ԱԺ-ում սեփական սխալն ուրիշի վրա են բարդում

ԱԺ-ում սեփական սխալն ուրիշի վրա են բարդում

Ազգային ժողովում, պարզվում է, վարչություններ կան, որոնց պետերը կա՛մ կոմպետենտ չեն պատասխանել իրենց վարչությանը վերաբերող պարզագույն հարցերին, կա՛մ ի վիճակի չեն պատասխանատվություն կրել տվյալ վարչության թույլ տված սխալների համար: Երեկ միջադեպ էր տեղի ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ, քանզի սեղանի շուրջ տեղ չլինելու պատճառով չէին կարողացել նիստին մասնակցել ոչ իշխանական մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից եւ ՀԱԿ-ից, ովքեր վրդովված էին այդ վերաբերմունքից, որ տվյալ հանձնաժողովի անդամ պատգամավորի անունը չկա սեղանին: Այս խնդրի կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ այս եւ նմանատիպ այլ հանդիպումները կազմակերպող եւ ի պաշտոնե այս ամենի համար պատասխանատու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովից: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ուղղորդելով մեզ «համապատասխան»` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն:



Նշենք, որ միջոցառումը զուտ տեխնիկապես կազմակերպում է ԱԺ արարողակարգի վարչությունը, սակայն այն ընդամենը կատարող է, պատասխանատվություն կրում է արտաքին կապերի վարչությունը, որի ցուցումով է արարողակարգի վարչությունն իրականացնում կազմակերպչական աշխատանքները: Ավելի ուշ տեղեկացանք, որ Բիյագովը պատգամավորներից մեկի հետ զրույցում ընդունել է, որ իրենց վարչության սխալ ու թերի աշխատանքի արդյունքում է, որ վերոնշյալ պատգամավորները տեղ չեն ունեցել կլոր սեղանի շուրջ: Սակայն նա մեղքը բարդել է վարչության աշխատակիցների վրա. «Ես կապ չունեմ, աղջիկներն են արել»: Ավելի ուշ Ազգային ժողովը պարզաբանում տարածեց՝ նշելով, որ իրականում ԲՀԿ-ական երկու պատգամավորների անունները պարունակող ցուցանակները եղել են սեղանին դրված, ուղղակի հեռու են եղել, եւ Ուրիխանյանն ու Բաբայանն իրենք չեն ցանկացել հեռու նստել: Նրանք, սակայն, հերքեցին, որ նման բան է եղել՝ պնդելով, որ իրենց անունները սեղաններին չեն եղել, այլ դրված են եղել պատի տակ շարված աթոռներին, եւ հետո են վերցրել ու դրել սեղանի ծայրում, այն էլ միայն Վահան Բաբայանի համար, երբ վերջինս աղմուկ է բարձրացրել:



Ավելացնենք, որ Ազգային ժողովում պարբերաբար դժգոհություններ են հնչում, որ ինչպես իր ընկեր, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, այնպես էլ ինքը՝ Բիյագովը, աշխատանքի նորմալ չեն գալիս, ըստ պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները, այլ որոշ պատգամավորների փոխարեն մեկնում են եվրոպական երկրներ գործուղումների, որոնք օգտագործում են ավելի շատ ոչ թե գործնական նպատակներով, ինչպես հարկն է, այլ երկրե երկիր մի լավ ֆռֆռալու ու բյուջեի հաշվին իրենց կարճաժամկետ հանգիստը կազմակերպելու համար: Նրանք նույնիսկ ավելի երկար են մնում արտասահմանում, քան նախատեսված է պաշտոնական այցով, քանզի վերջին գործուղումներից մեկի ժամանակ պատվիրակությունը վերադարձել էր, իսկ նրանք երկուսով մնացել էին Եվրոպայում:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ