Շաքարաքլորի լեռը

Շաքարաքլորի լեռը

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը գուցե կարողանա վերջնականորեն սահմանել երկարուձիգ բանակցությունների, միասնության, գաղափարների, բաժանության արդյունքը: Թե ինչ կհնչի, ովքեր կողք կողքի կկանգնեն հարթակում, ինչ կորոշեն… «այս կարեւորություններին» բազմաթիվ մարդիկ են սպասում եւ սպասելու են նույն պահին՝ Ազատության հրապարակում: Փոխադարձ մեղադրանքները, երկխոսությունները, անհանդուրժողականությունը, ամեն ինչ կանհետանա ակնթարթում, եթե Հայաստանում իշխանափոխությանը մղվող հասարակության ներուժը ակնհայտորեն ճայթի ու սարսափեցնի Բաղրամյան 26-ի տնվորներին: Դրա համար ամեն գնով պիտի հաղթահարել շփոթմունքի ներմուծած կաթվածը: Եվ փորձել հասկանալ հարթակ բարձրացած կերպափոխության ԲՀԿ-ի առաջնորդի իրական ցանկությունը:
Այստեղ կարելի է վերհիշել Ջորջ Օրուելի հերոսներից մեկին՝ Մովսես ագռավին եւ նրա պատմությունը.
«Ամռան կեսին, տարիների բացակայությունից հետո, ֆերմայում հանկարծ նորից հայտնվեց Մովսես ագռավը: Նա բոլորովին չէր փոխվել, նորից ոչ մի աշխատանք չէր անում եւ առաջվա պես շարունակում էր նույն ոգով պատմություններ անել Շաքարաքլոր Լեռան մասին: Նա թառում էր մի որեւէ կոճղի, թեւերը թափահարում եւ, եթե լսող կար, ժամերով խոսում: «Վերեւում, ընկերներ», հանդիսավոր ասում էր նա, մեծ կտուցը վեր տնկելով, «հենց ձեր տեսած այն մութ ամպի հետեւում գտնվում է երջանիկ մի երկիր՝ Շաքարաքլորի Լեռը, որտեղ մենք, թշվառ կենդանիներս, հավիտյան կազատվենք մեր չարչարանքներից»: Նա նույնիսկ պնդում էր, որ իր բարձր թռիչքներից մեկի ժամանակ եղել է այնտեղ եւ տեսել է երեքնուկի մշտադալար արոտներն ու թփերի վրա աճող շաքարն ու կարկանդակները: Անասուններից շատերը հավատում էին նրան, մտածելով, որ եթե իրենց կյանքն այժմ սովյալ է ու տքնաջան, ապա արդար չէ՞ արդյոք, որ մի տեղ պիտի լինի նաեւ ավելի լավ մի աշխարհ: Խոզերի վերաբերմունքը Մովսեսի հանդեպ դժվար էր հասկանալ: Նրանք արհամարհանքով ժխտում էին Շաքարաքլոր Լեռան գոյությունը, միեւնույն ժամանակ թողնելով, որ Մովսեսը մնա ֆերմայում, չաշխատի եւ նույնիսկ գարեջրի օրաբաժին ստանա»:



Ահա ստեղծված իրավիճակի շփոթմունքը - (շշմելու վիճակ, սխալ թյուրիմացություն, ամոթից, հուզմունքից ստեղծված կարկամություն):
Ազատության հրապարակում հավաքված մարդիկ մինչեւ վերջին, վճռորոշ վայրկյանը «Մովսեսից» սպասելու են քաղաքական գոնե որոշակի ազնվություն, սպասելու են Շաքարաքլորի լեռան գոյությանը, որը հորինվածք չէ: