վրաց հողով, Քռի ջրով, համովաձկներով եւ այլ բաներով…»,- պատմում է Հասմիկ Սիմոնյանը:



Վրաստանի նախագահի տված ընդունելության լուսանկարներում երիտասարդ հայ գրողները թվում են գնահատված, ուրախ եւ շոյված: Ուրախություն, որ Հայաստանում հանդիպում ենք գլխավորապես լուսանկարներում: Թող Վրաստանի թեթեւությունն ու թիթիզությունը վարակիչ լինեն: Իսկ սկզբի համար կարելի է Հնդկաստանի մասին մի ձոն գրել:



Սեդա ՇԵԿՈՅԱՆ