Ծառուկյանի «հրովարտակը» եռյակում միանշանակ չի ընդունվել

Ծառուկյանի «հրովարտակը» եռյակում միանշանակ չի ընդունվել

«Համաժողովրդական շարժումն» աշխարհասփյուռ ընդարձակելու, մարզերում շարժման գրասենյակներ բացելու, քաղաքներում դրանց բնականոն գործունեությունն ապահովելու եւ ոչ իշխանական կուսակցությունների ու հասարակական կառույցների հետ ակտիվ աշխատանքներ սկսելու մասին Գագիկ Ծառուկյանի երեկ արձակած հրովարտակը, պարզվում է, միանշանակ չի ընդունվել եռյակի մաս կազմող ուժերի եւ ազատամարտիկների կողմից: Ոչ միայն այն պատճառով, որ ԲՀԿ-ն մենաշնորհեց շարժման ղեկավարումը, այլեւ տակտիկական տարաձայնությունների, որոնք ավելի շատ առկա են ՀԱԿ-ԲՀԿ տիրույթում:



ՀԱԿ ներկայացուցիչները համարում են, որ այս պահին հանրահավաքային շարժումը դադարեցնելը վտանգավոր է, եւ քանի դեռ կա հասարակական լուրջ ակտիվություն, այն պետք չէ սառեցնել: Իսկ դրա համար ոչ թե պետք էր դադար վերցնել եւ երկու շաբաթ մարզերում իրավիճակի ստուգատես անցկացնել, այլ զուգահեռաբար կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ, որի արդյունքում հրապարակում հավաքված մարդկանց թիվն անընդհատ կավելանար: ՀԱԿ ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ եթե տեւական ժամանակ հանրահավաքներ չկազմակերպվեն, հասարակությունը կկորցնի հետաքրքրությունը եռյակի եւ շարժման նկատմամբ: Ավելին, որոշ տեղեկություններով, ԲՀԿ-ի հրավիրած քաղխորհրդի նիստից եւ կայացրած որոշումներից հետո ՀԱԿ-ում տհաճ անակնկալի են եկել:



Ինչպես հայտնի է, այս կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը դեռ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ առաջիկա մի քանի ուրբաթ օրերին հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել՝ վստահ լինելով, որ եռյակը նվազագույնը անցնելու է պարբերական հանրահավաքներ անցկացնելու ռեժիմին: Երեկ ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչներն ասես ընդհատակ էին անցել, մեր հեռախոսազանգին պատասխանեց միայն Վահագն Հայոցյանը: Հարցին՝ համաձա՞յն են ԲՀԿ քաղխորհրդի նիստում ընդունած հայտարարության հետ, Հայոցյանը կտրուկ պատասխան տվեց. «Ես այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ», եւ մեր հաջորդ հարցին չսպասելով՝ անջատեց հեռախոսը:



Մեզ հաջողվեց պարզել, որ ՀԱԿ-ում համոզված են՝ վերցրած դադարը կարող է կազմաքանդել շարժումը՝ շարքերից դուրս մղելով, ասենք, Ազատամարտիկների դաշինքը, որը պահանջում է հնարավորինս ռադիկալ քայլեր: Մինչդեռ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ սխալ է առանց ասելիքի հանրահավաք հրավիրել, որ ցանկացած ժամանակ ինքը կարող է բազմամարդ հանրահավաք ապահովել: Բացի դրանից, Ծառուկյանի ոչ շտապողականությունը, որոշ տեղեկություններով, պայմանավորված է արտաքին ազդակներով, ինչի մասին բազմիցս ենք խոսել:



«Ժառանգություն» կուսակցությունը համամիտ է, որ «չպետք է հանրահավաք անել՝ անելու համար, պետք է ասելիք ունենալ»: Այս մասին ասաց փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում: «Ես ավելի գլոբալ կարծիք ունեմ, քան այդ հանրահավաքներն են, հանրահավաքներով չէ, որ խնդիրը լուծվում է, այլեւ հանրահավաքների բովանդակությամբ: Բացի դրանից, իշխանափոխության գործընթացը միայն հանրահավաքների գործընթացներով չի լինում, ինձ համար էականը ոչ թե այն է, որ ժամը մեկ հանրահավաք անենք, այլ որ այդ ժամանակահատվածում արդյունքի հասնենք»: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ մեզ հետ, թե ԲՀԿ-ն միայնակ ծրագրեց ապագա անելիքները. «Բայց ինչո՞ւ միայնակ, այդ հայտարարության մեջ ասվում է, չէ՞, որ պետք է բանակցություններ սկսել, համագործակցել այլ ոչ իշխանական ուժերի հետ եւ միասին որոշել: Իրենց պատկերացումը դա է, մենք էլ, իշխանափոխության կողմնակից լինելով, ճանապարհներից մեկը դա ենք համարում: Իսկ ներքին հարցերում իրենց կողմից էլ պատասխանատուներ կլինեն եւ երեւի թե նաեւ մեր կողմից, ու կորոշենք անելիքները»: Մարտիրոսյանն անհիմն է համարում «Ժառանգության»՝ եռյակից դուրս գալու լուրերը:



Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը համաձայն չէ, թե եռյակն առնվազն երկշաբաթյա դադար է վերցրել եւ հանրահավաք չի անելու. «Ես չգիտեմ՝ իրենք ինչ են այդ նիստի ընթացքում որոշել, երբ մենք կհանդիպենք ու կհամոզվենք, որ իրենց որոշումները չեն համընկնում մեր ասած տարբերակներին, մենք այդ մասին անպայման մեր դիրքորոշումը կհայտնենք: Որովհետեւ անձամբ ես կողմ չեմ, որ մի երկու ամիս էլ ձգձգենք, ինչ-որ շտաբներ ձեւավորենք, թող այդ աշխատանքները տարվեն զուգահեռ, մենք կարող ենք ամեն տեսակ ակցիաներ անել, զուգահեռ էլ այդ շտաբները ձեւավորել, ավելի ակտիվացնենք, նոր ուժեր ներգրավենք»: Ռազմիկ Պետրոսյանին հիշեցրինք մինչեւ տարեվերջ իշխանափոխություն իրականացնելու իր հայտարարությունը եւ հարցրինք՝ գործընթացներն արդյոք տանո՞ւմ են դրան: «Ես հակված եմ, որ ոչ թե դա մինչեւ տարեվերջ լինի, այլ ժամ առաջ»: