Իշխանությունը փոխզիջման ճանապա՞րհը կընտրի, թե՞ գրողի ծոցը

Իշխանությունը փոխզիջման ճանապա՞րհը կընտրի, թե՞ գրողի ծոցը

Մինչ իշխանությունը կվայելեր հոկտեմբերի 10-ի հանրահավաքի «հիասթափությունը», եռյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն ազդարարեց հաջորդ հանրահավաքի մասին՝ հոկտեմբերի 24-ին: Իշխանական շարքերից երեկ արդեն անհանգստության նշաններ էին նկատվում՝ տարբեր մեկնաբանությունների տեսքով, կարծես թե ակտիվանում է ՀՀԿ-ն: Սակայն ինչպե՞ս կարտահայտվի այդ ակտիվությունը՝ «երկրորդ մարտի 1-ի» սպառնալիքո՞վ, թե՞ ընդդիմությանն ուղղված երկխոսության առաջարկներով: Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով, այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վերջնագրեր չենք ներկայացնելու: Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից: Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»: Արդյոք որեւէ ողջամիտ առաջարկով հանդես կգա՞ իշխանությունը, թե՞ պատրաստ են «գրողի ծոցը» գնալու, ինչպես խոստացավ Տեր-Պետրոսյանը, երեկ փորձեցինք պարզել իշխանության ներկայացուցիչներից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վրդովվեց. «Ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, Ղարաբաղի հարցն ենք քննարկում, հա՞, որ փոխզիջում լինի, իրենք էս ժողովրդի բարեկամներն են, մենք էլ թշնամինե՞րը, որ փոխզիջման գնանք, որ ժողովրդի համար ծանր չլինի»: Ապա անդրադարձավ հիմնադիր նախագահի խոսքին. «Հա, հասկացանք, որ շատ ճկուն էր, կարողացավ էդ ամբողջն իր ձեռքում վերցնել՝ ուրիշի հանրահավաքը, ուրիշի ռեսուրսը, դիրիժորի դեր կատարել, հիմա ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, տրամաբանությունը չեմ հասկանում»: Հստակեցրինք Տեր-Պետրոսյանի ասածը՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասին: «Ի՞նչ արտահերթի մասին է խոսքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը մի խորհրդականի կարիք ունի, որ ասի՝ գնա քո առաջին նախագահը լինելու փառքը վայելի: Մենք ասում ենք՝ մեր դռները բաց են, կա՞ հարց քննարկելու, եկեք, նստենք-քննարկենք: Փոխզիջում չի կարող լինել, եթե առաջարկություններ կան, եկեք քննարկենք»:



ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ հիշեցրեց ոչ վաղ անցյալի՝ 2009-2010թթ. իշխանություն-ընդդիմություն երկխոսության անպտուղ փորձերի մասին. «Ես արտահայտում եմ իմ անձնական տեսակետը, ոչ թե իշխանությունների: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած «երկխոսություն» տերմինը մեզ ծանոթ է, եթե հիշեք, տարիներ առաջ մենք երկխոսել ենք՝ 2009-2010 թվականներն էին, եւ մենք հայտարարել ենք, որ ցանկացած ուժի, կուսակցության հետ պատրաստ ենք ինչ-որ հարց քննարկել, եթե դա վերաբերում է կառուցողական հարցի՝ մեր պետության, մեր հանրության շահերին: Իսկ շանտաժի լեզուն, կարծում եմ՝ կառուցողական չի»: Ապա ամփոփեց. «Սա ընտրություններին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են»: Եվ ընդհանրապես. «Եթե ընդդիմության պահանջով արտահերթ ընտրությունների փոխզիջում լինի, ապա ամեն տարի մենք կունենանք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ»:



ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ընդդիմության հետ երկխոսության եւ փոխզիջումային եզրերի հետ կապված, կտրուկ պատասխանեց. «Չի կարելի սխալված մարդկանց խելամիտ առաջարկություններ անել, որովհետեւ ես համարում եմ, որ եռյակը սխալվում է, եւ դրա վառ ապացույցը կտեսնենք ապագայում»: Իշխանական պատգամավորն ընդդիմության նկարագրած աղետալի վիճակը, արտագաղթի մասին տվյալները պայմանավորեց հետեւյալ փաստերով. «Շրջափակված երկիր է, միրգն ամբողջովին ցրտահարվում է, բերք չունենք, բա մարդիկ ուզում են ապրեն, ուզում են գնան ուրիշ տեղ ապրեն, երբ որ մենք կմտնենք Եվրասիա, մեր շուկաները կբացվեն, կյանքը կսկսի ավելի լավանալ, ու, իմ կարծիքով, այդ մարդիկ հետ կգան, ոչ մեկ էլ չի գնում-մնում»: Ուստի Աղաբաբյանն անօգուտ է համարում ընդվզումը: «Մենք բոլորս էլ ժողովրդի կողքին ենք, էդ ո՞նց եղավ, որ Ծառուկյանը ժողովրդի կողքին է, մենք էլ՝ չէ: Խոսքեր են, մտքեր, բառեր, որ ընդամենը սովորել՝ օգտագործում են»: Այսինքն կասկածո՞ւմ է, որ Ծառուկյանն իշխանափոխություն կանի, առավել եւս, որ եռյակի հանրահավաքին մոտ 2 տասնյակ հազար մարդ էր մասնակցում. «Ամբողջ Հայաստանը 20 հազար հոգի ա, հիմա որ ես հանրահավաք անեմ, 200 հազար մարդ կգա»: Իսկ ի՞նչ փուլ է թեւակոխել իշխանականների կյանքը հոկտեմբերյան հանրահավաքներից հետո: «Ոչ մի փուլ»:
Երկխոսություն, փոխզիջում ո՞ր դեպքում է հնարավոր: «20 հազար մարդ հավաքվել են հանրահավաքի, ոչինչ չի նշանակում, չի շատանա, ժողովուրդն ուզում ա ճշմարտությունը լսել, մենք դա ավելի լավ գիտենք, քան թե իրանք»: Պատգամավորների նյարդային պատասխաններից զգացվում էր, որ իշխանության եւ ընդդիմության կամուրջ Գագիկ Ծառուկյանը դեռ չի սկսել իշխանությունների հետ բանակցության գործընթացը, կամ դա կատարվում է նրանց թիկունքում: Ամեն դեպքում, հոկտեմբերի 24-ին կուրվագծվի՝ ժողովրդական շարժումը թափ է հավաքում, թե մարում է:



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ