Քաղաքագրություն․Մահարի՝ երևանյան քանդակներ

Քաղաքագրություն․Մահարի՝ երևանյան քանդակներ

Որպես նախերգ



Ես ուզում եմ գրել Երեւանի մասին: Վերջերս ես եղա մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում եւ մի անգամ էլ հիշեցի հին Երեւանը: Ես հիշեցի հին Երեւանը եւ հատկապես գավառական այդ մայրաքաղաքի կամ մայրագյուղի այն վայրերը, որտեղ փռված է հիմա` սաղարթախիտ ծառերով եւ գարնանային թարմությամբ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին: Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երեւանի մասին, չես կարող չհիշել հինը: Չես կարող չհիշել հինը եւ չզարմանալ,- այդ ե՞րբ էր: Այդ ե՞րբ էր: Ճիշտ այստեղ…



Բայց դա չի մտնում իմ գրավոր խոհերի եւ մտորումների նախերգում: Այդ բուն երգն է, տխրությամբ ու նայիրյան վշտով թովուն մի երգ, որը սակայն վերջանում է զվարթ, առնական, շենշող, մեր մեծ ներկայի եւ հաղթական ապագայի նման:



Ես իմ նախերգով միայն ակնարկում եմ, որ ուզում եմ գրել Երեւանի եւ հատկապես նրա այն վայրերի մասին, որտեղ փռված է հիմա` երգող ծառերով եւ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:



Երգ առաջին կամ հին Երեւանի ամենահիշարժան անկյունը



Ոչ Շիլաչի մահլի հողաշեն եւ կավաշեն տնակները, ոչ հնամենի Կոնդն իր կոնդապատկան շրջակայքով, նիստուկացով եւ բարդիների խշշոցով, չկարողացան դառնալ հին Երեւանի կենցաղային ու տեղագրական կենտրոնը:



Երբ հիշում ես հին Երեւանը, առաջինը, որ փռվում է հիշողությանդ լուսարձակի տակ, դա Ղանթարն է եւ նրա ղանթարական «հարստությունները»:



Այդ այն է, ինչ Աբովյանի օրերին կոչվել է «չարսու բազար», որի մասին անմոռանալի էջեր է թողել անհայտ ճանապարհորդ Ջիովանելլին եւ հայտնի վիպերգակ Ակսել Բակունցը, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:



Սակայն այն, ինչին վերահասու եղավ իմ սերունդը, ամենեւին նման չէր իտալացի վանական, անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլու նկարագրած կախարդական չարսու բազարին: Դեռ 1840 թվին անհետացել էին եւ չարսու բազարի բակում շրջող սիրամարգերն ու դրախտային թռչունները, շատրվանն ու նման հազար ու մի հրաշալիքներ:



Մի դար հետո, Ակսել Բակունցի նկարագրությամբ «…մնում էին անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները եւ աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար…»:



Ինչին որ հասավ իմ սերունդը, դա ոչնչով նման չէր ոչ իտալացի ճանապարհորդի տեսած, ոչ գորիսեցի վիպերգակի նկարագրած չարսու բազարին: Սակայն արդարության դեմ մեղանչած կլինեինք, եթե ուրանայինք, որ Ղանթարն է հին Երեւանի ամենահիշարժան եւ տեսարժան վայրը:



Երգ երկրորդ. Ակսել Բակունցի հետ



Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում եւ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ «պարսկական թեյ» խմելու:



- Երեւան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարող ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի:- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, նա չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:



Հե-ռո՜ւ հիշողություն:



Շոգ է, երեւանյան ամառային այրող արեւ: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.



- Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի։



Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն եւ կրկնում.



- Երեւան, չարսու բազար…