Մհեր Ենոքյան․ Անազատությունից «Դեպի Ցմահ Ազատություն»

Մհեր Ենոքյան․ Անազատությունից «Դեպի Ցմահ Ազատություն»

«20 տարեկանում ես ստացա մահվան թուղթ: Հա, հա. դա թուղթ էր այն մասին, որ ես այսուհետ չկամ: Իսկ իմ բոլոր փորձերն ապացուցելու, որ ես ՈՂՋ եմ, որ կարող եմ Սիրել, Կարոտել, Արտասվել, Նկարել, Տխրել, Տառապել, Հրճվել....... ռոբոտ-դատավոր-գերեզմանափորները չէին էլ կարող տեսնել. նրանք հոգու աչքեր չունեին: Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ». այս տողերով է սկսվում 19 տարի անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանի «Դեպի Ցմահ Ազատություն» պատմվածքը, որով Ենոքյանն անցած տարի մասնակցել էր «Oրանժ» ընկերության կազմակերպած «Գրքի մրցույթ-2013»-ին, սակայն, ինչպես հայտնի է, կազմակերպության կողմից ճնշում էր գործադրվել ժյուրիի վրա, եւ նրա պատմվածքը չէր քննարկվել եզրափակիչ փուլում:



«Օրանժի» ղեկավարության պատճառաբանությունն այն էր եղել, որ ցմահ բանտարկյալին մրցանակ տալով՝ իրենց շուկային հարված կլինի:



Երեկ Նարեկացի արվեստի միությունում «Դեպի Ցմահ Ազատություն» գրքի շնորհանդեսն էր, որին ներկա էին բազմաթիվ քաղաքացիներ, մշակութային դեմքեր, մտավորականներ, նաեւ Մհեր Ենոքյանի ծնողները: Երկլեզու գիրքը՝ հայերեն եւ անգլերեն, տպագրվել է քաղաքացիների աջակցությամբ, ովքեր չեղյալ հայտարարեցին «Օրանժի» մրցանակաբաշխությունը, հավաքեցին գրքի տպագրության համար անհրաժեշտ գումարը եւ մրցանակը հանրության անունից հանձնեցին Մհեր Ենոքյանին:



«Այս գիրքը չի վաճառվում:
Այն Մարդկանց նվերն է ինձ:
Ես էլ իմ նվերը Սիրով կիսում եմ Ձեզ հետ»:



Այս տողերն են հեղինակի կողմից գրված նոր լույսընծայված գրքի շապիկին: Պատմվածքն էլ պատմում է 1990-ականների անկախ Հայաստանի առաջին տարիների արդարադատության մասին: Երբ 20 տարեկանում հայտնվելով մահապատժի դատապարտվածների հարկաբաժնում, պետք է գոյատեւես՝ պահպանելով խիղճը, սերը, հոգեւոր արժեքները:



Գրքում զետեղված պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն էլ առավել պատկերավոր ներկայացրել է Մհեր Ենոքյանի դատավճիռն ու «Օրանժի» մրցանակաբաշխության ժյուրիի քննարկման ընթացքը: Գրքի հայերեն տեքստի խմբագիրներն են Վահան Իշխանյանը, Զարուհի Մեջլումյանը, Արծվի Բախչինյանը: Վերջինս, լինելով «Օրանժի» ժյուրիի կազմում, նշեց, որ պարզապես չէր կարող լինել հերթական քաղաքացին, ով պետք է կոծկեր իր աչքի առաջ տեղի ունեցած անարդարությունը եւ չբարձրաձայներ դրա մասին:



Ինքը՝ Մհեր Ենոքյանը, գրքում վերջաբանի փոխարեն շնորհակալություն է հայտնում «Օրանժին»՝ մարդկանց աչքերը բացելու համար. «Շնորհակալ եմ նրա համար, որ մարդկանց ցույց տվեց անարդարության մեխանիզմը: Այն, ինչի մասին բղավում եմ 18 տարի անընդմեջ: Այս մրցույթն ակամա ցույց տվեց, թե ինչպես կարելի է մարդուն զրկել արդարության իր իրավունքից, թե ինչպես են կայացվում Հայաստանում դատավճիռները»:



Մհեր Ենոքյանը բանտից անվանական գրքեր էր ուղարկել շատերին: Ներկաներն էլ իրենց հերթին ստորագրեցին այն պատվոգրի տակ, որը տրվում է նրան իր պատմվածքի համար եւ փոխանցվելու է հեղինակին:



Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաեւ «Հետքի» պատրաստած «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» տեսաֆիլմը: Զարուհի Մեջլումյանը նշեց, որ 104 ցմահ դատապարտյալներից միայն 11-ը ցանկացան բարձրաձայնել իրենց կյանքի պատմությունը: Մեր բանտերում կան անմեղ մարդիկ, ովքեր, ըստ Մեջլումյանի, 90-ականների սխալ դատավճիռների զոհն են դարձել, երբ հաճախ դատապարտվել են 1 վկայի ցուցմունքով, իրեղեն ապացույցներն էլ, ցավոք, վերացվել են ժամանակի ընթացքում:



Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ իր խոսքում մարդկանց ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ֆիլմում, Արթուր Մկրտչյանի գործով, Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ 3-ին սպանել է, բայց չի բացառում, որ այն 2-ին ինքը չի սպանել. «Էլի ցմահ տայիք, բայց 3-ի սպանության համար դատեիք, չեք հայտնաբերել ու այն 2-ի սպանությունն էլ եք դրել վրան, եւ խոսում է այն դատախազը, որն այդ մեղադրանքը պաշտպանել է, սա՞ է արդարադատությունը Հայաստանում»: Ապա հավելեց, որ Մհեր Ենոքյանի հետ կապված՝ մեծ պատասխանատվություն է իր վրա զգում, եւ պատմեց, որ երբ 2-րդ փախուստից հետո այցելել է Ենոքյանին, խոստացել է. երբ զգա, որ այլեւս հույս չկա՝ կասի նրան այդ մասին, բայց. «Ես դեռեւս հույս ունեմ»:



Ներկաները հիշեցին նաեւ այսօր անազատության մեջ գտնվող եւ Մհերի ազատության համար պայքարող դերասան Վարդան Պետրոսյանին, ում արդար դատավճռի համար եւս պետք է պայքարել:



Խոսք ասաց նաեւ Մհեր Ենոքյանի մայրը՝ Վարդուհի Ենոքյանը, ով, ինչպես ներկաները, պարբերաբար հուզվում էր: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա նշեց, որ ավելի շատ ուրախանում է, որ մեր հասարակությունն աստիճանաբար գլուխ է բարձրացնում եւ, բացի իր հոգսերից, երկրում տիրող դժվարություններից, արդեն նկատում է նաեւ մեկ այլ ճակատագրով մարդկանց, որոնք հեռու չեն մեզանից, բայց «կլոր գերեզմանոցի պատերի ներսում են»՝ հույս հայտնելով, որ մի օր սառույցը նաեւ «վերեւներում» կհալվի: