Ոնց որ ես այդ «կամազի» ղեկին նստած լինեի

Ոնց որ ես այդ «կամազի» ղեկին նստած լինեի

Հայ բիզնեսմեն, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում է: Երեկ հայ գործարարը բոլորին համոզում էր, որ Եվրասիական տնտեսական միությունը լավագույն բանն է, որ կարող էր տեղի ունենալ հայերիս հետ, դրան էլ գումարած Արեւմուտքի սանկցիաները, արդյունքում «կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի»:



«Գնանք Եվրամիություն, ի՞նչ անենք… Եթե մենք կազմակերպված լինենք, մեր կառավարությունն աշխատի շատ լավ, այսօր մեծ հնարավորություն ունենք, պատմական հնարավորություն՝ քայլ առաջ ընկնել: Այսօր Ռուսաստանում սահմանափակումները բավականին տնտեսական խնդիրների առաջ են կանգնեցրել: Մեր արտադրությունը կվաճառենք այնտեղ: Մենք կարող ենք հազարավոր, չեմ չափազանցնում, փոքր, միջին ձեռնարկություն ստեղծել շատ կարճ ժամանակահատվածում: Մենք՝ հայերս, Սփյուռքի հայերս, բոլորս, պետք է միասին աշխատենք: Մեզանից բացի, մեր խնդիրները ոչ մեկ չի լուծի»,- ասաց Ռուսաստանում երկարուձիգ կյանքի ընթացքում այդպես էլ ռուսերեն խոսել չսովորած Արա Աբրահամյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ իր եկամուտները նվազել են 20 տոկոսով: Գործարարը, ի դեպ, ժամանակ է գտել եւ մոնիթորինգ է անցկացրել, շուտով լույս կտեսնի նրա հոդվածը: Իսկ մինչ այդ հայ գործարարը պահանջում է արտաքին քաղաքականության հարցերում մի քիչ ավելի ճկուն գտնվել. «Պետք է բացատրենք Եվրամիության անդամներին մեր պատմական եւ տնտեսական կապերը, մեր կուլտուրայի եւ ավանդության կապերը»: Չնայած Արա Աբրահամյանը փորձում էր Հայաստանի ներքաղաքական թեմաներով հարցերը շրջանցել, բայց, այնուամենայնիվ, դժկամությամբ պատասխանեց մասնավորապես «հրաշալի եռյակին» առնչվող հարցերին. «Մենք բոլորս գիտենք, թե որտեղ ենք գտնվում, եթե որեւէ մեկն ունի կախարդական փայտիկ եւ այդ փայտիկը մեզ ցույց տա եւ ասի՝ ես ունեմ, մենք ամեն ինչ կթողնենք եւ կգնանք նրա հետեւից», բայց քանի որ հրաշք տեղի չի ունենում, հայ գործարարն ավելացրեց. «Մենք այսօր պետք է իշխանության հետ համագործակցենք»: Լրագրողները մեր հայրենակցին խնդրեցին համեմատել Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի «կախարդական փայտիկները». «Գիտե՞ք ինչ կա, շատ դժվար հարց եք տալիս: Ես չեմ կարող ասել: Գագիկ Ծառուկյանի մասին շատ լավ բաներ կարող եմ ասել՝ հայրենասեր, շատ լավ քաղաքացի է: Ամեն մեկն իր տեղն ունի: Այդպես չի կարելի ասել, մեկը մեկին համեմատել կամ փոխել»:



Ես պետություն չեմ, ես պարտավոր չեմ



Երբ խոսք բացվեց Հրաչյա Հարությունյանի մասին, հասկանալի դարձավ, որ հայ գործարարը «բարկացած» է հայ մամուլի վրա. «Այնպիսի տպավորություն էր, ոնց որ ես այդ «ԿամԱԶ»-ի ղեկին նստած լինեի կամ ե՛ս Հրաչյա Հարությունյանին բանտ նստացրած լինեի: Այն, ինչ որ դուք գրեցիք, ասացիք, ես հիշում եմ: Առաջին օրվանից մենք օգնություն ցույց տվեցինք նրա բարեկամներին, մենք գնացինք մեկուսարան, մեր կողմից վճարեցինք ամենալավ իրավաբաններին, ամեն ինչ արեցինք, ինչ հնարավոր էր: Ես պետություն չեմ, ես պարտավոր չեմ, ուզում եմ բոլորդ իմանաք, ընդհանրապես ես պարտավոր չեմ: Դա իմ պարտականության մեջ ընդհանրապես չի մտնում: Ես այդ ամենն անում եմ որպես հայ մարդ, որպես հայ քաղաքացի, հայրենասեր մարդ»: Պարտավոր չէր, սակայն հոգացել են նաեւ, որ ծաղկավոր խալաթով Հրաչյա Հարությունյանին բանտ ուղեկցող ոստիկանը հեռացվի աշխատանքից:



Ընդմիշտ Լիսկա



«Գիտությունը մեր կարեւոր ոլորտներից մեկը պետք է լինի: Գիտության մեջ չկա լավ-վատ, բոլորն էլ դեր խաղում են: Ես չեմ ուզում որեւիցե մեկին առանձնացնել». սա էլ՝ մեր տեղական գիտության թեկնածու Սուրիկ Խաչատրյանի մասին Արա Աբրահամյանի կարծիքը: Նա հայտարարեց նաեւ, որ այժմ բանակցում են արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում մասնաճյուղեր բացելու հարցով. «Չինաստանի հետ եմ բանակցություններ վարում, հիմա մի քիչ շուտ է այդ մասին խոսելը: Իսկ այսօր շահագրգռված շատ պետություններ կան, որ ուզում են այստեղ ձեռնարկություններ բացել»: