«Սիրահարվածությունից» անդին

«Սիրահարվածությունից» անդին

Միանգամից ասեմ, որ ստորեւ խոսք է գնալու «Հրապարակի» ընթերցողին քաջ հայտնի Վահրամ Աթանեսյանի մի հրապարակման մասին, որտեղ պարոն Աթանեսյանը, գուցե ակամա, խոստովանել է, որ մինչեւ ականջները «սիրահարված» է Սերժ Սարգսյանին ու նրա վարած հայ-թուրքական քաղաքականությանը:



Քչերը չեն «սիրահարված» Սերժ Սարգսյանին, այնպես որ, Վահրամի «սերն» այդ իմաստով արտառոց մի բան չէ, բայց Վահրամի դեպքում փորձ է արվում «սիրեցյալին» «մաքրել» մի բանից, որ եղել է նրա այս յոթ տարվա գործունեության թերեւս ամենավառ իրադարձությունը: Խոսքը հայ-թուրքական ֆուտբոլի մասին է, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության թագն ու պսակն է:



Եթե մի քիչ կոպիտ արտահայտվեմ, պիտի ասեմ, որ Վահրամ Աթանեսյանը մեր թերթի երեկվա համարում տպագրված ««Իրազեկվածությունից» անդին» հոդվածով փորձ է արել Սերժ Սարգսյանի հայ-թուրքական ընթացքները բացատրել որպես նրա նախորդների գործունեության հետեւանք, ինչը, մեր կարծիքով, ոչ ավել, ոչ պակաս, նշանակում է կողոպտել Սերժ Սարգսյանին:



Նախ` իրավիճակի մասին: Մեր Վահրամ Աթանեսյանը համաձայն չէ հայաստանյան կայքերից մեկում հրապարակված հետեւյալ տողերի հետ. «Միայն Սարգսյանը կարող էր Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել եւ Թուրքիային ոչ ֆորմալ ձեւով մասնակից դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Ո՞նց թե դուք Սերժ Սարգսյանին այսպիսի բան ասեք` մտածել է Վահրամն ու գործի անցել, որպեսզի ցույց տա, որ Սերժ Սարգսյանն այդպիսի բան չի արել: Նա անմիջապես հիշել է Մինսկի խմբի ստեղծման պատմությունը (1992թ.) եւ ապա, սահուն կերպով, Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թուրգութ Օզալի թաղմանը մասնակցելը, ապա եւ Ղարաբաղի հարցով Քոչարյանի վարած բանակցությունները հայտարարել հայ-թուրքական ակտիվ շփումներ, որոնք, իբր, ընկած են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության հիմքում:



Այստեղ Վահրամին հիշեցնենք, որ հայ-թուրքական ֆուտբոլի օրերին Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ստացավ մի անվանում, որի մեջ նույնիսկ Նոյ նահապետը չէր հիշատակվում: Այդ օրերին ամենուր կարելի էր կարդալ «Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականություն» արտահայտությունը, եւ չկար մեկը, որ ասեր` եղբայր, այդ «նախաձեռնողականությունը» գալիս է Սերժ Սարգսյանի նախորդներից: Հիմա ումի՞ց է բողոքում Վահրամ Աթանեսյանը, երբ գրում են, որ «…միայն Սերժ Սարգսյանը կարող էր դա անել»: Մենք դեռ չենք խոսում այն մասին, որ՝ այո, միայն Սերժ Սարգսյանը կարող էր Մեդվեդեւի կաբինետից զանգել Գյուլին եւ հրավիրել Երեւան: Բայց համարենք, որ կաբինետն էական չէ: Մի հարց Վահրամ Աթանեսյանին` իսկ ինչո՞ւ հենց Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան, մանավանդ որ Մինսկի խմբում ընդգրկված էին շատ այլ երկրներ: Բնականաբար, նա մեզ կասի, որ խնդիրը հայ-թուրքական սահմանը բացելն է եղել:



Ընդունում ենք: Այդ դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանի մտքով իսկ չէր անցնում, որ սահմանը բացելու համար Գյուլը դեմ է տալու Ղարաբաղի հարցի լուծման իր տարբերակը: Իսկ սա, բնականաբար, զառանցանք է, որովհետեւ Սերժ Սարգսյանը նախկինում իր զբաղեցրած պաշտոնների բերումով քաջատեղյակ է եղել թե սահմանի փակման պատճառներին, թե իր նախորդների «ակտիվ» հայ-թուրքական շփումներին: Փաստորեն, իր նախորդները, երբ փակվել է հայ-թուրքական սահմանը, այդքան դուխ չեն ունեցել Թուրքիայի որեւէ առաջնորդի հրավիրել Հայաստան եւ ջանջիգյար անելով համոզել, որ սահմանը բացի: Եվ, ուրեմն՝ այո, Սերժ Սարգսյանն առաջինն էր, որ ունեցավ այդ «դուխը»:



Վահրամ Աթանեսյանը գրում է, որ Թուրքիան ոչ ֆորմալ առումով, լինելով Մինսկի խմբի անդամ, միշտ էլ միջամտել է Ղարաբաղի հարցին: Պարոն Աթանեսյան, խորհուրդ կտամ հայաստանյան հանրությանը մանկապարտեզի տեղ չդնել: Մինսկի խումբը ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆորմատ, որի մեջ մտնող երկրներն այդ ֆորմատում իրենց վերապահված դերից այնկողմ անցնելու ոչ իրավունքներ, ոչ էլ գործողությունների ազատություն ունեն: Հստակ որոշված էր, որ համանախագահները երեքն են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Բայց ի՞նչ արեց Սերժ Սարգսյանն իր նախաձեռնողականությամբ: Նա Թուրքիային բերեց առաջին պլան եւ, ըստ էության, ֆորա տվեց այդ երկրին` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին լուրջ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում: Ավելին` Սերժ Սարգսյանը, երբ պարզ դարձան արձանագրություններում լավ թաքցված նախապայմանները, հայտարարեց, որ եթե Թուրքիան նույնիսկ միջամտի ղարաբաղյան կարգավորմանը, ապա դրանց գործընթացը միայն կշահի: Հուսամ, Վահրամ Աթանեսյանն այնքան իրազեկված չէ, որ հիմա էլ պնդի, թե Սերժ Սարգսյանի նախորդներն էլ եղել են այդ կարծիքին:



Զերծ մնալով Սերժ Սարգսյանին, Վահրամի ասած, անհարկի վերագրումներ անելու գայթակղությունից, կցանկանայի մի հետաքրքիր դեպք եւս հիշել, որ անվիճելիորեն խոսում է այս գործում Սերժ Սարգսյանի` առաջինը լինելու մասին: Միայն Սերժ Սարգսյանը կկարողանար հայտարարել, որ ինքը Թուրքիա կգնա բաց սահմանով կամ եթե կողմերը մոտ լինեն սահմանը բացելուն: Նման բան հայտարարելու համար, մեր կարծիքով, նա պետք է վստահ լիներ, որ գոնե կես քայլ է կատարվել սահմանը բացելու ուղղությամբ: Երեխա չլինենք: Ոչ մի քայլ էլ չէր կատարվել, որովհետեւ Թուրքիան Ադրբեջանին արվելիք եւ ոչ մի զիջման խոստում չէր ստացել ոչ Հայաստանից, ոչ Ռուսաստանից եւ ոչ էլ Մինսկի խմբից:



Այսքանից հետո գնալ Թուրքիա, Ցյուրիխում արձանագրություններ ստորագրել, ապա այդ արձանագրությունների բեռից մի կերպ ազատվել ՍԴ վճռով, այո, չէր կարող անել Սերժ Սարգսյանի նախորդներից եւ ոչ ոք:



Հիմա, երբ ինչ-որ կերպ հաջողվել է փրկել Սերժ Սարգսյանի ֆուտբոլային այս ողջ «նոու-հաուն», Վահրամ Աթանեսյանը, հավանաբար նախագահին «լրիվ մաքրելու» նպատակով, մատը մտցնում է բզեզի բույնը եւ հայտարարում. «Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանը կարող էր Սահմանադրական դատարանի որոշման հիմքով եւ վերապահումներով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Եվ շատ անհարմար վիճակի մեջ դնել Թուրքիային: Դա կլիներ դիվանագիտական «նոու-հաու», եթե ԱԺ-ն Ցյուրիխի արձանագրությունները վավերացներ՝ հավելելով, որ եթե Թուրքիան երեք կամ վեց ամսվա ընթացքում նույնը չանի, ապա Հայաստանը դրանք կհայտարարի առոչինչ»: Բնականաբար, այսքանից հետո էլ չենք կարող չընդգծել Վահրամ Աթանեսյանի «դուխը»:



Այդ դուխը պետք է ունենաս, որ ՍԴ նկատառումները գրպանդ դնես ու վավերացնես մի փաստաթուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ հայ-թուրքական սահմանը բացվում է Հայաստանի կողմից այս-այս-այս բաներն անելուց հետո: Խնդիր չկա, եկեք վավերացնենք ու պոչին էլ կպցնենք, որ Թուրքիային մտածելու ժամկետ ենք տալիս: Բայց չէ՞ որ, պարոն Աթանեսյան, Թուրքիան կվավերացնի իր արձանագրությունները ոչ թե 6 ամսվա մեջ, այլ երկու օրում, ու մենք կմնանք, մեղմ ասած, Ձեր նշած դիվանագիտական «նոու-հաուի» տակ: