Քաղաքագրություն․ Իշխան Դոնդուկով-Կորսակովի այցը Երևան

Քաղաքագրություն․ Իշխան Դոնդուկով-Կորսակովի այցը Երևան

1883 թվականի հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով Երեւանի նահանգ ժամանեց Կովկասյան եւ Ղրիմյան պատերազմների գլխավոր գործող անձերից մեկը՝ ցարական Ռուսաստանի գեներալ Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակովը: «Երեւանի հայտարարություններ» թերթի հոկտեմբերի 15-ի համարը բացվում է այս այցի մանրամասն, հույժ ընդգրկուն նկարագրությամբ: Իշխանին դիմավորելու է դուրս եկել ամբողջ քաղաքը:



 



Ամսի 11-ին, ճաշի ժամը 4-ին, Երեւանը բախտ ունեցավ ընդունել ամենաբարձր հյուրի` իշխան Դոնդուկով-Կորսակովին: Այդ օրը, դեռ առավոտվանից քաղաքը զարդարվեց սպիտակ, կապույտ եւ կարմիր գույներով: Ամեն մեկն անհամբեր սպասում էր տեսնել իրեն իշխող բարձր անձնավորությանը եւ ընդունել նրան իր կարոտած գրկում: Վերջապես հասավ այդ ցանկալի րոպեն, եւ ամբողջ կովկասյան կառավարչապետը մուտք գործեց Երեւան: Մեծ էին քաղաքիս ազգաբնակչության ուրախության ցույցերը, մի կողմից երաժշտությունը, մյուս կողմից դափ ու զուռնան, մյուս կողմից փառավոր ճրագավառությունը եւ ժողովրդի խառը բազմությունը մի նոր զարդ եւ կենդանություն էր տալիս մեր ամեն բանից զրկված եւ անկենդան քաղաքին: Մյուս օրը Նորին Պայծառափայլությունը բարեհաճեց այցելել բերդի ռուսաց եկեղեցի, տեսնել զորքերը, հետո հայոց հոգեւոր դպրոցը, եկեղեցին, մեչիդը, գիմնազիան, Ռուսաց եւ Հայոց Օրիորդաց դպրոցները եւ ուսուցչական սեմինարիան: Ըստ երեւույթին, այս բոլորից նա գոհ էր մնացել:



Երեկոյան կրկին ճրագավառություն կար, եւ իշխանը բարեհաճեց ընդունել քաղաքի եւ ազնվականության կողմից տրված ճաշը քաղաքային կլուբում: Ճաշին հրավիրված էին 120 հոգի, բայց ներկա եղան միայն 95 հոգի: Ճաշի ժամանակ պ. քաղաքագլուխը շնորհավորեց քաղաքի կողմից Նորին Պայծառափայլության գալուստը եւ մի գեղեցիկ ատենաբանությամբ բացատրեց, թե քաղաքն ինչ բարիքներ է սպասում Նորին Պայծառափայլությունից: Նորին Պայծառափայլությունը համառոտ եւ ազդու կերպով պատասխանեց պ. քաղաքագլխին համարյա հետեւյալ խոսքերով.



«Շնորհակալ եմ այն համակրությունից, որ քաղաքը ցույց տվեց ինձ. խոստանում եմ ձեզ օգնական եւ պաշտպան լինել, ձեր այն բոլոր խնդիրների իրագործությանը, որոնք հակառակ չեն լինի պետության օրենքներին եւ շահերին եւ որոնք օգտավետ կլինեն Երեւանի ամբողջ հասարակությանը, առանց խտրականության կրոնի եւ ազգության»: Դրանից հետո բժիշկ Զելինսկին բժիշկների խմբի կողմից Նորին Պայծառափայլությանը դիմեց կենաց բաժակով եւ ցանկացավ, որ Նորին Պայծառափայլությունը առանձին խնամք տածի բժշկական խմբին: Դրան եւս պատասխանեց Նորին Պայծառափայլությունը՝ հայտնելով, որ իր պարտականությունն է տարածել իր հովանավորությունը եւ պաշտպանությունը իր կառավարության ներքո գտնված բոլոր դասակարգերի վրա` հավասարապես: Ճաշի ժամանակ հետեւյալ կենացները խմեցին. Փանախանը առաջինը առաջարկեց իշխանի կենացը ազնվականության կողմից, հետո պ. քաղաքագլուխը քաղաքի կողմից, եւ իշխանը երկուսին միասին պատասխանեց՝ առաջարկելով իր ջերմեռանդ ցանկությունը ամբողջ Երեւանյան նահանգի առաջադիմությանը եւ բարօրությանը: Հյուրերը ճաշի էին հրավիրված երեկոյան ժամը 7-ին: Նորին Պայծառափայլությունը եկավ 8-ին եւ նստեց սեղանի: Ճաշկերույթը տեւեց 1 ժամ, որից հետո մոտ կես ժամ իշխանը իր համար պատրաստված սենյակում սուրճ վայելելով, խոսում էր գլխավորապես պ. քաղաքագլխի հետ՝ քաղաքին վերաբերվող գործերի մասին: Իսկ հետեւյալ օրը, ամսի 13-ին, ժամը 8-ին առավոտյան Նորին Պայծառափայլությունը ուղեւորվեց դեպի Տփխիս:



«Երեւանի հայտարարություններ», 1883 թիվ, 15 հոկտեմբերի