Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ

Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:



Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978-1985 թթ.` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն, 1984-1985 թթ. միաժամանակ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն: 1988-1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետն էր, 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:



Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր։ Նրա աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:



Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998 թվականից) էր, «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003 թվականից):
Մինչև կյանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղյանն աշխատել է Մանկավարժական համալսարանում և իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել ուսանողներին:
Լավրենտի Բարսեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-20:00-ն, Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդի/: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: