Իշխանափոխության մասին էլ կխոսեն, բայց կանեն, թե չէ՝ դեռ պարզ չէ

Իշխանափոխության մասին էլ կխոսեն, բայց կանեն, թե չէ՝ դեռ պարզ չէ

Երեկ տեղի ունեցավ ԱԺ ոչ իշխանական եռյակի՝ հանրահավաքից առաջ վերջին նիստը, որն անցկացվում էր «Ժառանգություն» խմբակցությունում: ԲՀԿ-ն մասնակցում էր լայն կազմով՝ 5 պատգամավոր, ՀԱԿ-ը, ինչպես միշտ, ավանդական՝ Զուրաբյան-Մանուկյան զույգով, «Ժառանգությունն» էլ համալրվել էր մեկ արտախորհրդարանական, բայց ակտիվ անդամով՝ Արմեն Մարտիրոսյանով: Զարուհի Փոստանջյանը, բնականաբար, չկար եւ հանրահավաքին էլ չի մասնակցի:



Մի բաժակ քաղցր սուրճի սեղանի շուրջ մեկ ժամից ավելի տեւած բուռն քննարկումից հետո «դարակազմիկ» օրակարգը՝ ամբողջական իշխանափոխության, լրագրողներին հայտնեց տանտերը՝ Ռուբիկ Հակոբյանը: Նա, ըստ էության, նշեց մի քանի կարեւոր բան. հանրահավաքը միայն զուտ հանրահավաքով չի վերջանալու, լինելու է նաեւ երթ Փոքր Կենտրոնի փողոցներով, խոսվելու է 12 կետերի ու սահմանադրական փոփոխությունների մասին, եւ վերջում, որպես այդ ամենի տրամաբանական շարունակություն, կհնչի իշխանափոխության պահանջ, որը «3 ուժերի համատեղ, համաձայնեցված ցանկությունն է»: Կարեւոր տեղեկություն էր նաեւ այն, որ հարթակում են լինելու երեք ուժերի առաջնորդները: Թե ինչ են խոսելու, ինչ հերթականությամբ, հայտնի չէ եւ կարեւոր չէ: Օրվա ընթացքում նաեւ թեժ գիծ է գործելու, որի միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել խոչընդոտումների, տարբեր միջադեպերի մասին:



«Շատ բնական է, որ ընդգրկուն օրակարգ կլինի, այլ ոչ թե միայն կներկայանանք ու կասենք՝ իշխանափոխություն եւ վերջ: Ի վերջո, եթե հիշում եք, ի սկզբանե ձեւակերպված էր, որ մենք առաջին հանրահավաքում կանդրադառնանք 12 կետերի հետ կապված գնահատականին, բնականաբար, արդեն պատրաստի ունենք միասնական տեսակետ, որը կարտահայտվի, անդրադարձ կլինի նաեւ սահմանադրական փոփոխություններին, օրակարգը նաեւ քաղաքական լայն ընդգրկում կունենա ու նաեւ դրա տրամաբանական շարունակության մեջ, նորից եմ կրկնում, բոլոր քաղաքական ուժերն իրենց հերթին ամբողջական իշխանափոխության հարցը դրել են: Այսինքն՝ օրգանական միասնության մեջ պետք է դիտարկել այս ամենը»,-ասաց Ռ. Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ սա եռյակի հանրահավաքն է, եւ հնչելու է միայն 3 ուժերի գնահատականը, այսինքն՝ Դաշնակցության անունից որեւէ գնահատական չի հնչեցվի:
Հարցին, թե ինչպես են հասնելու ամբողջական իշխանափոխության, ինչ մեխանիզմով ու ճանապարհով, Հակոբյանն ասաց. «Ձեզ հետ միասին եւ վաղվա մեր ճանապարհային քարտեզով»: Իսկ հնարավոր համարո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը Մինսկից վերադառնա արդեն ոչ ՀՀ նախագահ, ասաց՝ իրեն հարցրեք: Իսկ արդյոք Սերժ Սարգսյանն ի՞նքն է որոշելու այդ հարցը: «Ձեզ հետ միասին կորոշի»: Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը երբեք էլ որոշումներ կայացնելիս ժողովրդի կարծիքը չի հարցրել, ինչպե՞ս է մեզ հետ քննարկելու՝ հեռանա՞ իր պաշտոնից, թե ոչ, Հակոբյանն ասաց. «Գիտե՞ք, եթե մենք խոսում ենք ամբողջական իշխանափոխության մասին, այստեղ ամբողջ հարցն այն է, որ այսպիսի ճակատագրական, կարեւորագույն հարցերն անհասկանալի է, թե որ մեխանիզմով է որոշվում, եւ, ցավոք սրտի, իրականությունն այն է, որ ոչ միայն փոքր հարցերում, նաեւ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցերի որոշումից ժողովուրդն անմասն է մնում»:
Հանրահավաքի ժամանակ արտաքին քաղաքականությանն անդրադարձ չի լինի, քանզի, ինչպես բացատրեց «Ժառանգության» անդամը, եռյակում բոլորը չէ, որ դեմ են Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, հետեւաբար, այդ մասով որեւէ հարց օրակարգում չի ընդգրկվել: Ի դեպ, նույն սկզբունքով կարող էին նաեւ սահմանադրական բարեփոխումների հարցը հանել օրակարգից եւ հանրահավաքին մասնակցել քառյակով: Ի վերջո, ժողովրդի գլխավոր պահանջն իշխանափոխությունն է, ինչպես վերջապես գլխի ընկան իրենք, հետեւաբար, ինչքան շատ ուժ միանար այդ պահանջին, այնքան լավ: Բայց ՀՅԴ-ն «սկզբունքորեն» դուրս եկավ, եռյակն էլ «սկզբունքորեն» զիջումների չգնաց:



Թեպետ Հակոբյանը չի համարում, որ այսօրվա հանրահավաքը եռյակի մենաշնորհն է, որովհետեւ նրանք բաց են ու բոլոր ուժերին էլ, ըստ էության, հրավիրել են մասնակցելու, սակայն փաստն այն է, որ բացի 3 ուժերից որեւէ ուրիշ քաղաքական ուժ, փաստորեն, չի լինի հարթակում: Չնայած չբացառեց, որ առանձին քաղաքական դեմքեր հնարավոր է ներկա լինեն, հարթակում, թե հրապարակում՝ դեռ պարզ չէ:
Իսկ ինչ են անելու հանրահավաքից հետո՝ անորոշ է: Ժողովրդին չեն ցանկանում պահել Ազատության հրապարակում, բայց այնպես էլ չի լինի, որ հրապարակը հաջորդ օրն իսկ կդատարկվի, ու «հեղափոխական» տրամադրությունները մի օրում մարեն: «Այն, որ սա շարունակական գործընթաց է եւ միայն հոկտեմբերի 10-ով չի ավարտվելու, հստակ է: Թե կազմակերպական ինչ ճանապարհային քարտեզ կունենա, հանրահավաքի ժամանակ կորոշենք»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը: Նա խոսեց նաեւ նախկինում թույլ տրված սխալներից՝ ընդգծելով, որ այսօրվա հանրահավաքն իրենք անցկացնելու են արդեն իսկ նախորդների սխալներից դաս քաղած: Հատկապես ո՞ր սխալից են դաս քաղել, Հակոբյանն ասաց. «Այն, որ ի վերջո միասնական ուժերով պետք է կազմակերպել պետության մեջ արմատական փոփոխությունները»:
Իսկ մեր մատնանշած փաստը, որ ընդդիմությունն արդեն իսկ միասնական ուժերով չի գնում այդ փոփոխությանը՝ քառյակը դարձավ եռյակ, այլ քաղաքական ուժեր իրենց կողքին չեն, բացի այդ, եռյակի մաս կազմող քաղաքական ուժերում էլ միասնականություն չկա՝ «Ժառանգությունից» Փոստանջյանը չի միացել իրենց, ՀԱԿ-ից մի շարք կարեւոր դեմքեր իրենց հետ չեն, ԲՀԿ-ն էլ ամբողջ կազմով չի մասնակցելու, ուրեմն միասնականը ո՞րն է, Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Ես պետք է ասեմ, որ Ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետեւ եթե Դուք ուշադիր եղել եք, շատ ու շատ արտախորհրդարանական ուժեր իրենք իրենց համաձայնությունը, իրենց դրական վերաբերմունքն արտահայտել են այս երեք քաղաքական ուժերի նախաձեռնություններին, բացի այդ, շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներկա են լինելու հանրահավաքին, բայց շատ բնական է, որ նաեւ կլինեն քաղաքական ուժեր կամ առանձին անհատներ, ովքեր դեմ կլինեն: Եվ յուրաքանչյուր, առավել եւս որոշակի ստորագրություն ունեցող քաղաքական գործիչ, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանը, իրավունք ունի շատ կարեւոր քաղաքական զարգացումների համար իր տեսակետն ունենալ, եւ Փոստանջյանը, օրինակ, շատ բաց ասել է իր տեսակետը»:



Մենք գնահատական չենք տալիս, մենք ընդամենը փաստն ենք արձանագրում: