Ֆինանսների նախկին նախարարի կինն ահռելի նպաստ է ստացել

Ֆինանսների նախկին նախարարի կինն ահռելի նպաստ է ստացել

ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի սիրելի «կադր», ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի եւ ահռելի գումար է ստացել՝ որպես հղիության եւ ծննդաբերության նպաստ: Մեր տվյալներով, 20 մլն դրամ: Հարկատուների, ՀՀ պարզ քաղաքացիների գրպանից 20 մլն դրամ նախկին նախարարի կնոջը տալը թալանին համազոր շռայլություն է: Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վերահսկիչ պալատը մեզ զարմացրեց՝ տպավորիչ թվեր հրապարակելով հղիության նպաստների «գերածախսի» մասին՝ 19 մլրդ դրամ, որը գոյացել էր մասնավոր հարուստ ընկերությունների՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի, «Նատալի Ֆարմի»-ի, Երեւանի կոնյակի գործարանի, այլոց հղիության նպաստների հետեւանքով: Օրինակ, հղիության նպաստներ էին նշանակել ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված կանանց կամ «դեկրետից» առաջ բարձրացրել էին նրանց աշխատավարձը եւ շռայլ պարգեւատրումներ տվել, նպաստի չափն արհեստականորեն ավելացնելու միտումով: Թվարկածս գիգանտները կարող են իրենց աշխատողներին գլխից դուրս աշխատավարձ վճարել, բայց ֆինանսական հաշտարարը ՀՀ պետական պաշտոնյա է, իսկ ՀՀ-ն, ինչպես հայտնի է, այնքան էլ հարուստ պետություն չէ, որ իրեն թույլ տա 20 մլն դրամ սոցիալական նպաստ տալ իր ֆինանսական հաշտարարին: Ինքը՝ Փիրուզ Սարգսյանը, վստահեցնում է, որ 20 մլն-ն ակնհայտ չափազանցված թիվ է, բայց նաեւ հրաժարվում է նշել իր ստացած նպաստի իրական չափը: «20 մլն դրամը մեծ գումար չի՞ թվում Ձեզ» հարցին նա պատասխանեց. «Իրականում, միգուցե, կեղտոտը դրան մոտ թիվ է, բայց մաքուրը դրանից հեռու է: Կոնկրետ թիվը չէի ուզի հրապարակել, որովհետեւ կոմերցիոն բան եմ դրա մեջ տեսնում: Իրականն էլի մեծ գումար է, բայց դա իր բացատրությունն ունի: Դա օրենքի հիման վրա է վճարվել, բայց որ 20 մլն դրամ չի՝ դա հաստատ»: Այ քեզ բան, «կեղտոտ-մաքուրը» ո՞րն է, այսինքն՝ պետությանը հասանելիք հարկե՞րն էլ չպիտի վճարեր:



-Այդ դեպքում որքա՞ն է, չե՞ք ասի:



Դրանից շատ է ցածր: Չէ, ազնվորեն, 20 մլն չի, շատ ավելի ցածր գումար է, բայց մեր այսօրվա չափանիշներով էլի շատ է:



-Ինչո՞ւ են Ձեզ այդքան շատ վճարել:



Դա պայմանավորված է նրանով, որ իմ աշխատավարձը շատ բարձր է, իսկ հաշտարարի աշխատավարձն օրենքով է սահմանվում: Օրենքով սահմանված է, որ դա պետք է լինի միջին բանկային աշխատավարձի եռապատիկից ավելի բարձր, եւ օրենքով սահմանված է, որ հաշտարարն իր յուրաքանչյուր քննած պահանջի համար պետք է ստանա նաեւ լրավճար: Հաշվի առեք, որ այդ գումարը վերադառնալու է պետությանը: Եթե իմ աշխատավարձը բարձր է, նշանակում է՝ ես շատ եկամտահարկ եմ վճարում եւ տարիների ընթացքում այնքան շատ եմ վճարում, որը ոչ միայն ծածկում է այդ գումարը, որն ինձ վճարում են որպես սոցիալական նպաստ երեխա ունենալու համար, այլեւ գերազանցում է մի քանի անգամ:



-Դուք շո՞ւտ եք վերադարձել հղիության եւ ծննդաբերության արձակուրդից:



Ես անմիջապես դուրս եմ եկել աշխատանքի: Պետք է դուրս գայի սեպտեմբերի սկզբին, ուղղակի մի քանի օր արձակուրդ ունեի, արձակուրդս եւս օգտագործեցի: Բայց ամբողջ ընթացքում աշխատել եմ, որովհետեւ աշխատանքն այնպիսին է, որ հնարավոր չէ կտրվել աշխատանքից:
Հարցին, թե որքան է իր աշխատավարձը, Փիրուզ Սարգսյանը եւս չպատասխանեց, ասելով, որ բարձր է: Ի դեպ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ավանդույթ կար յուրայիններին առասպելական աշխատավարձեր տալ: Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարն ստանում է 6,2 մլն դրամ, ԿԲ նախագահը` 1,35 մլն, ֆինանսական հաշտարարը` 3 մլն դրամ: Բայց ի՞նչ են արել նրանք ՀՀ-ի համար, որ այսպիսի փողեր պետք է ստանան անապահով երկրի անապահով քաղաքացիների, ֆինանսների նախարար ամուսին կամ վարչապետ քավոր չունեցող կանանց եւ տղամարդկանց գրպաններից: