Ժողովուրդը գնալու՛ է հանրահավաքի ու ասեմ, թե ինչու

Ժողովուրդը գնալու՛ է հանրահավաքի ու ասեմ, թե ինչու


Ինչքան էլ քննադատեն, ինչ էլ անեն առաջիկա հանրահավաքի վերաբերյալ, միևնույն է, ժողովուրդը գնալու է: Ասեմ թե ինչու: Տնից տեղից հեռու, ասենք թե մի ծանր հիվանդ ունեք: Մեր երկիրը պակա՞ս ծանր հիվանդ է: Համարենք, որ համակարգն էլ հիվանդությունն է: Ինչ անում, որտեղ տանում, չի բուժվում: Աչքներիդ առաջ հալումաշ է լինում: Հիվանդատերը փրփուրներից էլ է բռնում, հավատացեք: Համակարգի, հիվանդության դեմ է դուրս գալիս: Հիմա կռիվը համակարգի դեմ է, քարացած իշխանության դեմ ու ինչքան էլ փորձեք համոզել, որ բժիշկը խաբեբա է, դավաճան է, միևնույն է, հիվանդատերը գնալու է նրա ետևից: Այսպես է ասելու. «Հիվանդս մեռնում, էլ փրկության ճար չկա, ինչ անեմ, Փարիզ չտանե՞մ… »: Ու գնալու է: Պետք լինի՝ փող է պարտք անելու, պետք լինի՝ տունը ծախելու է, պետք լինի՝ վերջին շապիկն է հանելու: Ինչքան կողքից ասեք՝ սուտ է, խաբեություն է, այնքան դառնալու եք հիվանդատերերի աչքի գրողը: Ախր իրենք սիրում են երկիրը, իրենց մորը ու փրկության վերջին շանսը օգտագործել են ուզում: Համակարգը, որ կենդանի մարդկանցից է կառուցված ու բանականություն ունի, այս երևույթը պետք է հաշվի առնի: Առաջնային խնդիր պետք է դնի՝ ոչ թե բժիշկներին վարկաբեկելը կամ ինքը խաբեությամբ նոր բժիշկներ նշանակի, այլ պետք է ընդունի, որ կա այդ հիվանդությունը, ու էդ հիվանդը՝ երկիրը, նաև իր հիվանդն է, իր հարազատը: Եթե ինքը չունենա այդ զգացողությունը, գիտակցությունը ու լծվի փրկության այդ գործին, հնարավոր է, որ հիվանդատերերն անտեսեն իրեն ու առանց իրենց կամքը հարցնելու քայլեր ձեռնարկեն: Վերջում հիշեցնեմ, որ հիվանդատերերի հետ անհնարին է քյալլա տալ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ