Վերջին հանդիպումը կայացել է «տղայական» մթնոլորտում

Վերջին հանդիպումը կայացել է «տղայական» մթնոլորտում

Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ նորից փակ հանդիպում է ունեցել խոշոր գործարարների, արտահանողների հետ՝ հասկանալու, թե գործերն ինչ վիճակում են: Վարչապետի հյուրերը ոգեւորված են եղել, որովհետեւ ՌԴ-ի հետ արտահանման մի շարք «կանալներ» են նախորդ հանդիպումից հետո բացվել:



Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ նմանատիպ հանդիպման ժամանակ գործարարները դժգոհել էին, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում եւ գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել էր ուսումնասիրել գերատեսչությունների եւ հատկապես տնտեսական բլոկի աշխատանքը: Վերջին հանդիպումը կայացել է «տղայական» մթնոլորտում, եւ արտահանողներն էլի են անկեղծացել՝ պատմելով, թե ինչ խոչընդոտների առաջ են կանգնում արտահանման ժամանակ: Աբրահամյանը խոստացել է կարգավորել նաեւ ՌԴ-ի հետ կապված բոլոր խնդիրները: Նա առիթը բաց չի թողել եւ «բշտել» է գործարարներին՝ ասելով, որ տեղյակ են, թե ովքեր էին հրահրում «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ միտինգները: Բիզնեսմեններն էլ արդարացել են, քանի որ արտահանման ուղիները մինչ օրս փակ են եղել դրա համար, բոլորի «ստավկեն» ներքին շուկայի վրա է եղել, եւ խոստացել են այլեւս «մաքուր» աշխատել: Հանդիպմանը հիմնականում մասնակցել են նախկինում էլ վարչապետին հյուրընկալվածները: Որոշ տեղեկություններով, նաեւ «Սպայկայի» տնօրինությունն է մասնակցել, ով գրեթե մենաշնորհային դիրք ունի որպես գյուղմթերքների փոխադրող: