Իմ համար դագաղում հանգիստ քնած էի, մեկ էլ․․․

Իմ համար դագաղում հանգիստ քնած էի, մեկ էլ․․․

Կախարդների եւ վամպիրների շորեր, սարսափ ֆիլմերի հերոսներ, տրանսվիստիտների նման դիմահարդարված աղջիկներ, հոգեկան հիվանդի ցաքուցրիվ մազեր, կացինը գլխին դիակ, փարավոնների մումիաներ. Երեւանում երեկ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» գրքի սցենարով երեկույթներ էին կազմակերպվել, hոկտեմբերի 31-ին Արեւմուտքը տոնում է Հելոուինի սարսափ տոնը, մենք էլ հետ չենք մնում:



Երեկ Երեւանի ակումբների մեծ մասը հայտարարել էր Հելոուինի օր, շատ վայրերում մուտքն ազատ էր, սակայն պարտադիր պայման է «կրեատիվ» կերպարանափոխվելը, այնպես, որ սեփական մայրը նույնիսկ չճանաչի:



Ակումբների շուրջ արդեն ժամը 9-ից հավաքվում էին մարդիկ: Աղջիկները պատմում էին, թե որքան երկար են նախապատրաստվել այս օրվան: «Ճիշտ ա՝ շատ մարդիկ ասում են, որ սատանայական տոն ա, բայց ի՞նչ կա դրանում սատանայական, ընդամենը շորերդ ես փոխում ու մի լավ ուրախանում»,- ասաց Կարմիր գլխարկը: Հեռվից երեւաց Մահը, ում ընկերակցում էր Միկի Մաուսը, քիչ այն կողմ՝ մեքենայից իջնում էր վամպիրների ընտանիքը: Կոմս Վլադ Դրակուլան պատմում էր, որ իրեն ստիպողաբար են «քարշ տվել» այդտեղ, ինքը չէր ուզում. «Հանգիստ դագաղում քնած էի, ընկերուհիս եկավ հանեց»:



Մինչ մարդիկ ուրախանում էին տարբեր ակումբներում, երեկ ֆեյսբուքյան վայնասուն էր սկսվել. «Դե, եթե էդ party կազմակերպողները լավն են, թող մեր ազգային տոների ժամանակ էլ այդպիսի շքեղ երեկույթներ կազմակերպեն»:



Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ «դիմակահանդեսին» շտապող երիտասարդների հետ խոսելիս հասկանում ես, որ նրանք բոլորն էլ լավ տեղեկացված են Հելոուինի տոնի պատմամշակութային արմատների մասին. «Հին Շոտլանդիայում եւ Իռլանդիայում ապրող կելտերի տոնն է եղել: Սկզբից անգլալեզու երկրներում էին շատ նշում, բայց հիմա՝ ամբողջ աշխարհը»: Ի դեպ, ակումբներից մեկի կողքին մինչ ուշ երեկո արեւածաղիկ վաճառող մի ծեր տատիկ երկար նայեց ներս մտնող «տարօրինակ» մարդկանց. «Տատի՛, ի՞նչ ես մտածում այս մարդկանց մասին»: «Ի՞նչ մտածեմ, լրիվ ամոթ-աբուռները կորցրել են». սա էլ ներս մտնող կին-ոստիկանների մասին, որոնց կաշվե կարճ շրջազգեստներն իրոք «վախեցնող էին»: Անցյալ տարի հայկական Հելոուինի գերակշռող կոստյումները վամպիրների երկար թիկնոցներն էին, այս տարի եւս հայ հելոուինասեր հասարակությունը հանդես էր գալիս արնախումի կերպարներով:



Արեւմտյան տոնին չմասնակցած մարդկանց կարծիքները



«Կարծում եմ, որ դա մերը չէ, օտարամոլություն է: Մենք ավելի շատ լավ տոներ ունենք, բայց չենք նշում: Դրանով հանդերձ, վատ չեմ վերաբերվում»:



«Ես չեմ մասնակցում Հելոուինին, դա մի տոն է, որ վերցված է արտասահմանյան կուլտուրայից, ինչպես, օրինակ, Վալենտինը: Մենք ունենք մեր լավ տոները, ասենք՝ Սուրբ Սարգիսը, բայց որը դեռ լայն տարածում չունի: Ես կողմ եմ մեր տոներին, մենք ունենք շատ գեղեցիկ տոներ, եւ ճիշտ գովազդի դեպքում դրանք կարող են դառնալ շատ արդիական մեր երիտասարդության համար»:



«Լուրջ չեմ վերաբերվում այն կարծիքներին, որ այս տոնը խեղաթյուրում է հայկական մշակույթը: Մերոնք ուղղակի դիմակներ են հագնում ու պարում-ուրախանում են, իսկ Արեւմուտքում մարդիկ դռներն են թակում ու կոնֆետներ հավաքում: Այ, երբ հայերը սկսեն դռներ թակել, այդ ժամանակ կարելի է անհանգստանալ»:



«Եթե մասնակցեի տոնին, կգնայի Սերժ Սարգսյանի կամ Սաշիկի դիմակներով, որպես աշխարհի ամենադաժան վամպիրներ»: