Քաղաքագրություն․ Խատիսյանի նամակը կնոջը

Քաղաքագրություն․ Խատիսյանի նամակը կնոջը

Ալեքսանդր Խատիսյան - Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար, երկրորդ վարչապետ, երկար տարիներ եղել է Թիֆլիսի քաղաքագլուխը:



Հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության եւ Քեմալական Թուրքիայի միջեւ ստորագրվեց մեր պատմության ամենածանր պայմանագրերից մեկը՝ Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի կողմից այն ստորագրեց թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը:



Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջեւանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին Թուրքիայի հովանավորության ներքո ժամանակավորապես գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով: Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի եւ 20 գնդացրի չափով: Թուրքիան պարտավորվում էր Հայաստանին, ներքին եւ արտաքին վտանգի դեպքում, զինված օգնություն ցույց տալ՝ ըստ հայկական կառավարության դիմումի: Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սեւրի պայմանագրից: Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց: Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով:



Գտնվելով Ալեքսանդրապոլում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը մի նամակ է ուղարկում կնոջը՝ նրան հիշեցնելով իրենց պայմանավորվածության մասին. կարեւոր եւ ցանկալի մի պայմանավորվածության: Ահա այն.



«Չնայած կյանքի բոլոր դժվարին պայմաններին ու քաղաքականությանը, ես համենայն դեպս սպասում եմ, որ իմ գալստյանը պատրաստ կլինի այն շորը, որ դու, ըստ պայմանի, պարտավոր էիր պատրաստել: Ես ամեն ինչ նախապատրաստել եմ, որպեսզի դու ձեւեիր ու կարեիր: Քեզ դրա համար թողել եմ բավականին դրամագլուխ: Եթե չկատարես ասածս, խիստ կնեղանամ, իսկ եթե պատրաստես, շատ ու առատ կվարձատրեմ քեզ:
Ես նույնիսկ կնկարեմ այն, ինչ ուզում եմ տեսնել քո հագին - առաջից ու հետեւից հենց այսպես (բաց), իսկ վերեւից ու ներքեւից գազ կամ տյուլ: Ես սիրում եւ խելագարի պես սիրում եմ քեզ, իմ բախտավորություն, իմ երջանկություն, իմ ոսկյա բախտավորություն:
Ես անվերջ շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ քեզ»: