Եթե բեմ չլինի, միասնական ճանապարհը Բաղրամյան 26-ն է լինելու

Եթե բեմ չլինի, միասնական ճանապարհը Բաղրամյան 26-ն է լինելու


Ամեն ինչ կսպասեի, բայց որ ոստիկանները Ազատության հրապարակի հանրահավաքի համար կարգելեին բեմահարթակ կառուցել՝ պատճառաբանելով, որ իրազեկման մեջ չի եղել բեմ բառը, մտքովս անգամ չէր անցնի: Հանրահավաքի իրազեկման մեջ բառացի գրված է եղել, որ պետք է բերվի անհրաժեշտ տեխնիկա և սարքավորում, որի մեջ մտնում է բեմահարթակի կոնստրուկցիան: Բոլոր իրազեկումները մի կողմ թողած, ուզում եմ հարցնել մեր հարգարժան ոստիկաններին՝ երբևէ տեսե՞լ կամ պատկերացնու՞մ են առանց բեմահարթակի հանրահավաք: Մի փետրած երգիչ կամ երգչուհի ծղրտալու համար աշխարհի լավագույն սարքավորումներով «բեմ է շինվում», Ազատության հրապարած եկած հազարավոր մարդիկ չիմանա՞ն՝ ինչ են ուզում ասել քաղաքական առաջնորդները:
Բեմ չլինելն էլ իր իմաստն ունի: Եթե բեմ չլինի, հավաքված մարդիկ իրենք կորոշեն, թե ինչ անեն, ուր գնան: Հայտնի է, որ մարդիկ եթե քաղաքական առաջնորդներին չլսեն, նրանց միասնական ճանապարհը Բաղրամյան 26-ն է լինելու, ուրիշ էլ ումի՞ց բան պահանջեն: Եթե քաղաքական առաջնորդները բեմահարթակից կարող են նման հախուռն որոշումները կարգավորել, առանց բեմի ժողովուրդը նրանց էլ է առաջ անելու ու տանելու Բաղրամյան 26: Ինչքանո՞վ է ոստիկաններին դա ձեռք տալիս: Ճիշտ է, նրանց համար գործ է բացվում, բայց՝ անցանկալի գործ: Newsline-ի թղթակցի իրազեկմամբ՝ բեմահարթակ բերվող մեքենայի զննություն է կատարվել, ինչից հետո ոստիկանները, պատճառաբանելով, թե մեքենայում մետաղյա իրեր կան, արգելել են մտնել Ազատության հրապարակ՝ փակելով ճանապարհը: Նույն պատճառաբանությամբ ոստիկանները կարող են ոչ մի լրագրողի թույլ չտալ, որ մի պաշտոնյայի մոտենան: Բոլորի մոտ էլ երկաթյա իրեր կան՝ հարցազրույցի նպատակով: Ի՞նչ է ստացվում՝ ոստիկաններն ուզում են ունենալ առանց բեմի ժողովու՞րդ, որ համ աչքից համ աչքացավի՞ց պրծնեն…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ