Քաղաքագրություն․ Աստաֆյան փողոցի կնիքը

Քաղաքագրություն․ Աստաֆյան փողոցի կնիքը

Գրեթե ամեն օր մենք քայլում ենք, անցնում նախկին Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցով, շտապում ենք աշխատանքի, հանդիպման: Վազում ենք, դիպչում ուսերով, առաջ շարժվում, անորոշ ճեմում ենք, քարանում: Միշտ չէ, որ նայում ենք փողոցի համապատկերին, որ ասես ուրախ կոհակներով դեպի հրապարակ հոսող տխուր գետ լինի: Շենքերը, ծառերը, մայթերը, սրճարաններն ամեն օր նույնն են: Եվ փոխվում են ամեն օր: Աստաֆյան-Աբովյան փողոցը քաղաքի պատմության միջով անցնելու մեր հնարավորությունն է, ընծայագիրը: Եվ տարիներն անհավանականության շղարշով են պարուրում պատմությունը, որի միակ ականատեսը հենց փողոցն է, որ ինքն իրեն մատենագրում է Ալազանի «Եռագույնի ու մահի երկրում» հատորի մեջ.



«Աստաֆյան փողոցի վրա, այժմյան կուլտուրայի տան դեմի խանութում, դաշնակցական ծուռ բերան լիազորը շաքարավազ էր բաշխում գաղթական կանանց:



Հյուծվածների հերթն էր գնում:



Ֆանտազիա ծագեց հայդուկ լիազորի գլխում:



Զվարճալի խաղ խաղալ դժբախտ այդ զոհերի գլխին:



Եվ որոշեց շաքարի կնիշկաները կնքելու տեղը կնքել շաքար ստացողների այտերը:



Համոզեց, թե պետք է ստացողների երեսները փեչատել, որ նրանք կրկին չգան ստանալու:



Զոհերը համոզվեցին:



Եվ սկսվեց հրեշավոր խաղը:



Ինչ կարող էին անել դժբախտ զոհերը:



Դուրս էր գալիս յուրաքանչյուր հաղթական կինը, աղջիկը, «հայուհին», ձեռքին շաքարավազի տոպրակը եւ գունատ ու խորշոմալի այտերին եռանկյուն դրոշմը:



Ռումբի նման պայթեց այդ քստմնելի իրողությունը, եւ մի քանի ժամ հետո, մինչեւ վերջին փեչատավոր կանացի երեսը դուրս էր գալիս շաքարի խանութից, այնտեղ ներխուժեցին տաճկահայ խմբապետերը եւ ի պաշտպանություն իրենց մայրերի, քույրերի «նամուսի», հայհոյանքների որոտի միջից սկսեցին կրունկների տակ ջարդոտել շաքարաբաշխ լիազորի ոսկորները: Տրորված դիակի գլխին ուշք բերելուց հետո տաճկահայ վրիժառու խմբապետերը նույն եռանկյուն կնիքով փեչատեցին նրա այտերն ու ճակատը եւ իրենց «հանդիսավոր» թափորի մեջ առած՝ սկսեցին պտտեցնել նրան մայրաքաղաքի գլխավոր եւ ապա երկրորդական փողոցներով:



Մայրաքաղաքում մեծ թամաշա էր»: