Անկախ ԵՏՄ-ին անդամակցումից՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից Հայաստանը տուժելու է

Անկախ ԵՏՄ-ին անդամակցումից՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից Հայաստանը տուժելու է

Երեկ Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ընդունման վերաբերյալ քննարկումը։ Հիմնական զեկուցողը ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն է։ Որպես հարակից զեկուցող խորհրդարանից հանդես են գալու միանգամից երկու պատգամավոր՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Ի դեպ, օրեր առաջ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը դեմ էր արտահայտվել Արտակ Զաքարյանին որպես հարակից զեկուցող նշանակելու որոշմանը՝ նշելով, որ ԵՏՄ-ի պայամնագիրը բացառապես տնտեսական հարց է և արտաքին քաղաքականության հետ կապ չունի։



Նշենք, որ ԵՏՄ-ի անդամակցությանը խորհրդարանական ուժերից կարծես թե միայն «Ժառանգությունն» է դեմ ու ՀԱԿ-ից անկախ գործող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Մնացածի դեպքում միանգամայն սրտով է նախագահի կայացրած այս որոշումը։



Այս կապակցությամբ երեկ զրուցեցինք հարցի հարակից զեկուցողներից մեկի՝ Վարդան Այվազյանի հետ՝ անդրադառնալով նախ այն վնասներին, որ սկսել է կրել Հայաստանը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունքում։ Արդյոք կկանգնի՞ Հայաստանը ավելի լուրջ խնդիրների առաջ ԵՏՄ-ին անդամակցումից հետո։



«Եթե խնդիրների առաջ կանգնելու խնդիր կա՝ անկախ մեր անդամակցությունից, եթե Ռուսաստանի դեմ էդ պատժամիջոցները կիրառում են, մենք դրանք կրելու ենք»,-ասաց Այվազյանը՝ ընդգծելով, որ այլապես որևէ կերպ չի ազդի։



Ըստ Այվազյանի՝ Հայաստանի նկատմամբ այդ պատժամիջոցներն ազդելու են այնքանով, որքանով որ մեր տնտեսությունը կապված է ՌԴ-ի հետ։



«Եթե մենք, օրինակ, արտաքին տրանսֆերտների առյուծի բաժինը ստանում էինք Ռուսաստանից, այսօրվա դրությամբ արտաքին տրանսֆերտների պակասեցումը նույնպես կապված է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Սա նշանակում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը պետք չի կապել այդ ամենի հետ»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը։



Ինչ վերաբերում է մեր հարևան երկրների հետ հարաբերություններին, որոնք ԵՏՄ անդամ չեն ու այլ գիծ են որդեգրել, Այվազյանն ասաց, որ թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ մեր հարաբերությունները մնալու են նույնը․ «Մենք ՌԴ-Վրաստան փոխհարաբերությունների դաշտում պահպանելու ենք Վրաստանի հետ այն հարաբերությունները, ինչ եղել է, քանզի Ազատ առևտրի պայմանագիրը պահպանվելու է։ Մենք Վրաստանի հետ ոնց եղել ենք 10 տարի առաջ, նույն կերպ լինելու ենք նաև այսօր։ Այսինքն՝ նույնիսկ եթե մենք ասոցացման համաձայնագիրը ստորագրեինք, էլի նույն պատմությունն էր լինելու։ Նույնը վերաբերում է նաև Իրանի հետ մեր հարաբերություններին»։



Անդրադառնալով ԵՏՄ-ի հետ համապատասխանեցվող մեր օրենսդրությանը՝ Վարդան Այվազյանն ասաց, որ օրենսդրությունը դեռ պատրաստ չէ, ու այսօր հենց դրանով են զբաղված։



«ԵՏՄ-ին անդամակցությունը միայն այդ պայմանագրի ընդունումը չի։ ԵՏՄ-ի պայմանագրի հետ մենք վավերացնում ենք նաև 29 այլ ենթապայմանագրեր, և օրենսդրական մի ամբողջ ծավալ մենք պիտի համահունչ դարձնենք, այդ թվում, օրինակ, գործող Մաքսային օրենսգիրքը մենք ասում ենք, որ էլ չի աշխատի»,- նշեց Վ․ Այվազյանը։



Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին ԵՏՄ-ին մեր անդամակցումից հետո, Այվազյանը վստահեցրեց, որ ԼՂՀ-ի հարցում որևէ բան չի փոխվելու և մնալու է այնպես, ինչպես այսօր կա՝ թե՛ տնտեսական, թե՛ օրենսդրական առումով։



Հ․Գ․ Նկատենք, որ ինչպես վերջին տարիներին հաճախակի անում էին մաքսային ու հարկային օրենսդրություններում փոփոխությունների դեպքում, այս պարագայում էլ նրանք նոր մաքսային օրենսգիրքը սկսել են ավարտին հասցնել բավականին ուշ, որը կընդունեն հունվարին, ու տնտեսվարողների համար դա լրացուցիչ բարդություններ կստեղծի, քանզի նրանք պետք է կարողանան հասցնել ուսումնասիրել, հասկանալ՝ ինչ է փոխվել, որ իրենց տնտեսական հարաբերությունները նոր օրենքներով կառուցեն։



Մինչդեռ, տրամաբանական է, որ այդ աշխատանքը պիտի ավարտված լիներ դեռ վաղուց, որ տնտեսվարողները հասցնեին ծանոթանալ նոր օրենքներին ու ցայտնոտի մեջ չընկնեին, քանզի այդ աշխատանքները սկսել էին դեռ տարվա սկզբին, բայց կառավարության փոփոխությունից հետո հավանաբար այստեղ էլ փոփոխություններ տեղի ունեցան, ու արդյունքում ձգձվեց օրենսգրքի՝ ժամանակին պատրաստ լինելը։ Սա կարելի է համարել կառավարության կողմից անփութության արդյունք։