ԲՀԿ-ն հետաքրքիր իրավիճակում է հայտնվել

ԲՀԿ-ն հետաքրքիր իրավիճակում է հայտնվել

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական պատգամավորներին Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց սկսելու առաջարկով և այդ նպատակով փորձելու է 44 ստորագրություն հավաքել՝ այս հարցը արտահերթ կարգով ԱԺ լիագումար նիստում քննարկելու համար, լուրջ ցնցումների հեռանկարի առջև է կանգնեցրել եռյակին:
Դժվար թե Նիկոլ Փաշինյանն ինքը հավատում է այս գործի հաջողությանը, բայց մի հարց, ըստ էության բավականին կարևոր, նա կկարողանա լուծել: Դա քաղաքական դաշտում հստակություն մտցնելն է: Ով՝ ով է. սա է պարզելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:



Այսօր Միքայել Մելքումյանը, լսելով նախաձեռնության մասին, իրեն հատուկ ցրողական ոճով հայտարարել է, թե այդ հարցում որոշում պետք է կայացնի եռյակը, հավանաբար, հույս ունենալով, որ ԲՀԿ-ին կհաջողվի եռյակի ձևաչափում որևէ կերպ գլուխն ազատել այդ գլխացավից: Սակայն, հաշվի առնելով եռյակում տիրող ավելի քան տխուր վիճակը, դժվար թե մինչև ուրբաթ այն հավաքվի և որոշում կայացնի՝ ստորագրե՞լ Նիկոլ Փաշինյանի առաջարկի տակ, թե՞ չստորագրել: Հետևաբար մնում է մտածել, որ ոչ իշխանական ուժերը «каждый сам за себя» են պատասխան տալու այս դեպքում:



ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը քիչ առաջ հանդես է եկել մի հայտարարությամբ, որից հստակ հասկացվում է, որ ԲՀԿ-ն այս իրավիճակից ճողոպրելու ճանապարհներ է փնտրում: Չխոսելով իր հայտարարության բուն դրդապատճառի մասին՝ Ուրիխանյանը, ներողություն արտահայտությանս համար, իրեն ռետինե խողովակի տեղ դրած, քաղաքագիտական վերլուծության նման մի ցնդաբանություն է հնչեցրել՝ հանրությանը, իբր, բացատրելու համար, որ ընդդիմադիր դաշտում կան իշխանափոխություն պահանջողներ և իշխանափոխություն անողներ: Բնականաբար, իշխանափոխություն անողների մեջ Ուրիխանյանը նկատի ունի ԲՀԿ-ին և նրա գրպանում ծվարած կիսաքաղաքական սբրոդը, իսկ որպես իշխանափոխություն պահանջող՝ ոչիշխանական այն ուժերին, որոնք չեն հպատակվում ԲՀԿ-ին և չեն միանում:



Ստի ոտքերը, պարոն Ուրիխանյան, խիստ կարճ են, իսկ նրա վազքն էլ՝ մինչև մարագը… ուզում էինք ասել՝ մինչև շտաբը:



Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը իշխանափոխության շատ ավելի անցնցում տարբերակ է առաջարկում, քան Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն: Մնում է մի փոքրիկ պրոցեդուրա միայն՝ միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը և ապացուցել, որ իշխանափողությոն ես անում:



Ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն: Ուրիխանյանի հայտարարությունից երևում է, որ Նիկոլ Փաշինյանը, միայնակ, պատին է դեմ տվել այդ հսկա կուսակցությանը, և, ինչպես Ուրիխանյանն է ասել, հետաքրքիր իրավիճակ է ստեղծել նրա համար: