Տխուր է, առյուծներ, տխուր է

Տխուր է, առյուծներ, տխուր է

Երկրապահ-1, Երկրապահ-2, ՀՀԿ-ի երկրապահ, ԲՀԿ-ի երկրապահ… Այդ ինչպե՞ս եք, է, այդպես հաջողացրել ու բաժանվել ազատամարտիկների ու երկրապահների տարատեսակությունների: Ոնց որ կարկատաններ լինեք այս երկրի մարմնին, այս երկրի, այսպես կոչված, ազդեցիկ եւ համեմատաբար լավ քամի անող քաղաքական ուժերի շալվարներին:



ՀՀԿ-ի համար, մեծ հաշվով, ի՞նչ տարբերություն, թե ինչ ունի իր շալվարին որպես կարկատան` ՀՀԿ-ի տատի՞, Գեւորի՞կ, թե՞… ՀՀԿ-ի երկրապահ: Բոլորն էլ, հավասարապես, ՀՀԿ-ի մերկության մի հատվածն են սքողում անհամեստ աչքից: Մանվել Գրիգորյանը, հիմա, երկրի պահա՞կն է, թե՞ ՀՀԿ-ի շալվարի կարկատանը:



Նույն հարցը տանք Ռուստամ Գասպարյանին. ենթադրենք` Ծառուկյանն ու Սարգսյանը քաղաքական վեճ ունեն, դո՞ւ ինչ վեճ ունես Մանվել Գրիգորյանի հետ, պարոն ազատամարտիկ, որ դարձել ես ԲՀԿ-ի շալվարի կարկատան: Մինչեւ այս ազատամարտիկների մի խումբ էլ կար` իբր ինքնուրույն հանրահավաքներ էր անում: Ո՞ւր հասան, քանի՞ մասի բաժանվեցին:



Ձեր ընկերոջը` հերոս տղուն, իր գյուղում սպանեցին` դուք եկել, իրար հետ եք կռիվ-կռիվ խաղում: Ո՞նց հասկանանք: Ձեր մյուս ընկերոջը բանտարկեցին, երրորդին ծեծելով սպանեցին, դուք իրար դեմ եք թուր ճոճում: Վաղը որ թուրքը գա` մեկդ մանվելավարի եք երկիրը պահելու, մյուսդ ռուստամավարի՞: