Քաղաքագրություն․ Մահարի՝ երևանյան քանդակներ (երգ 3, 4, 5)

Քաղաքագրություն․ Մահարի՝ երևանյան քանդակներ (երգ 3, 4, 5)

Երգ երրորդ



Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ նկարագրել եմ իմ «Երիտասարդության սեմին» գրում` Ղանթարի մասին: Ես այնտեղ նկարագրել եմ, այսպես կոչվող, նախահեղափոխական Ղանթարը, այն Ղանթարը, որը գոյություն ուներ մինչեւ 1920 թվականը:



Բայց չէ՞ որ Ղանթարը պահեց իր գոյությունը դեռ երկար տարիներ: Երեւանի տժվժիկն ու Վանի ժաժիկը դեռ երկար տարիներ դիմացան, ու Ղանթարը երկար տարիներ հպարտանում էր թե մեկով, թե մյուսով: Բայց փոխվել էին ժամանակները: Կոոպերացիան, պետական առեւտուրը քայլ առ քայլ առաջանում էին, ուժեղանում, մասնավորը նահանջում էր ու թուլանում:



Այնտեղ, մանկական զբոսայգու հյուսիսային կողմում, որտեղ այժմ կանգնած է «Արարատ» տրեստի բնակելի շենքը, կամ հենց այնտեղ, ուր մանկական հրապարակն է եւ կարուսելը, մանր խանութներ էին, ուր ապաստանել էին չթավաճառներն ու մանր առեւտրականներ:



Նրանք անգործությունից ու ձանձրույթից մոտենում էին իրար եւ [անընթեռն.] դեմքով ուրախ կատակում.



- Ախանես աղա՞, առուտուր անելով մեռար, չերթա՞նք մի փարթի նարդի խաղանք:



- Ռուբեն աղա, էսպես որ էրթա գործը, Աֆրիկով կդառնաս ու մեզ էլ բարեւ չես տա…



Ղանթարի շուրջը չէին թափառում այլեւս անապաստան մանուկները: Նրանք տեղավորված էին պետական մանկատներում:



Մինչեւ 20 թվականը «սպեկուլյանտ» կոչումը պաշտոնի պես բան էր.



- Քո մարդը ի՞նչ գործի է, տիկին Սաթենիկ:



- Հարկային տեսուչ:



- Հարկային տեսո՞ւչ,- արհամարհանքով ասում էր խոսակիցը,- էլ գործ չի՞ գտել: Իմ Սեդրակը սպեկուլյանտ է:



Քսան թվից հետո «սպեկուլյանտ»-ը դարձավ նախ թեթեւ, միջին եւ ի վերջո` ծանր հայհոյական խոսք: Մի օր էլ լուր տարածվեց, որ Ղանթարն իր շրջակա ղանթարական խանութներով եւ հողերով ընկել է «պլանի տակ»:



- Լավ,- հարցրեց Ախանես աղան Փանոս աղային, երբ երեկոյան փակում էին խանութները,- ապա մասնավոր առեւտրականները ո՞նց պիտի գործ անեն:



- Մասնավորները գործ չպիտի անեն,- պատասխանեց Փանոս աղան,- մասնավոր առուտուրը պիտի վերջանա:



Ախանես աղան նայեց իր խոսակցին եւ խորին համոզմունքով առարկեց.



- Առանց մասնավոր առուտուրի պետություն չի լինի:



- Կլինի,- մռմռաց Փանոս աղան, եւ երկուսն էլ լռեցին:



Երգ չորրորդ



Վիլյամ Սարոյանի հետ



Առաջին հնգամյակի վերջերին Երեւան էր եկել դեռ երիտասարդ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը: Մենք գնում էինք Կապույտ մզկիթ՝ թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:



Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի իր ավանակով:



- Այս էշը ես եմ,- ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:



- Ինչո՞ւ,- զարմացա ես:



- Իմ հայրս միշտ ինձի կըսեր,- երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,- եղավ պատասխանը:



Վիլյամ Սարոյանը այլեւս Երեւան չի եկել: Եթե հիմա գա, հազիվ թե հիշի իր հորը: Այո, եթե այսօր Երեւանի փողոցներում ավանակի հանդիպես, բռնիր եւ հանձնիր միլիցիային: Միլիցիան կհանձնի իր օրինական տիրոջը` կենդանաբանական այգու տեսչությանը…



Երգ հինգերորդ



Մկրտիչ Արմենի ահազանգը



«Մեռնում է հին, դարավոր Երեւանը»,- ահազանգեց արձակագիր Մկրտիչ Արմենը դեռ 1931 թվականին իր «Երեւան» վեպում:



Եվ ի՞նչ էր այդ հին Երեւանը,- հողաշեն տներ` տափակ կտուրներով, գավառական փոշի, գավառական ձանձրույթ:



Եվ ի՞նչ էր այդ հին Երեւանը,- նեղ, ծուռումուռ քուչաներ, ռուսական եկեղեցի, պարսկական բաղնիք ու չայխանա, հայկական [անընթեռն.] ու թեմական քաշքշուկ…
Երեւան բաղ եմ արել…



Սովետական կարգերը թեւ տվին հանճարեղ ճարտարապետին, ու աշխարհ եկավ նոր թամանյան Երեւանը:



Աշխարհ եկավ եւ սկսեց աճել Սասունցի Դավիթի նման, արագ, տիրական, ամուր: Երեւանը դուրս եկավ իր ափերից, ասպատակեց բլուրները… [անընթեռն.] վերածնեց Արաբկիրը, Շահումյանը, Նոր Արեշը, Քանաքեռը…



Հին Երեւանը, որն Արմենի գրքում վառվում է արեւելյան ֆանտաստիկ, կախարդական գույներով, այսօր պատմություն է ու ռոմանտիկա: Դրա փոխարեն որոտում է նոր Երեւանը` իրական, շոշափելի, տեսանելի եւ լսելի Երեւանը, շքեղ քաղաքամայրը Սովետական Հայաստանի:



Վերջերգ



Գարնանային արեւով ողողվել է Երեւանը:



Գուցե ոչ մի տեղ գարունն այնպես զգալի չէ, որքան մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում: Եվ այդ հասկանալի է: Մանկությունն ինքը հենց գարունն է, անկախ նրանից, թե գարո՞ւն է, ամա՞ռ, աշո՞ւն է, թե՞ ձմեռ…



Գարունը կրկնակի գարուն է Կիրովի անվան մանկական այգում: Գարուն` գարնան հետ, գարուն` ողողված գարունով, գարուն` գարունված գարուններով: Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երեւանի մասին, չես կարող չհիշել հինը…



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ