Ծառուկյանի հարցազրույցը սարքովի՞ է

Ծառուկյանի հարցազրույցը սարքովի՞ է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր հարցազրույց էր տվել ռուսական Независимая газета-ին, որում  մի շարք մտքեր էր հայտնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքաղաքական հարցերի շուրջ:



«Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ, սակայն, այս «հարցազրույցը» նախապես գրվել և կոմերցիոն հիմունքներով է տեղ գտել ռուսական հեղինակավոր պարբերականում:



«Առաջին լրատվական»-ը գրում է, որ իրենց հաջողվել է կապվել Независимая газета-ի խմբագրություն, որտեղից հայտնել են, որ Ծառուկյանի հետ «զրուցած» Լենա Ռամանովա անունով անձը նրանց մոտ չի աշխատում: Այդ հեղինակի ստորագրությամբ այլ հոդված հայտնաբերել ոչ միայն այս , այլև ռուսական մյուս բոլոր թերթերում չի հաջողվել:



Կայքի հավաստմամբ՝ իրենց ի վերջո հաջողվել է պարզել, որ այդ «հարցազրույցի» համար Ծառուկյանը ռուսական թերթին է վճարել 12-15 հազար դոլար:



«Դա միջին, ավելի կոնկրետ՝ ստանդարտ գին է նման հարցազրույցների համար: Թերթին անգամ հետաքրքիր էլ չէ, թե ով է հարցազրույց տվողը: Գումարը վճարում են, հարցազրույցն էլ տպագրվում է»,- իր աղբյուրի խոսքերն է մեջբերում «Առաջին լրատվական»-ը: