Ո՛չ այսօր, բա ե՞րբ

Ո՛չ այսօր, բա ե՞րբ

Դասական երաժշտության ներքո մուտք գործեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա շրջեց սրահներում, դեմքի հավանության արտահայտությամբ տեղավորվեց աթոռին՝ Անահիտ Բախշյանի կողքին: Ցերեկույթն սկսված է: Երեկ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիկ նվագախումբը դարձավ 20 տարեկան: Մշակութային օջախի վերանորոգումից հետո բացման արարողությունն էր: Վերանորոգման հովանավորն էլ՝ քաղաքապետարանը: Անահիտ Բախշյանն էլ հայտարարեց, թե առաջին անգամ «չարաշահել է» իր դիրքը. «Ես այս հարցում, այո՛, չարաշահել եմ իմ լիազորությունները: Այնքանով, որքանով ավագանու անդամ եմ, օգտագործեցի այդ հնարավորությունը»:



Իսկ Տարոն Մարգարյանն էլ շտապեց օգտագործել իր լռելու հնարավորությունը: Քաղաքապետը մերժեց պատասխանել մեր հարցերին՝ կապված երթուղային վարորդների բողոքի հետ, իսկ երբ խոստացանք այդ հարցին չանդրադառնալ, առաջարկեցինք խոսել, օրինակ, տարվա ձեռքբերումների եւ բացթողումների մասին, ասաց. «Ո՛չ այսօր: Տարին դեռ չենք ամփոփել»: Ի դեպ, եթե նկատել եք, մեր քաղաքապետն առանձնապես ելույթ ունենալու սիրահար չէ: Չնայած երթուղային տաքսիների վարորդները հայտարարեցին, որ բողոքը դադարեցնում են մինչեւ հունվարի 15-ը, այնուամենայնիվ, նրանց «զայրույթն» արդեն տեղ է հասել: Քաղաքում երթեւեկությունը դարձել է անկանոն, չնայած դրանից առաջ էլ ամեն ինչ իդեալական չէր: Հիմա արդեն ժամը 7-ից հետո քաղաքի տարբեր մասերի կանգառներում մարդկանց մեծ բազմություն կարելի է նկատել: