Կգան կարմիր բերետավորներ, ոստիկաններ, բայց մենք դուրս չենք գա մեր տնից

Կգան կարմիր բերետավորներ, ոստիկաններ, բայց մենք դուրս չենք գա մեր տնից

Տերյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկի շենքերի վրա արդեն մի քանի տարի է՝ փակցված են «SOS», «Ո՛չ քանդելուն» կոչերով պաստառները: Դրանք Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերն են, որոնք գերակա բացառիկ շահ են ճանաչվել, ինչի արդյունքում որոշում է կայացվել քանդել այդ 3 շենքերը, ինչպես նաեւ դրան կից «հայ համերգի» շենքը: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամներ Գրիգոր Ղազարյանը, Վարդան Գերավետյանը եւ նկարիչ Վարդան Գաբրիելյանը: Վերջին երկուսը նաեւ վերը նշված շենքերի բնակիչներ են, ովքեր պատմեցին, որ 7 տարի ընթացող պայքարի արդյունքում դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ է կառուցվելու այդ վայրում:



Ի ապացույց դրա, Վարդան Գերավետյանը ներկայացրեց այն նամակը, որտեղ քաղաքապետարանը պատասխանել էր, որ այդ փողոցների շենքերի համար դեռեւս համաձայնեցված նախագիծ չկա. «Արդեն 8-րդ տարին է՝ կառավարությունը, պետությունը չգիտի, թե այդ շենքերի փոխարեն ինչ է կառուցելու, բայց դա հանդիսանում է բացառիկ գերակա հանրային շահ, եւ բնակիչներից արդեն 8 հոգու ուղարկվել են դատական պրոցես սկսելու ծանուցումները, բացի դա, ամենաֆենոմենալը նա է, որ առանց դատի ԴԱՀԿ-ն որոշում է ուղարկում մարդուն, եւ իրենք իրենց որոշումներն են կայացնում՝ մարդկանց սեփականության հետ ինչ անել»: Ներկաները նշեցին, որ մի քանի ժամից դատական նիստ է ընթանալու, դատարանում են 22 բնակչից 8-ի գործերը:



ԴԱՀԿ-ից ստացած նամակներում գրված է, որ այդ շենքերի քաղաքացիները կարող են վաճառել իրենց բնակարանները, բայց միայն «Լոկալ դիվելոպրս» ՍՊԸ-ին՝ կառուցապատող ընկերությանը, որի տնօրենը Սամվել Մայրապետյանն է: «Այսինքն, ունենք մի Մայրապետյան, մի կենտրոն, որ բնակիչներին երկարատեւ պաշարման մեջ պահելով՝ փորձում է նրանց ստիպել, հոգնացնել, քայքայել, ունենք տարեցներ, որ արդեն մահացան, որովհետեւ 7 տարի է արդեն՝ ամեն օր մարդիկ նյարդայնանում են: Սա պետական ռեկետի նման մի բան է, որ մի մարդուն տվել են բացառիկ իրավունքներ, եւ նա իրագործում է այն, ինչ ուզում է»:



Բնակիչների կարծիքով, միակ խնդիրն այն է, որ այդ շենքերը 4 հարկանի են եւ համահունչ չեն Հյուսիսային պողոտայի նորակառույցներին: Ինչ վերաբերում է շենքերի պահպանված վիճակին, որքանո՞վ են դրանք սեյսմադիմացկուն, ապա նշեցին, որ շենքերը կառուցվել են 32թ.-ին, շատ լավ են պահպանված, վթարային չեն, սեյսմակայուն են, նույնիսկ շքամուտքերում ճեղքվածքներ չկան, ավելին՝ բնակիչների միջոցներով շենքերն արտաքինից ներկվել են. «Ոչ մի խնդիր չունենալով հանդերձ, մեր շենքերը կանգնած են վտանգի առաջ»:



Ըստ բնակիչների, նախ պետք է տենդեր հայտարարվեր, ինչը չի արվել, եւ միանգամից նշանակվել է Մայրապետյանը, եւ այդպես 3 անգամ կառավարությունը որոշում է ընդունել, որ պետք է շենքերը քանդվեն: Ինչ վերաբերում է առաջարկվող գնին, ապա կառուցապատողը քառակուսի մետրի համար առաջարկում է 800 դոլար, այն դեպքում, երբ գինը շուկայում կրկնակի արժե՝ մոտ 2 հազար դոլար:



Բնակիչները նշում էին, որ այս յոթուկես տարիների ընթացքում Մայրապետյանը կարող էր գոնե մեկ անգամ գալ, իրենց հետ հանդիպել եւ քննարկել այդ հարցը: Իրենց կողմից կարող են միայն վստահեցնել, որ, անկախ կեղծիքներից, իրենք պատրաստ են մարտնչել իրենց շենքերի համար:



«Այ, կգան կարմիր բերետավորներ, ոստիկաններ, մենք դուրս չենք գալու, եթե պետք է գնանք այդ նվաստացմանը սեփական երկրում, այդ դառը բաժակը խմենք, մենք խմելու ենք մինչեւ վերջ, ընդհուպ եթե զոհվենք ոմանքս: Չի կարելի տարիներ շարունակ նվաստացնել մարդկանց, մենք ունենք արժանապատվություն, ավելի լավ է մարդ պատվով մահանա, քան անարժանապատիվ, ստրուկի նման տարիներով ապրի: Եթե բնակիչներից որեւէ մեկին վնաս հասցվի, համարժեք վնաս ստանալու են իրենք, Աստված մի արասցե՝ փորձեն արյուն թափել: Ես խոստանում եմ Վանի պաշտպանությունը կրկնել, ես ու իմ հարեւանները բառիս բուն իմաստով պատրաստ ենք մահանալ»,-ընդգծեց Վարդան Գերավետյանը, ապա հավելեց, որ քաղաքային իշխանությունների ոճն է դա, երբ պետք է որեւէ շենք, նախ ամայացվում է, բնակիչները դուրս են հանվում, եւ թողնվում է ինքնահոսի, ինչի արդյունքում շենքը վնասվում է եւ քանդման ենթակա ճանաչվում: Ապա հիշեց ԱՕԿՍ-ի շենքը, որը քանդվեց ընտրությունների օրը, երբ բոլոր լրագրողներն զբաղված էին ընտրություններով. «Գողի գաղտագողի վարքագիծը շատ բնորոշ է այդ մարդկանց, եւ շատ ցավալի է դա»:



Գրիգոր Ղազարյանն էլ հավելեց, որ նույն ինքնափլուզման մեխանիզմը կիրառվեց նաեւ Ծածկած շուկայի դեպքում, քանի որ պետք էր արագ տարածք ազատել. «Քաղաքում բոլոր թեժ կետերում ընթացող շինարարությունների միջեւ կարելի է զուգահեռ անցկացնել, հիմնական մոտեցումը սա է. տարածքն ազատել՝ առանց հաշվի առնելու բնակիչների շահերը, իսկ պատմամշակութային շենքերի դեպքում՝ մշակութային արժեքը»:



Ինչ վերաբերում է Աֆրիկյաններին, ապա նկարիչ Վարդան Գաբրիելյանը նշեց, որ ինֆորմացիա ունի, ըստ որի՝ հաջորդը լինելու է ԱԻՆ-ի շենքը, որ գերազանց վիճակում է, բայց եւս մի հարմար առիթ կստեղծեն այն քանդելու համար, որից հետո նոր կտեսնեն, թե ինչ են կառուցում այդ տեղում: Առավել եւս, որ շենքը 2 տարուց ավելի դատարկ է. «Հիմա այդ շենքին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ որ Աֆրիկյաններին: Նույն ինվեստորն արդեն Չայկովսկու դպրոցի բակից 10 մետր ներս է խորացել, դպրոցի բակն էլ են արդեն գրավել»: