Դեկտեմբերի 10-ին ընդառաջ

Դեկտեմբերի 10-ին ընդառաջ

Հայտնի է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը դեկտեմբերի 10-ին քննարկվելու է ՌԴ Պեդումայում: Սա պետք է, որ հետաքրքիր հիշողություններ արթնացնի ուչիշխանական եռյակի մեջ: Այո, հոկտեմբերի 10-ին, ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնության ստորագրման օրը, եռյակը դարձյալ զանգվածային միջոցառումնեի մեջ էր: Ի՞նչ է սա՝ պատահական համընկնո՞ւմ, թե՞ ապագա ԵՏՄ-ն դիտմամբ այնպես է անում, որ իր հերթական միջոցառումը համընկնի Հայաստանի ոչիշխանական եռյակի գործողություններին: Իսկ գուցե պարզապես եռյակի բախտը չի՞ բերում:



Ինչ էլ լինի, եռյակը պարտավոր է այնպես անել, որ Պետդումայում մեր պայմանագրի քննարկումը խլացվի եռյակի զանգվածային միջոցառման իշխանափոխության հերապահ մարտակոչերի մեջ: Բանն այն է, որ Պետդումայում քիչ չեն այն պատգամավորները, ովքեր, ի տարբերություն հայ պատգամավորների, այնքան էլ ոգևորված չեն ԵՏՄ գաղափարով և այդ առիթը բաց չեն թողնի հայտարարելու հաար, որ Ռուսաստանն իրեն է միացնում ձրիակերների: Դեկտեմբերի 10-ին եռյակի խնդիրը, փաստորեն, ՀՀ ԱԺ խայտառակությունը կոծկելն է լինելու: Իսկ որ ՀՀ ԱԺ-ն իրեն պահեց ոչ ադեկվատ, դրանում ոչ մի խոսք:



Չէր կարելի լինել ռուսից ավելի ռուս, Պուտինից ավելի Պուտին, Լուկաշենկոյից ավելի Լուկաշենկո և, վերջապես, Նազարբաևից ավելի Նազարբաև: Մեզ այդ օրը հարկավոր էր ընդամենը 56 ձայն, որպեսզի ՀՀ ԱԺ-ն հավանություն տար ԵՏՄ պայմանագրին միանալու Հայաստանի որոշմանը: Դա նշանակում է, որ թեկուզ ներքին պայմանավորվածությունների արդյունքում կարելի էր մի քանի հատ ավելի «դեմ» ցույց տալ, որպեսզի Ռուսաստանում չզգուշանային մեզանից՝ թե տեսնես ինչո՞ւ են այս հայերը այսպես գլխապատառ վազում ԵՏՄ:



Դեռ հարց է, թե որքան բազմամարդ կլինի եռյակի՝ դեկտեմբերի 10-ի հավաքը: Պարզ չէ նաև՝ դա կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հավա՞ք, թե՞ ընդդիմության օլիգարխիկ թևը հանկարծ խիստ հետաքրքրվածություն հանդես կբերի մարդու իրավունքների հանդեպ: Մի բան, սակայն, աներկբա է՝ դա լինելու է այսպես կոչված եռյակի վերջին քաղաքական բաբախյունն այս տարի: Հուսանք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անիծող եռյակը Նոր տարուց առաջ մի քանի գեղեցիկ խոսք կասի Հովիկ Աբրահամյանի երիցս անճարակ կառավարության մասին, որ այնպես չստացվի, թե ներկա թանկացումները բացառապես Տիգրան Սարգսյանի կառավարության ժառանգությունն է: