Դեպի նավեր

Դեպի նավեր

Աֆրիկայից` հյուծված, քայքայված, բայց ապրելու կամքը դեռ հոգիներում հազարավոր մարդիկ, իրենց մարմինները վստահելով խարխուլ նավերի տախտակամածներին, հեռանում են տառապանք-հողերից դեպի եվրոպական ափեր: Եվ Արեւմուտքի այս ափերի մասին, որտեղից կյանքի լավ որակ է բուրել (սնունդ, հագուստներ, բժշկություն, ցավազրկող, քաղցրահամ ջուր), նրանք միշտ էլ երազել են: Ավելի ճիշտ՝ սկզբում երազում էին, որ իրենց տառապանք-հողերը կվերածվեն մարդկային կյանքի համար նպաստավոր վայրերի: Եվ եթե երազանքները չեն իրականացել, եթե նույն երազողները չեն իրականացրել, ապա նրանք ձգտել են ու ձգտելու են դեպի Արեւմուտքի բարելավ հողերը. ով ողջ, ով` մեռած:



Մենք - ով ողջ, ով մեռած՝ նստելով նավերի մեջ, դեպի ո՞ւր ենք գնում: Գիտե՞նք, թե ինչի համար, գիտե՞նք՝ ինչ ենք ուզում, որ գնում ենք, գիտեի՞նք, թե որտեղ էր մեր տեղը:
Ռուսաստաններում մեջք ու կենսունակություն ջարդելով, սպառելով հնարավոր բոլոր ֆիզիկական ու հոգեկան ռեսուրները, դեպի ո՞ւր ենք շտապում. նույն Ռուսաստան (մահ, բռնություն, հիվանդություններ, անհուսություն):



Պարզ է, որ իշխանության խորտակվող նավը մինչեւ վերջ երազելու է ռուսական նավահանգիստների գրկաբացության մասին ու դեմ չի լինելու նաեւ Եվրոպայի բարեհաճությանը: Այս իշխանությունն օրեցօր մեռնում է` իր հետ տանելով հազարավոր մարդկանց, որոնք հեռանում են Հայաստանից նախեւառաջ իրենց ռեսուրսներին համապատասխան վայրեր: Իսկ առաջին հնարավոր վայրը Ռուսաստանն է, որի ծավալուն տարածության մեջ կարելի է ինչ-որ մի աշխատանք գտնել, ինչ-որ մի բան անել գոյություն պահպանելու եւ այն առաջ տանելու համար: Իշխանությունն անվճար, մեծահոգաբար պատրաստել է հազարավոր նավակ-դագաղներ: Պարզապես համբերել է պետք, տեղ կա:



Ու գնացողների ետեւից լսվում է. «Գնում են՝ թող գնան», կամ՝ «Ավելի լավ է հիմա գնան, քան վերջին պահին»: Բայց վերջին պահին ոչ ոք էլ չի հիշելու, թե ով գնաց, ով մնաց, ով էր լավը եւ ով վատը: Ու մի տեսակ ավելորդ, հերիք ու անհեթեթ չէ՞ դավաճաններ ու դավաճանություն փնտրելը` ամեն րոպե, ամեն տեղ, ամեն մեկի մեջ: Ամեն մեկի տակը մի բան գտնել, քչփորել, հանել-ցցել, թափահարել` տեսեք, տեսեք... Անհեթեթ չէ՞ այդչափ տարօրինակ «ճշմարտություններ» սահմանել ու ցայտել իրար երեսի: Դրանից ի՞նչ է փոխվում, կասեցվում, ի՞նչ է սկսվում: Մեկ է` մարդիկ գնում են: Գնացողների հետեւից ինչ-որ բան ասելն ու չասելը մեկ է: Այս իշխանության գնալու փոխարեն մարդիկ են գնում: Դեպի նավեր տանող բոլոր ճանապարհները բաց են, ուղղությունը՝ անհայտ: