Ուշ թե շուտ երկրաշարժ է

Ուշ թե շուտ երկրաշարժ է

Առավոտյան արթնանում եմ, մոտենում պատուհանին: Դանդաղահոս կադրի մեջ շենքերը փուլ են գալիս: Խուլ, երբեք չընդհատվող դղրդոց ականջներիս մեջ, փլատակներից բարձրացող փոշու խեղդահամ լեզվիս տակ: Գիշերը դեմքով դեպի 88 թվի ճաք տված պանելը, ասես մարմինս ծաղրող մահվան կաթիլ լինի, դագաղի կափարիչ, որ գիտեմ՝ ուշ թե շուտ ծածկելու է պատկերս:



 



25 տարի անց իմ ներսում երկրաշարժի սպասումը կանաչ խոտի թարմություն ունի: Եվ ահռելիորեն դժվար է նկարագրել, հասկանալ ականատեսների ու տուժածների զգացմունքները: Մղձավանջը ճիչ է, իսկ ճիչը բնագրի չի վերածվում: Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 25 ամյակը: Տեղական ժամանակով 11-ն անց 41 րոպե, 8-9 բալանոց երկրաշարժին զոհ գնաց 30 հազար մարդ, անօթեւան մնացածների թիվը՝ 514 հազար: Մեկ քառորդ դար է անցել, բայց 4 հազար մարդ դեռեւս «ժամանակավոր կացարաններում» է պահպանում գոյությունը:



 



Երկրաշարժը խլեց հազարավոր կյանքեր, իր ետեւից թողեց չմակարդվող ավերածություն, փաստացի խլեց` ոչինչ չտալով: Աղետի նախօրեին եւ աղետից հետո փորձառությունը, որ ուզած թե չուզած ստացանք անմարդկային օրերից, ի՞նչ ուսուցանեցինք, եւ որքանո՞վ ենք հիմա սթափ: Մոռացե՞լ ենք արդյոք հաջորդ արհավիրքը, որը, ինչ խոսք, գալու է: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հավաստիացնում է, որ այժմ գործելու ավելի լավ համակարգ է ստեղծված, որ իրենք, համաշխարհային լավագույն փորձը Հայաստան բերելով, կարող են ավելի արդյունավետ աշխատել:



 



Այնուհանդերձ, սրանք խոսակցություններ են` չճշտված, շոշափելի իրականությունից դուրս: Երկրաշարժից հետո ինչ կարող ենք անել` կարեւոր է, բայց պակաս կարեւորություն չունի, թե ինչ ենք ՀԻ՛ՄԱ անում: Որքանո՞վ է երկրաշարժին հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ Հայաստանի շարքային քաղաքացին: Երկրները, ժողովուրդները, որոնք տեսել են արհավիրքի ծանրագույն փորձը, անկախ ամեն ինչից, պատրաստվում են հաջորդին, որովհետեւ միայն այսպես, դասեր քաղելով, ճանաչելով հայրենիքի բնաշխարհը, աղետի պատճառահետեւանքային կապը, կարելի է պաշտպանվել ու դիմակայել: Տոկիոյի բնակչության զգալի մասը գիտի, որ ամեն վայրկյան երկրաշարժը հնարավոր է, եւ գիտի իր անելիքը: Երկրաշարժի մասին անընդմեջ հիշեցումը, գործնական պարապմունքները կրթում են մարդկային միտքը, մարզում զգոնությունն ու կամքը: Արձակագիր Վահան Թամարյանը «Գոյության առեղծվածին մերձ» գրքում գրում է. «Մենք բուն ՍԿԶԲԻ մասին որեւէ պատկերացում չունեինք: Այնինչ, ժամը 11-ն անց 41 րոպեն վաղուց էր ներխուժել Հայաստան», եւ գիրքն ավարտում է զգոնության այս տողերով. «…Հե՜յ, հայորդի, ողբացի՞ր: Ուրեմն, ե՛լ: Սրբիր արցունքներդ: Թափ տուր ծնկներիդ փոշին: Ուղղիր մեջքդ: Եվ ձիգ տուր` Զանգակատան պարանը ձգիր, հե՜յ, Տիգրան Մեծի զարմ»:



 



Զանգակատան պարանը, որ տկարության իրավունք չունի: Սեփական պատմությունը, որ արհամարհվելու համար չի գրվել:  Մեր պատմության հանդեպ բարբարոսի վերաբերմունքը, չիմացության ճղճիմությունը, որի համար հատուցելու ենք մինչեւ վերջ: Ինչո՞ւ է միշտ այսպես: Ո՞ւմ փորձառությանն է պատկանում Դվինի երկրաշարժը: 1319 թվի Անիի երկրաշարժը: 1679 թվի հունիսի 4-ի Երեւանի 8-9 բալանոց կործանիչ երկրաշարժը, որի արդյունքում քաղաքը հողին հավասարվեց: Ավերվեցին բոլոր եկեղեցիները, մզկիթները, բերդը, տները, խանի ապարանքները, բաղնիքները, այգիները, կամուրջները: Երեւանը 7 հազար 600 մարդկային զոհ տվեց: Ըստ պատմագիր Զաքարիա Սարկավագի` «Արարատյան աշխարհը ճոճվում էր, որպես նավն ալեկոծության ժամանակ»: Վաճառական, ժամանակագիր Զաքարիա Ագուլեցին վկայում է. «Երկրաշարժից հետո Երեւանում սաստիկ սով սկսվեց: Մարդիկ անասունի պես կանաչի էին արածում, աթար ու հող ուտում»:



 



1840 թվի հունիսի 20-ի Մասիսների շրջակայքի երկրաշարժը, որ ցեխի ու սառցախյուսի հսկայական զանգվածի տակ ամբողջովին թաղեց Ակոռի գյուղն իր բնակիչներով: Երեւանի 1846 թվի հոկտեմբերի 19-ի երկրաշարժը: Երեւանի 1937 թվի հունվարի 6-ի երկրաշարժը: Երեւանի 1965-66 թվերի առավել թույլ ցնցումներով երկրաշարժերը: 1988 թվի Սպիտակի երկրաշարժը: Ո՞ւմ են պատկանում այս աղետները: Ո՞ւմ մասին է այս պատմությունը, երբ օր օրի խարխլվում է քաղաքի ընդերքը, որտեղ պատահի՝ իրար ետեւից սերտաճում են բարձրահարկ շենքերը, համալրվում վթարայինները: Հայաստանում իշխանությունն ապրում է բանականության տիրույթից դուրս: Նրա բնազդները միայն կենդանական են: Իշխանությունը սթափվելու, կանգ առնելու գիտակցություն այլեւս չունի: Իսկ մենք աղետից փախչել չենք կարող: Մեկ է՝ ինչքան արագ լինի վազքը, մեր ուսին երկարելու է նրա ձեռքը, ու հայազգի Սաֆարը մեր ականջին շշնջալու է.



 



Շարժ ելաւ ու թռաւ սուն ու գերանը,



 



Ջարդեցաւ մէջք ու պէջքը, աչքն ու բերանը,



 



Շրջեցավ պարիսպը, փլավ խորանը,



 



Չարութիւն բերեց Երեւանայ…



 



Առավոտյան արթնանում եմ, մոտենում պատուհանին: Դանդաղահոս կադրի մեջ շենքերը փուլ են գալիս: Խուլ, երբեք չընդհատվող դղրդոց ականջներիս մեջ, փլատակներից բարձրացող փոշու խեղդահամ լեզվիս տակ: Գիշերը դեմքով դեպի 88 թվի ճաք տված պանելը, ասես մարմինս ծաղրող մահվան կաթիլ լինի, դագաղի կափարիչ, որ գիտեմ՝ ուշ թե շուտ ծածկելու է պատկերս:



 



Արամ ՊԱՉՅԱՆ